ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մոտ 20 տարի առաջ մեր բնակարանը գազաֆիկացվել է: Վերջերս վերանորոգել ենք եւ որոշակի ձեւափոխությունների ենթարկել: Նախկինում խոհանոցում գազի կետ չկար, եւ մենք մեր ուժերով այն նույնպես գազաֆիկացրել ենք: Հիմա տեսուչն ասում է, որ խոհանոցի գազաֆիկացումն անօրինական է, եւ խախտումներ ենք թույլ տվել: Ու քանի որ արդեն բոլոր աշխատանքներն ավարտված են, մենք կա՛մ պետք է հանենք այդ կետը, կա՛մ նրանց վճարենք այն գումարը, որը ծախսել ենք այդ կետի վրա: Ես հիմա ի՞նչ կարող եմ անել:

Կարապետ Վարդանյան (Արմավիրի մարզ, գյուղ Լուկաշին, Թամանյան 26) 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2005թ. N199Ն որոշմամբ հաստատված կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ բնակիչ) պայմանագրի հավելված N 1-ի դրույթների համաձայն՝ բաժանորդը պետք է պահպանի ներտնային համակարգի օգտագործման եւ բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները եւ պահանջները, մասնավորապես չկատարի գազատար խողովակների ապօրինի միացումներ, նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումների տեղափոխումներ կամ լրացուցիչ սարքավորումների ինքնակամ միացումներ:
Բաժանորդ Կարապետ Վարդանյանը խախտել է պայմանագրի նշված պայմանները: Թերությունները վերացնելու համար բաժանորդը պարտավոր է գրավոր դիմել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Արմավիրի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ) կետի ավելացման կամ տեղափոխման համար, ներկայացնել ծխատար եւ օդատար ուղիների պիտանելիության ակտը: Տեխնիկական պայմանների առկայության դեպքում ԳԳՄ-ն հաստատում է դրանք եւ կազմում նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Բաժանորդի կողմից սահմանված կարգով վճարումները կատարելուց հետո նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվում են շին-հավաքակցման աշխատանքները:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժին


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Այսինքն՝ ինչպես պարզ դարձավ «Հայռուսգազարդ»-ի պատասխանից, այս պարագայում բաժանորդը ոչ միայն պետք է բախվի թղթաբանության հետ, այլեւ նորից ստիպված լինի մեծ գումարներ ծախսել, որպեսզի կարողանա իրականացնել իր բնակարանի գազաֆիկացման աշխատանքները:




Լրահոս