ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանը իրեն մտերմաբար է «Դերո»-ով դիմել, եւ ինքը վատ չի զգացել դրանից:
-Պարո՛ն Դումանյան, ի՞նչ նորություններ եք բացահայտել, որոնք տարիների ընթացքում կուտակված էին մնացել:
-Պետք է նկատի ունենանք, որ ֆինանսները դեռ չենք կարողանում ծրագրերին համահունչ ավելացնել: Ծննդօգնության գումարների մասով նույնիսկ մասնագետները, մարզի գինեկոլոգը չգիտեին, որ իրենց մոտ ծնունդը մի գին է սահմանված, իսկ Երեւանում՝ մեկ այլ: Նույնիսկ փոխնախարարներից շատերը չգիտեին այդ մասին: Երբ սրա մասին նրանցից հարցրի, թե ինչպես եք դուք սա հիմնավորում կամ թույլ տվել, նրանք չգիտեին՝ ինչ պատասխանել:
-Դուք առողջապահության ոլորտի ներկայացուցիչ էիք, այս խնդիրներին նո՞ր էիք ծանոթանում: Լինելով գործող իշխանության ներկայացուցիչ՝ ինչո՞ւ ժամանակին նախագահին չէիք զեկուցում այդ խնդիրների մասին:
-Ոլորտին մոտ լինելը եւ դրա մեջ ու պատասխանատու լինելը տարբեր բաներ են: Քիչ թե շատ ծանոթ եմ եղել խնդիրներին: Բայց հետո՝ վերջին շրջանում, երբ Բժշկական համալսարանում էի, կտրվել էի, բայց այնպես չէ, որ այդ հարցերի մասին մոռացել էի կամ չգիտեի: Եթե մի հարցի պատասխանատուն դու ես դառնում, արդեն սկսում ես ավելի խորքային ուսումնասիրել: Միգուցե ոլորտում լինելով՝ դրանց ես մի տեսակ հեռվից եմ նայել:
-Հարություն Քուշկյանը, որը ԲՀԿ-ի ներկայացուցիչ է, համարվում էր բաց, թափանցիկ նախարար, ինչո՞ւ մինչ այդ դժգոհություն չկար:
-Պատճառն այն է, որ ուզում եմ՝ համակարգը կարգավորվի: Դե Պարոն Քուշկյանն իր ոճով է ղեկավարել, ես էլ իմ ոճով եմ ղեկավարում: Այստեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում:
-Երբ Սերժ Սարգսյանը Ձեզ Դերո անվանեց, հոգեբանորեն ի՞նչ զգացողություններ ունեցաք: Ի՞նչ մտածեցիք, Ձեզ մտերմաբա՞ր դիմեց, թե՞ բարկացած էր:
-Մտերմաբար այդպես անվանեց:
-Սովորաբար պաշտոնյաները «թուղթուգիր» են անում իրենց աթոռները, որպեսզի ոչ ոք չզբաղեցնի դրանք: Այդ «սերիայի՞ց» է, որ մինչեւ հիմա Բժշկական համալսարանի ռեկտորի աթոռն ազատ է:
-Առաջին անգամ եմ լսում նման բնութագրի մասին: Երբ ես էի նշանակվում, իմ ներկայացմանը մասնակցում էր Գոհար Քյալյանը, ինքն այդ օրը դուրս եկավ, ես հաջորդ օրը նշանակվեցի: Այսինքն՝ մի օր ազատ չի մնացել այդ աթոռը: Հիմա էլ ազատ չէ, պաշտոնակատար կա: Չգիտեմ՝ պատճառը որն է, ինչու մրցույթ չեն հայտարարում: Համալսարանն ինձ համար այնքան հարազատ է, որ շատ եմ ուզում՝ ամենաարժանի թեկնածուն ընտրվի այդտեղ՝ որպես ռեկտոր:
-Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ: Դուք անձամբ ինչպե՞ս եք ցանկանում:
-Այսօր մեր լրատվամիջոցներին եւ հասարակությանը այդ հարցը շատ է հետաքրքրում, բայց ես՝ որպես ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, կարծում եմ, որ չպետք է դրան այդքան էլ մեծ կարեւորություն տալ: Մենք հիմա գնում ենք նախագահական ընտրությունների, եւ կոալիցիա կազմել-չկազմելը նախընտրական շրջանում այդքան չեմ կարեւորում: Ես վստահ եմ մեր կուսակցության հնարավորությունների, նախագահի թեկնածուի վրա: Մենք որեւէ խնդիր չունենք, որ սպասենք, տեսնենք, թե ով մեզ հետ կոալիցիա կկազմի կամ չի կազմի:
ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՆԵԼՈՎ` ՀԵՌՎԻՑ ԵՄ ՆԱՅԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ