ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ նախկին անդամ, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում 18-րդ տեղը զբաղեցրած Կարապետ Ռուբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի կարող ասել՝ ի վերջո, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչիկ Քոքոբելյանին խաբել, թե հակառակն է եղել: Նա հավելեց, որ քաղաքական զարգացումները նախանշում են, որ կուսակցությունները բաժանվելու են:
-Պարո՛ն Ռուբինյան, Դուք ո՞ւմ կողմնակիցն եք՝ Քոքոբելյանի՞, թե՞ Հովհաննիսյանի:
-Դե, ինչպես գիտեք, ես հասարակական սեկտորի ներկայացուցիչ էի այդ ցուցակում, բնականաբար, ես ոչ մեկի կողմից էլ չեմ, առավել եւս, որ այդ խոսակցություններին, որի մասին ակնարկում են կողմերը, ես մասնակից չեմ եղել, ուրեմն որեւէ կողմին հարելու որեւէ հիմք չունեմ:
-Բայց ճանաչելով Քոքոբելյանին եւ Հովհաննիսյանին, ըստ Ձեզ՝ ո՞վ է ում խաբել:
-Գիտեք ի՞նչ կա, ես չեմ ուզում այդպիսի հարցի պատասխանել, քանի որ որեւէ հիմք չունեմ որեւէ մեկին ստախոս համարելու կամ հակառակը:
-Նշվում է, որ Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի միջեւ խորհրդարանական ընտրություններից առաջ է պայմանավորվածություն եղել՝ ԱԺ պատգամավորական մանդատները վայր դնելու հետ կապված: Դուք տեղյա՞կ եք եղել, որ երկու կուսակցության առաջնորդները նման պայմանավորվածություն են ունեցել:
-Ո՛չ, ես որեւէ տեղեկություն չեմ ունեցել:
-Ընկերական շրջանակում ե՞ւս չեք քննարկել, որ նման նպատակ ունեն:
-Ո՛չ, նման խոսակցություններ չեն եղել խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ ընտրություններից անմիջապես հետո նման քննարկում եղել է, ես արդեն ասել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մի ամփոփիչ հանդիպում եղել է, որի ընթացքում այդպիսի խոսակցություններ եղել են, որ ցուցակի սկզբնամասից պետք է հրաժարականներ տան, որպեսզի վերջնամասից մարդիկ գան անցնեն, այդ թվում նաեւ իմ անունն է տրվել: Բայց ես որքան հիշում եմ, Քոքոբելյանը ներկա էլ չէր այդ խոսակցությանը:
-Իսկ ովքե՞ր են ներկա եղել:
-Արդեն նշեցի, որ ընտրություններից հետո է եղել նման հանդիպում, ամփոփիչ հանդիպում, ներկա եմ եղել նաեւ ես, ի դեպ, դա իմ վերջին հանդիպումն է եղել «Ժառանգություն» կուսակցությունում, որտեղ այդպիսի խոսակցություն եղել է: Բայց որեւէ որոշում չի կայացվել, եւ արդեն նշեցի, որ ինչքան հիշում եմ, Քոքոբելյանն այդ հանդիպմանը չէր մասնակցում:
-Եթե անգամ նման պայմանավորվածություն է եղել, ինչո՞ւ Քոքոբելյանը որոշեց վերցնել պատգամավորի մանդատը, եւ ինչո՞ւ այդ պայմանավորվածության մասին շուտ չէր բարձրաձայնում Հովհաննիսյանը:
-Առաջին՝ հարցը պետք է ուղղեք Քոքոբելյանին, քանի որ ես որեւէ բան չեմ կարող ասել, եթե ենթադրենք, որ անգամ նման պայմանավորվածություն է եղել, ապա եթե այդպիսի հարց կար, դա պետք է ծագեր հենց առաջին օրը, երբ Քոքոբելյանը վերցրեց այդ մանդատը, չէ՞: Բայց այդ հարցը առաջին օրը չի ծագել: Ես չեմ կարող ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ պայմանավորվածությունների մասին, որ խոսում է, որ ժամկետի համար է ասում: Ես, այդ ամենի հետ կապված, որեւէ բան չեմ կարող ասել:
-Ի վերջո, քաղաքական «ապահարզան» լինելո՞ւ է «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միջեւ, թե՞ «լեզու կգտնեն»:
-Նախորդ զարգացումները կարծես թե բերում են այդպիսի հանգուցալուծման՝ ապահարզանի ձեւով: Այստեղ շատ կարեւոր էր՝ արդյոք քաղաքական շահ կա, թե չկա, եւ այդ շահի գիտակցումը, եթե երկու կողմերն էլ, երկու գործիչներն էլ, այնուամենայնիվ, որոշում են, որ քաղաքական շահը պահանջում է հաշտվել եւ ինչ-որ ձեւով առաջ շարժվել: Եթե չկա այդպիսի գիտակցում, ապա ուղղակի կբաժանվեն: Դե կարծես թե նախանշաններ չկան «լեզու գտնելու» համար: Կապրենք, կտեսնենք:
ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ՆԵՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ