Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում նկատված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որով, փաստորեն, հաստատվեց հիվանդության առկայությունը: Առայժմ վարդենիսցիներին արգելված է մսամթերք գնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից ահազանգ էր ստացվել, որ Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել շուրջ 15 քաղաքացիներ, որոնց մոտ նկատվել են սիբիրյան խոց հիվանդության ախտանիշներ: Անցած երեք օրվա ընթացքում 32 հոգի հոսպիտալացվել են, հիմնականում` Ծովակ եւ Վանեվան համայնքների բնակիչներ: Երեկ՝ կեսօրից հետո, 16-ը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մյուսները դեռ այնտեղ են:
Դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել. «Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետեւյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ եւ հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում: Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: Ձեռնարկված համալիր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են»:
Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ տվյալ հիվանդությամբ ոչ մի կենդանի դեռեւս չի հայտնաբերվել Գեղարքունիքի մարզում: Դիմեցինք գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահագն Մարտիրոսյանին` ճշտելու՝ արդյոք հիվանդ կենդանի հայտնաբերելու դեպքում ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում տրվելու է գյուղացիներին, թե ոչ: «Նման հաստատում Ձեզ որեւիցե մեկը չի կարող տալ, ա՛յ եթե հաստատվի, այն ժամանակ նոր կխոսենք»,-պատասխանեց Մարտիրոսյանը:
Տեղեկացնենք, որ սիբիրախտը` սիբիրյան խոցը, կենդանիների եւ մարդու սուր վարակիչ հիվանդություն է: Սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելու, մսեղիքը կտրտելու ժամանակ եւ վարակակիր հումքի հետ շփվելիս: Վարակվելուց 2-3 օր հետո մաշկը սկսում է քորվել եւ կոշտանալ: Վարակը հիմնականում տեղակայվում է մարմնի բաց մասերում, առավելապես ախտահարվում են վերին վերջույթները, գլխի մաշկը, ինչպես նաեւ պարանոցը: Ախտահարված հատվածում զարգանում է յուրահատուկ կարբունկուլ: Հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է, սկսվում է սրտխառնոց, գլխացավ, երբեմն նաեւ` փսխում: 2-րդ շաբաթվա վերջում կարբունկուլի կենտրոնում առաջանում է կեղեւ, որի պոկվելուց հետո սպին մնում է: Սիբիրախտի մաշկային տեսակը վտանգավոր չէ, այն բուժելի է: Բայց չափազանց վտանգավոր է որովայնային եւ թոքային տեսակը:
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Մեր եւ հարակից համայնքներում պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում: Մեր գյուղից հիվանդներ ունենք, որոնք հոսպիտալացվել են: Բնակիչները գնում են, հետազոտվում ու գալիս: Դե ոչ մի լուրջ բան չկա: Ամբողջ Ծովակում եւ ոչ միայն, մյուս գյուղերում էլ, պատվաստումներ են անում: Ինչ-որ փունջ է տարբեր հիվանդությունների դեմ, որից մեկն էլ սիբիրախտն է»: Նրա խոսքով՝ մինչ այս կենդանիների անկում նկատվել է. «Դե սովորական է: Ամեն տարի լինում են նման դեպքեր, բայց այս տարի թվով շատ կենդանիներ սատկեցին»:
Վարդենիսի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ Վարդենիսում եւ Մարտունիում մի քանի օր է՝ մսամթերքի խանութները փակ են, եւ ոչ մի տեսակի մսամթերք ու կաթնամթերք այդ մարզից դուրս չի գալիս: «Մարտունու շուկա նույնիսկ չեն թողնում՝ մսամթերք ու կաթնամթերք մտնի: Առեւտուր կա, բացի մսամթերքից: Շլամբավո է դրած, եւ ՍԱՊԾ աշխատակիցները ոստիկանների հետ միասին կանգնած ստուգում են մեքենաները` Վարդենիսից Երեւան միս չթողնելու համար»,-հայտնեցին բնակիչները:
Մարզում տիրող իրավիճակի մասին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանն ասաց. «Մենք չենք կարող սպասել մի քանի օր, մինչեւ հիվանդության կասկածները հաստատվեն, անհապաղ իրականացնում ենք այն աշխատանքները, որոնք կիրականացնեինք հայտնաբերելու դեպքում: Այդ պատճառով հետաքննչական աշխատանքներ են իրականացվում` հասկանալու՝ եթե խնդիրը կա, ապա որտեղից կարող է այն ծագած լինել»: Թե մինչեւ երբ կշարունակվեն այս ստուգումները, Պիպոյանը չկարողացավ ասել. «Մինչեւ վտանգի աղբյուրը չհասկանանք, չենք կարող ասել, որովհետեւ մի հոգու մոտ փաստացի կա սիբիրախտ: Մենք ուսումնասիրություններ, ստուգումներ, դիտանցումներ պարբերաբար անելու ենք, բայց այս պահին այնտեղ ուժեղացված ռեժիմով է աշխատանք ընթանում, որովհետեւ կասկած եւ հիվանդ մարդիկ կան»:
Իսկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց. «Ոչ մի խանութ փակ չէ, միայն համապատասխան կառույցների կողմից ուժեղացվել է հսկողությունը: Նախանշաններ կան, դա միանշանակ է: Վերջնական հաստատումը կարելի կլինի ասել միայն պաշտոնապես հրապարակվելուց հետո»:
ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ