ԲՀԿ-ՈՒՄ ԼՈՒՌ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնալով ավելի ու ավելի տեսանելի է դառնում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարզապես «կրակն է ընկել»  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ձեռքը: Այսօր արդեն առանց վարանելու կարելի է պնդել, որ Օսկանյանին ներդնելով ԲՀԿ-ում, Ռոբերտ Քոչարյանը լուծեց իր ազդեցությունից դուրս գալու հստակ քայլեր կատարող Գագիկ Ծառուկյանին կրկին վերահսկելի  դարձնելու խնդիրը:
Անշուշտ, ԲՀԿ կազմում ներդրվեցին նաեւ մի քանի այլ քոչարյանական կադրեր՝ ի դեմս  նախկին նախագահի ռեֆերենտ  Վահե Հովհաննիսյանի, նրա կնոջ ընկերուհու` Էլինար Վարդանյանի եւ էլի մեկ-երկու հոգու (Սերժ Սարգսյանն այդպես էլ թույլ չտվեց, որ այդ շարքը համալրեն  Երվանդ Բոզոյանն ու Անդրանիկ Թեւանյանը), սակայն քոչարյանական սցենարի գլխավոր հերոսը, իհարկե, Վարդան Օսկանյանն է, որն իր առաքելության իրականացումը սկսեց հենց մարտի 17-ին  ԲՀԿ համագումարում ունեցած  ծայրահեղ ընդդիմադիր  ելույթով, որից այն ժամանակ կուսակցության ղեկավարությունն ուղղակի ապշած մնաց:
Պատահական չէ, որ դրան հետեւած ամիսներին Օսկանյանի բոլոր հայտարարություններին ԲՀԿ-ից արձագանքում էին, թե դա նախկին արտգործնախարարի անձնական տեսակետն է: Ու որքան էլ ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելը Հայ ազգային կոնգրեսի որոշ անդամներ փորձեն ներկայացնել որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռատես «քաղաքագիտական վերլուծության» եւ Կոնգրեսի` բաժանի՛ր, որ տիրես սկզբունքով իրականացված քաղաքականության արդյունք, իրականում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարաձայնությունների առաջացման ու խորացման հիմնական պատճառը Վարդան Օսկանյանն է: Ընդ որում,  երկու կողմերն էլ դա շատ լավ գիտակցում են: Երբ ԲՀԿ-ն իրեն հայտարարեց ընդդիմություն կամ այսպես ասած` այլընտրանք, քաղաքական հնաբնակները նշեցին, որ կհավատան Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն, եթե «նալոգվին մտնի ու դուրս չգա նրան պատկանող օբյեկտներից»: Ինչպես տեսանք, այս ընթացքում նման բան տեղի չունեցավ, փոխարենը այն մտավ ու ոչ մի կերպ դուրս չի գալիս Վարդան Օսկանյանի «օբյեկտից»` «Սիվիլիթաս»-ից:  
Անցած հինգ ամիսներին Սերժ Սարգսյանը համբերատար սպասում էր, որ Ծառուկյանը որեւէ կերպ լուծի  իր կուսակցությունում ներդրված «ականի» հարցը, որից հետո հնարավոր կլիներ վերականգնել նախկին հին ու բարի հարաբերությունները: Սակայն  տեսնելով, որ Ծառուկյանն այդպես էլ չի կարողանում այդ խնդիրը լուծել, ՀՀԿ ղեկավարն անցավ ավելի կոշտ մեթոդների` արդեն ոչ միայն Օսկանյանի, այլեւ ԲՀԿ-ական  նախկին նախարարների ղեկավարած ոլորտներում  մեծածավալ խախտումների բացահայտման տեսքով: Եվ կախված Ծառուկյանի հետագա քայլերից՝ պարզ կդառնա նաեւ քաղաքաշինության եւ առողջապահության նախկին նախարարների ճակատագիրը:
Պարզ ասած` Ծառուկյանն այսօր կանգնած է շատ բարդ երկընտրանքի առաջ. սեփական նախագահական ամբիցիաների համար առանց վարանելու ԲՀԿ-ն օգտագործող Վարդան Օսկանյանի՞ն պաշտպանել, թե՞ անցած տարիներին կուսակցությանը եւ անձամբ իրեն հավատարիմ կերպով ծառայած Վարդան Վարդանյանին,  Հարություն Քուշկյանին, Արթուր Գրիգորյանին եւ մյուսներին: Ակնհայտ է, որ առաջին տարբերակն ընտրելու դեպքում Ծառուկյանը ստիպված է լինելու «հանձնել» իր հավատարիմ զինակիցներին, իսկ Օսկանյանին «հանձնելու» դեպքում կարող է խնդիրներ ունենալ Քոչարյանի հետ: Չնայած Օսկանյանի  նկատմամբ առաջադրված  փողերի լվացման մեղադրանքով Սերժ Սարգսյանը, ըստ էության,  ինչ-որ չափով հեշտացրել է Ծառուկյանի ընտրությունը:
Իսկ մինչ այդ  ձեւավորվել է մի իրավիճակ, երբ այս ամենի արդյունքում  ԲՀԿ առաջնորդն անցած ամիսներին որեւէ հրապարակային ելույթով հանդես չի եկել, այդպես էլ չի մտել նորընտիր խորհրդարան եւ երբեւէ չի մասնակցել  սեփական խմբակցության նիստերին: Ավելին, որպես հրապարակային ֆիգուր՝ Ծառուկյանն այսօր դադարել է գոյություն ունենալուց: Նա կա՛մ արտերկրում է, կա՛մ էլ, լավագույն դեպքում, սեփական կոնյակի գործարանում` կիսագաղտնի հանդիպումների մեջ: Ու ստացվել է այնպես, որ այսօր քաղաքական առումով ԲՀԿ-ի առաջնորդը դարձել է Վարդան Օսկանյանը, քանզի հենց նա է ԲՀԿ-ի անունից հանդես գալիս «ֆեյսբուքյան» քաղաքական վերլուծություններով, հենց Օսկանյանի շուրջ են պտտվում ԲՀԿ-ին ուղղված բոլոր հարցադրումները:
Օսկանյանն այսօր առանց կռվի զավթել է ԲՀԿ առաջնորդի աթոռը, որն  արդեն մի քանի ամիս է` Ծառուկյանի  որդեգրած «գործուղումային» կեցվածքի արդյունքում հրապարակային առումով  թափուր էր մնացել: Եվ այս իրավիճակում բավական խոսուն էին Օսկանյանի` նախագահ առաջադրվելու հրապարակային պատրաստակամությունն ու դրան հետեւած ԲՀԿ քար լռությունը:
Թե ինչով կավարտվի ԲՀԿ ներսում ընթացող այս լուռ իշխանափոխությունը, եւ արդյոք այն ավարտին կհասնի, պարզ կդառնա արդեն  առաջիկա ամիսներին: Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ ցանկացած ելքի դեպքում էլ Գագիկ Ծառուկյանի համար կորուստները մեծ են լինելու: Մնում է ընտրել կորստյաց փոքրագույնը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս