Ժողովւորդ. ՋԱՅԼԱՄԱՅԻՆ. Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում իրականացվող բարեփոխումների` դատաիրավական համակարգի անկախացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ազատությունների եւ հանրության մոտ «էս երկիրը երկիր չէ» մտածողության վերացման ուղղությամբ իշխանությունների եւ անձամբ Սերժ Սարգսյանի պաթետիկ ելույթների ձեւական ու զուտ քարոզչական բնույթն ակնհայտ է դառնում, երբ այդ ամենը փորձում ենք դիտարկել կոնկրետ մեկ շարքային քաղաքացու օրինակով: Լինի դա պետական կարիքների զոհ, բանակում զոհված զինծառայողի ծնող, սոցիալական նպաստից ապօրինի զրկված կարիքավոր, իր սեփականությունը տնօրինելու կարողությունից զրկված մարդ, թե որեւէ այլ «կոտրված» քաղաքացի, որի միակ պաշտպանը պետք է լինի ՀՀ Սահմանադրությունն ու երկրի նախագահի արտասանած գեղեցիկ մտքերի` առօրյա կիրառությունը:
Իրականության մեջ Սերժ Սարգսյանի «բարեփոխած» «ավելի լավ Հայաստանի» մասին բոլոր խոստումները պայթում են ՀՀԿ-ականների համերգի ժամանակ պայթած փուչիկների նման, որոնց համար ողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի կառուցած «օրենքի երկրի» «անկախ» դատաիրավական համակարգը բարդեց մի խեղճուկրակ, երկու անչափահաս երեխաների հայր, քաղցկեղով հիվանդ Սուրեն Բոզոյանի վրա: Եւ այն բացահայտ ցինիզմը, որով իրականացվեց այդ գործընթացը, ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած կուսակցությունն իրականում առանձնապես չեն  էլ մտահոգվում, թե ինչ կմտածի իրենց մասին ժողովուրդը, քանի որ իրենք բոլորից լավ գիտեն սեփական խոստումների արժեքը, եւ որ ամենատխուրն է` նաեւ այդ նույն ժողովրդի քվեի գինը: Փուչիկների գործը նախ եւ առաջ նվաստացուցիչ պետք է լիներ իրենց հարգող հանրապետականների համար, որոնք գիշերը՝ քնելուց առաջ, գոնե մի պահ պետք է մտածեին՝ այն, ինչ անում են, երբեւէ ներում կունենա՞: 
Կարծում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որը հավատում է, որ շուրջ 200 հոգու այրվածքների պատճառը եղել է միայն Բոզոյանը, որը, ի դեպ, զգուշացրել է ՀՀԿ-ականներին, որ իր լիցքավորած փուչիկները վտանգավոր են: Եւ ուրեմն ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը թույլ տալիս ամեն օր եւս մեկ ապացույցով հարստացնել «այս երկիրը երկիր չէ» ձեւակերպման արդարացված լինելու իրողությունը: Ի վերջո, բանականությունը հուշում է, որ կոռուպցիայի, «ատկատների» եւ այլ արատավոր երեւույթների դեմ անխոնջ պայքարի դուրս եկած ՀՀԿ առաջնորդին այս օրերին առաջնահերթ պակասում է բարձր վարկանիշը: Ու թեեւ Գալուստ Սահակյանն իր առանջորդին հուսադրել էր՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը, դրանից իրավիճակը չի փոխվում: ՀՀԿ առաջնորդի վարկանիշը 70 տոկոսին հասցնելու խոստում տված նրա երիտասարդ թիմի ձգտումներն ապարդյուն են ու նման Հանրապետության հրապարակում հայտնված «Հավատանք, որ փոխենք»-ի ճերմակ փուչիկների ճակատագրին:




Լրահոս