ՊՆ բուժվարչության համապատասխան հանձնաժողովի փոխգնդապետերից մեկն օգնելու փոխարեն գոռգոռալով եւ անհարգալից վերաբերմունքով ուղղակի վիրավորել է հիվանդ սպա Նարեկ Այվազյանին, ում հոգեկան եւ նյարդային առողջական խնդիրներն առաջացել են ծառայության ժամանակ:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած, պետական գույքի հափշտակություն թույլ չտալու պատճառով ծեծված, այնուհետեւ առանց բուժօգնության մնացած եւ մեկ տարուց ավելի ապօրինի կալանքի տակ պահված սպա Նարեկ Այվազյանը մինչեւ հոգու խորքը վիրավորվել է զինված ուժերի համակարգից: Իհարկե, դատարանը, ի վերջո, նրան ազատել է պատժից, սակայն նույնիսկ հիմա նա պատրաստ է ծառայել հայրենիքին. պաշտպանության նախարարին ասել է՝ ինձ բուժե՛ք, գնամ ծառայեմ: Այս խնդրով Նարեկը մոր հետ միասին գնացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ: Նարեկի մոր՝ Աիդայի փոխանցմամբ, նախարարը շատ հարգալից է ընդունել իրենց եւ անմիջապես հրահանգել է ՊՆ բուժվարչության պետ Փարսադանյանին եւ կադրերի բաժնի պետ Շիրինյանին օգնել Նարեկին՝ բուժօգնություն ստանալու եւ նրա վերադարձը ուժային համակարգ կազմակերպելու հարցերում: Դրանից հետո համածառայակիցների ծեծի պատճառով քթի, աչքի վնասվածքներ եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ձեռք բերած Նարեկը նախարարի միջամտությամբ զինվորական հոսպիտալում ենթարկվել է քթի վիրահատության, իսկ աչքի վիրահատությունը կազմակերպվել է մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկում՝ ՊՆ ֆինանսական աջակցությամբ:
Սակայն դրանից հետո բժիշկ Ե. Մալայանն ասել է, որ 8 ամիս անց Նարեկը պետք է հետազոտվի՝ կրկին վիրահատության անհրաժեշտության եւ նպատակահարմարության հարցը որոշելու համար: Նարեկի մայրը մեզ պատմեց որդու մոտ առկա խնդիրների մասին. «Հիմա նորից վիրահատության խնդիր ունի. ծեծի հետեւանքով լրջորեն վնասվել են նյարդերը. հոգեբանական սթրեսների, դեպրեսիաների պատճառով գիշերները չի քնում, սուր գլխացավեր ունի, սրտխառնոց, վախ»: Նարեկին խորհուրդ են տվել առողջությունը վերականգնել սկէնառ-թերապիայի օգնությամբ: Եւ Նարեկն այդ նպատակով հետազոտություն է անցել Երեւանի ««Ռ. եւ Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ում: Տեղի մասնագետներից Ռ. Հարությունյանը հետազոտել է Նարեկին եւ ասել, որ նրա տեսողությունը կարող է վերականգնվել միայն աչքի վնասված նյարդի վերականգնումից հետո: Այդ սկէնառ-թերապիայի ծառայությունը բուժկենտրոնում արժե 335 000 դրամ, բայց քանի որ սպայի նպաստառու ընտանիքն այդ հնարավորությունը չունի, կրկին դիմել է ՊՆ-ի օգնությանը: Նարեկի եւ նրա մոր՝ բուժվարչության պետին մեկ անգամ եւս հանդիպելու ջանքերը սկզբում ապարդյուն են անցել. Փարսադանյանի տեղակալներն են ընդունել տիկին Աիդային եւ ասել, որ պահանջվող բուժումը պետպատվերի շրջանակներում չէ, եւ խորհուրդ են տվել Նարեկին տանել Օրբելու փողոցում գտնվող ֆիզիոթերապիայի կենտրոն՝ «սանատորիա»: Մինչդեռ մայրն այդ խորհուրդն անիմաստ է համարել, քանի որ մարդուն պետք է բուժել, հետո ուղարկել «սանատորիա»:
Աիդան, ի վերջո, հանդիպել է բուժվարչության պետին մի թաղման արարողության ժամանակ: Ավելի ուշ ներկայացրել է Նարեկի առողջական վիճակը նկարագրող համապատասխան փաստաթղթերը՝ սկէնառ-թերապիայի հետազոտության եզրակացությունը բուժման համար անհրաժեշտ ծախսերի ցուցակի հետ միասին: Բուժվարչության պետն անմիջապես կապվել է իրավասու անձանց հետ: «Ինքը զանգահարեց զինվորական հոսպիտալ, չգիտեմ՝ այնտեղ ում հետ էր խոսում, եւ նրան հրահանգ տվեց՝ բոլոր բաժինների պետերին, վարիչներին հավաքել, հանձնաժողով ստեղծել եւ Նարեկին 2012թ. հոկտեմբերի 11-ին՝ առավոտյան 09:30-10:00-ին, ընդունել: Նաեւ ասաց, որ հատկապես մոր ներկայությամբ շատ զգույշ ու նուրբ խոսեն Նարեկի հետ, զրուցեն եւ հարցերի միջոցով պարզեն՝ ինչպիսի բուժօգնության կարիք ունի Նարեկը, որպեսզի պարոն Փարսադանյանը կողմնորոշվի, թե ինչպես օգնի Նարեկին»,-պատմեց տիկին Աիդան եւ հավելեց. երբ մի քանի րոպե ուշացումով տեղ են հասել, հանձնաժողովի անդամներից մեկը՝ փոխգնդապետ, տիկին Աիդային խնդրել է դուրս գալ. «Ասաց՝ մի հատ դո՛ւրս եկեք, ես լեյտենանտի հետ խոսեմ, հետո Դուք կգաք ներս: Դեռ չէի հասցրել դուռը փակել, այնպիսի մի սպառնալիքներ լսեցի, գոռոցներ, թե դու ինչու ես ուշացել, պարո՛ն լեյտենանտ, ինչու ես խանգարում մեր ծառայությունը, մենք արդեն 5 րոպեից ավելի քեզ սպասում ենք: Որից հետո Նարեկն էլ սկսեց բարձր տոնով խոսել. ասաց՝ ես արդեն 4 տարի է՝ աշխատավարձ չեմ ստանում, ես էլ ձեզ եմ 4 տարի սպասում, գումար չունեի՝ տաքսիով գայի: Երթուղայինով եմ եկել, ճանապարհին ավտովթար է եղել, մի կերպ հասել եմ ստեղ: Բայց նրանք չընդունեցին Նարեկի խոսքերը, ավելի նյարդայնացրին նրան, եւ մենք ստիպված հեռացանք: Ինձ զանգեցին, ասացին, որ հետ գնանք: Բայց Նարեկին կրկին սթրեսային վիճակում չդնելու համար մենք հետ չգնացինք: Զանգողին հարցրի՝ բժիշկն իրավունք ունի հիվանդի վրա գոռալու»:
Ահա թե ինչ վիճակ է միջին օղակներում:
ԲԺԻՇԿ-ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ՍՊԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ