Պաշտոնական վիճակագրությունից տեղեկանում ենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսը նվազել է, ոչ ավել, ոչ պակաս, 190 հազար 700 մարդով: Ու թեեւ այս տվյալները վերաբերում են անցած տարվան, բայց հրապարակվել են ընդամենը երեք օր առաջ:
Այսպես՝ 2014-ի սկզբին Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն 326 հազար 200 մարդ, այսինքն՝ այդքան մարդ, ըստ պաշտոնական վիճակագրության, ի վիճակի էր աշխատել եւ ինչ-որ բան ստեղծել: Ընդ որում, այս թիվը իր մեջ ներառում է Հայաստանի 15-ից 75 տարեկան բոլոր աշխատունակ քաղաքացիներին: 2014 թվականի վերջին պարզվում է՝ Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն 135 հազար 500 մարդ: Իսկ ուր կորան աշխատելու ընդունակություն եւ կարողություն ունեցող մարդիկ: Պաշտոնական վիճակագրությունը չի պարզաբանում. կային, էլ չկան ու վերջ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014-ի սկզբում Հայաստանի զբաղված բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 175 հազար 800 մարդ, իսկ արդեն տարեվերջին աշխատանք ունեցողների թիվը կազմել է 1 միլիոն 111 հազար 700 մարդ: Ինչպես նկատեցիք՝ մեկ տարում աշխատանք ունեցողների թիվը պակասել է 64 հազար 100-ով: Այն, որ անցած տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ ամեն կերպ կրճատում էին իրենց աշխատողների թվաքանակը, դա հայտնի իրողություն է, եւ պայմանավորված էր ՀՀ իշխանությունների վարած հարկային եւ տնտեսական քաղաքականությամբ: Այս փաստը չտեսնելու են տալիս միայն իշխանությունները, սակայն, ինչպես տեսնում ենք, իրենց պաշտոնական վիճակագրությունը եւս վկայում է, որ զբաղմունք ունեցողների թիվը էապես նվազել է:
Մաթեմատիկայի կանոններով եւ մարդկային բանական տրամաբանությամբ, եթե զբաղվածների թիվը նվազում է, նշանակում է՝ գործազուրկների թիվը պետք է ավելանա: Սակայն Հայաստանի պաշտոնական վիճակագրությունն ինչպես եղել է, այնպես էլ մնում է «օրիգինալ»: Այսինքն՝ աշխատողների թվի նվազման հետ միասին արձանագրել են նաեւ գործազուրկների թվի անկում. 2014-ի տարեսկզբին եղել է 253 900 գործազուրկ, տարվա վերջում նրանց թիվը դարձել է 240 հազար 400: Իսկ թե ինչպես են աշխատանք ունեցողների պակասելու հետ միասին պակասել նաեւ գործազուրկները, թերեւս միայն պաշտոնական վիճակագրերի ուղեղին է հասու:
Ի դեպ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս տարվա մարտի դրությամբ կազմում է 72 հազար 958 մարդ: Այս ցուցանիշն անցած տարվա համեմատությամբ աճել է 20,7 տոկոսով: Նշենք, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը միայն զբաղվածության գործակալությունում գրանցվածներն են, եւ ընդհանուր գործազրկության պատկերի հետ, ըստ էության, կապ չունի:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի աշխատուժը վերջին տարիներին անդադար «արտահանվում» է, եւ այդ գործընթացը չէր կարող իրեն զգացնել չտալ նաեւ թվային «ոլորտում»: Առայժմ դա արտահայտվում է վերը բերված թվերի տեսքով, այնուհետեւ կպարզվի, որ Հայաստանում թոշակառուների թիվն անհամեմատ ավելի մեծ է, եւ աշխատողներն այլեւս ի վիճակի չեն լինի այնքան նյութական արժեք ստեղծել, որը կբավարարի ե՛ւ իրենց, ե՛ւ թոշակառուներին: Դրա արդյունքը կլինի այն, որ մարդիկ կշարունակեն չնչին կենսաթոշակ ստանալով՝ իրենց գոյությունը պահել:
Սակայն կա մեկ այլ թիվ, որը առավել քան մտահոգիչ է: Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում ծնելիության թվի անկում է արձանագրվել: Նախորդ տարիներին, թեկուզ փոքր, բայց, այնուամենայնիվ, ծնելիության թվի աճ է արձանագրվել: 2015-ի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 9 հազար 452 երեխա: 2014-ին նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվն ավել է եղել 185-ով, կամ նույն է թե՝ 1,9 տոկոսով: Ի դեպ, առաջին եռամսյակում Հայաստանի բնական աճը կազմել է հազար 744 մարդ: Եթե հաշվի առնենք, որ ընդհանուր դինամիկան եռամսյակների կտրվածքով շատ չի տարբերվում, ապա կարող ենք արձանագրել, որ տարվա կտրվածքով Հայաստանի բնակչության բնական աճը լավագույն դեպքում 10 հազարի սահմաններում կլինի, ինչը պետության համար շատ փոքր թիվ է, հավասար զրոյի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԲՀԿ VS ՀԱԿ
Երեկ խորհրդարանում քվեարկության դրվեցին եւ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին աղմուկ հանած նախագծերը: Բանն այն է, որ այդ օրենսդրական փաթեթը ընդդիմադիր պատգամավորները նախօրեին որակել էին որպես խայտառակ նախագիծ ու հայտարարել, որ նման նախագծով Կառավարությունը խթանում է արտագաղթը: Իսկ ԱԺ խմբակցության ներկայացուցիչներն էլ, նախքան քվեարկությունը, հայտարարեցին, որ արագացված ռեժիմով քննարկելու արդյունքում նախագծերի իմաստը շատերի համար այդպես էլ անհասկանալի է մնացել: «Այսպես գործերը չեն վարվում: Կառավարությունն իսկապես անարգանք է ցուցաբերում խորհրդարանի նկատմամբ: Հինգշաբթի մենք ունեինք մի նախագիծ, վերջին օրով բերել են այս տնտեսական օրենքը` ժամանակ չտալով, որ մենք լուրջ քննարկենք եւ ուսումնասիրենք դա»,- հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ քվեարկում է այնպես, ինչպես հարմար է գտնում, եւ եթե կան քաղաքական ուժեր, որոնք այլ կերպ են հասկացել նախագիծը կամ այլ կերպ են ցանկացել հասկանալ, իրենց պետք է եղել այլ կերպ հասկանալ, դա չի նշանակում, որ պիտի մոլորեցնել հանրությանը: Նախագիծը բացարձակապես այլ բանի մասին է»: Ի վերջո, փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց` 65 կողմ, 16 դեմ եւ 21 ձեռնպահ քվեարկությամբ:
ԳՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ
Այսօր ՀՀ Կառավարության նիստը սովորականից մեկ ժամ շուտ կկայանա, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օրվա երկրորդ կեսին Կառավարության պատվիրակությունը կմեկնի Արցախ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում լինելու են ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները: Ի դեպ, այս պատճառով ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստի այսօրվա քննարկումները եւս հնարավորինս կարճ կտեւեն, որպեսզի հասցնեն մեկ կամ երկու նախագիծ դնել քվեարկության եւ մեկնել ԼՂՀ: Մեր տեղեկություններով՝ պատվիրակությունը մասնակցելու է Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին:
ԻՆՔԸ ՉԳԻՏԻ, «ՇԵՖԸ» ԳԻՏԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ըստ տեղեկությունների՝ առաջիկայում ՀՀ իշխանություններն իրեն պաշտոնանկ են անելու, ասաց, որ այդ լուրերը լրատվամիջոցներն են շահարկում: Նա միաժամանակ խորհուրդ տվեց իր հնարավոր պաշտոնանկության հետ կապված հարցերով դիմել Կառավարությանը: Մեր հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է իր աշխատանքից, ի՞նչ է զգացել այդ մասով նախարարը, Ճշմարիտյանը պատասխանեց. «Դուք պետք է ասեք, ես չգիտեմ, իրենց պետք է հարցնեք»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՊԱ՞ՐՏՔՆ Է ՓԱԿԵԼ
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ 73-ամյա գործարար Գոհարիկ Ենոքյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանից խնդրո առարկա հսկայական գումարը վերցրել է՝ Գագիկ Ծառուկյանին ունեցած մեծ պարտքը փակելու համար: Սակայն նրան դրա մասին չի ասել: Իսկ երբ Գոհարիկ Ենոքյանը չի վերադարձրել պարտքը, Յուվեցի Կարոն սկսել է տարբեր միջոցներով պահանջել այդ գումարը, ճնշումներ է բանեցրել, սպառնացել է կուսակից տիկնոջը: Չդիմանալով ճնշումներին՝ Ենոքյանն այդ մասին պատմել է Ծառուկյանին եւ օգնություն խնդրել: Վերջինս էլ զանգահարել է Յուվեցի Կարոյին, ասել, որ այդ գումարով Ենոքյանն իր պարտքն է փակել, եւ հրահանգել է «փակել թեման» ու տիկնոջը հանգիստ թողնել: Այս կապակցությամբ, սակայն, Կարո Կարապետյանը armlur.am-ին ասել է. «Իմ ու Ծառուկյանի մեջ ըտենց թեմա չի էղել: Սուտ բաներ են»:
27 ՂԵԿԱՎԱՐ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մայիսի 7-9-ին Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելու է 27 երկրի ղեկավար: Նրանց թվում լինելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Վենեսուելայի նախագահները: Մոսկվա է ժամանելու նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւ UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
ՂՐՂԶՍՏԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է
Անդրադառնալով Մոսկվայում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել է, որ պլանավորված է դրա ժամանակ քննարկել Ղրղզստանի անդամակցության հարցը. «Վերջին օրերին, շաբաթներին հանկարծակի ի հայտ են եկել մի շարք բարդություններ: Ակնհայտ է, որ դրանք կարող են քննարկվել: Ղրղզստանը մարտին առաջարկել է փոփոխել գործող արձանագրությունները, որոնք Միության մասնակիցների համար տրամաբանական չեն»:
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 6-ին տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի հանձնման ընթացակարգը՝ կապված շինության վարձակալության վերջնական ժամկետի ավարտի հետ: Դատախազության քննիչը բացել է դռները եւ աշխատակիցներին թույլ է տվել իրենց հետ տանել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին գրասենյակի փակումից հետո այնտեղ մնացած իրերը: Գրասենյակում կատարած խուզարկությունից ու սարքավորման կալանքից հետո դատախազությունն այդպես էլ չի վերադարձրել առգրաված իրերը, համակարգիչներն ու փաստաթղթերը:
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՆ ԷԼ ԸՆԴՈՒՆԵՑ
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Այդ մասին «Արմենպրես»-ին փոխանցել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի անդամ Լորեն Մոզերը:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀՈՒՅՍԻՆ Է
«Ազատության» հաղորդմամբ` երեքշաբթի «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը որոշել է եւս հինգ տարով երկարաձգել Իգոր Սեչինի լիազորությունները: Միաժամանակ, «Ռոսնեֆտ»-ը առաջին անգամ տեղեկացրել է, թե որքան է ընկերության ղեկավարի աշխատավարձը. տնօրենների խորհուրդը ընկերության ղեկավարի աշխատավարձը սահմանել է ամսական 15-20 միլիոն ռուբլի՝ դա կազմում է մոտ 290-390 հազար դոլար: Այսպիսով` Սեչինի մեկ տարվա աշխատավարձը՝ առանց պարգեւավճարների եւ հավելավճարների, կազմում է մոտ 4 միլիոն 700 հազար դոլար: