ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի հետեւանքով Հայաստանը հայտնվել է աննախանձելի վիճակում. տարածաշրջանային գործընթացները լրջագույն մարտահրավեր են նետել նաեւ Հայաստանին: Իսկ ՀՀ իշխանությունները կա՛մ չեն գիտակցում տեղի ունեցողը, կա՛մ փորձում են թաքցնել ստեղծված իրավիճակում իրենց անճարակությունը:
Թվարկենք փաստերը, եւ ցանկացած ոք, դրանք համադրելով, կարող է անձամբ եզրակացություններ անել:
Սիրիայի հակամարտությունն այսօր դարձել է տարածաշրջանի թիվ մեկ խնդիրը՝ իր վրա սեւեռելով աշխարհի ուշադրությունը: Ընդ որում, իրավիճակն ավելի է լարվել այն բանից հետո, երբ Սիրիայի ներքին հակամարտությանը ներգրավվեց Թուրքիան՝ ռազմական միջամտություն ցուցաբերելով այնտեղ: Արդյունքում՝ թուրք-սիրիական սահմանին ռազմական բախումներ են սկսվել, որոնք ամեն րոպե սպառնում են իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից: Այս ամենին զուգահեռ, Սիրիայի խնդրում հակադիր դիրքորոշումների հետեւանքով լարվել են նաեւ հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այս լարվածությունն առավել սրվեց այն բանից հետո, երբ վերջերս Թուրքիան ստիպեց Մոսկվա-Դամասկոս չվերթի ինքնաթիռն իջեցնել իր տարածքում, որից հետո էլ Վլադիմիր Պուտինը չեղյալ հայտարարեց իր այցը Թուրքիա:
Գնալով լարվում է իրավիճակը նաեւ ադրբեջանա-իրանական սահմանին: Սա հատկապես այն բանից հետո, երբ կրկին ակտիվացան Ատրպատականն Ադրբեջանին պատկանելու մասին խոսակցությունները: Մյուս կողմից, արեւմուտքը շարունակում է Իրանին սպառնալ պատժամիջոցներով: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների իրականացման նոր փաթեթի կիրառումը: Իրանի հանդեպ պատժամիջոցներ է սահմանել նաեւ ԵՄ-ն: Այնպես որ, Սիրիայի խնդրից հետո հաջորդը լուծվելու է Իրանի հարցը:
Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել նաեւ Վրաստանում: Այնտեղ կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը, ըստ էության, կիսվել է: Ինչպես հայտնի է, ընտրությունների արդյունքում հաղթել է ընդդիմությունը, որն էլ ձեւավորել է իր կառավարությունը: Իսկ նախագահի պաշտոնը շարունակում է ստանձնել Միխայիլ Սահակաշվիլին, որը, փաստորեն, լինելով իշխանության գլխին, փոքրամասնություն է իշխանության մեջ: Պատահական չէ նաեւ, որ այս օրերին նախկին նախարարները հերթով լքում են Վրաստանը: Իշխանության ներսում ընթացող վերադասավորումներն ամեն պահի սպառնում են վերածվել անախորժությունների ու անկայունության: Այլ կերպ ասած՝ այնտեղ հնարավոր է կրկնվի 1990-ական թվականների սկզբներին տիրող իրավիճակը: Այս ամենի հետեւանքով Հայաստանը հայտնվում է մեկուսացման մեջ:
Իսկ մինչ այդ, նախօրեին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հայտարարել էր, թե Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացվեն 2013թ. նախագահական ընտրությունները: Մի կողմից էլ ԵՄ համար անցանկալի Եվրասիական միություն ստեղծելու ՌԴ նախաձեռնությունն է օր օրի թափ հավաքում:
Այդ համատեքստում պատահական չէ, որ Երեւանում ԵՄ դեսպանի հայտարարություններից հետո ռուս վերլուծաբան Միխայիլ Լեոնտեւը ՀՀ հասցեին բավական կտրուկ հայտարարություններ է արել. «Եթե չլիներ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Հայաստանը չէր լինի քարտեզի վրա: Հայաստանը հին քաղաքակրթություն է: Իսկ մենք գիտենք մի շարք հին քաղաքակրթություններ, որոնք իրենց հետեւից թողել են միայն պատմության ու մշակույթի կոթողներ»: Խոսելով Հայաստանի տնտեսության վիճակի, դրա վրա ՌԴ ունեցած ազդեցության մասին՝ Լեւոնտեւն իր խոսքը եզրափակել է. «Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությունն այլընտրանք չունի, եւ դա անխուսափելի է, ինչպես տարվա եղանակները»: Ի դեպ, Մ. Լեոնտեւը համարվում է Վլ. Պուտինի խոսափողը: Այլ կերպ ասած՝ ՌԴ-ն առայժմ միջնորդավորված, բայց հստակ հասկացնում է ՀՀ-ին՝ վերջնականապես կողմնորոշվել Եվրասիական միավորմանն անդամակցելու հարցում՝ միաժամանակ ակնարկելով այդ առաջարկից հրաժարվելու բոլոր հնարավոր վտանգների մասին:
Իսկ մինչ այդ երկու օր է՝ Սերժ Սարգսյանը գտնվում էր ԼՂՀ-ում, որտեղ այցելել է զորամասեր, ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի հետ անցկացրել խորհրդակցություն: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ մեկնել է հերթական շուրջերկրյա ճամփորդության, այս անգամ՝ Լատինական Ամերիկայի երկրներ: Ու մինչ նա փորձում է վայելել «մեքսիկական չիլիի կծվությունը», ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախապատրաստում են իր ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը թեեւ ասել է, որ դեռեւս հստակեցված չէ ԱԳ նախարարների հանդիպման օրը, սակայն հույս է հայտնել, որ այն կկայանա այս շաբաթվա ընթացքում Փարիզում:
Դիվանագիտական մեր աղբյուրների պնդմամբ՝  նախնական պայմանավորվածության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը: Հասկանալի է՝ տարածաշրջանային իրադարձությունների ընթացքին զուգահեռ որոշակի զարգացումներ են սպասվում նաեւ Ղարաբաղի հարցում: Ընդ որում, սպասվում են կոնկրետ քայլեր:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս