«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին այցելել «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները, որոնք արդեն 4 տարի է՝ պահանջում են իրենց աշխատավարձը: Իսկ ընկերության տնօրենը պատճառաբանում է, թե աշխատավարձ տալու հնարավորություն չունի:
«Դվին հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներն աշխատանքից ազատվելուց մեկ տարի անց` 2010թ., ընկերության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի դեմ հայց էին ներկայացրել՝ դիմելով Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Նախկին աշխատակիցների հայցը դատարանը բավարարել էր, սակայն անգամ դրանից հետո Ռ. Սարգսյանը չէր վճարել նրանց աշխատավարձը: Այնուհետեւ գործը հանձնվել է Արաբկիր-Քանաքեռ-Զեյթունի հարկադիր կատարման ծառայություն: Նախկին աշխատակիցներն այս հարցով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: «Մեզ խոստացան վճարել 2009-ի դեկտեմբերին, հետո 2010-ի մարտին, մայիսին, իսկ հունիսին էլ տնօրինությունն ընդհանրապես խուսափում էր մեզ հետ հանդիպել: 2011-ին նամակով դիմեցինք ՀՀ վարչապետին, որից հետո յուրաքանչյուրիս վճարեցին 50 հազար դրամ, իսկ ընդհանուր իրենց պարտքը կազմում է մոտ 1,5 մլն դրամ: Ավելի քան 1 տարի է` ոչ մի տեղեկություն չունենք` մեկը գցում է մյուսի վրա»,-դժգոհելով ներկայացրին «Դվին հոլդինգ»-ի նախկին աշխատակիցները:
Նրանց խոսքով՝ Ռ. Սարգսյանին են պատկանում Լուսակերտի եւ Գետամեջի թռչնաֆաբրիկաները, Եղվարդի խոզաբուծարանը, Հրազդանում գտնվող ալրաղացը, «Նորք» հյուրանոցը, երշիկի արտադրամաս, կաշվի գործարան, տաքսի ծառայություն, «Շկոդա» ավտոմեքենաների վաճառքի սրահը, Արզնիում առանձնատներ եւ այլն: «Կարող է դրանք իր անունով գրանցված չեն, բայց հաստատ իրեն են պատկանում»,-վստահեցրեց աշխատակիցներից մեկը՝ Մարտուն Գեւորգյանը:
64-ամյա Մ. Գեւորգյանը «Դվին հոլդինգ»-ին պատկանող այգում, որը գտնվում է Գետամեջում, 2 տարուց ավելի աշխատել է որպես այգեպան-պահակ: Նրան Ռ. Սարգսյանը պարտք է 350 հազար դրամ: Գեւորգյանի համոզմամբ՝ դատարանն էլ է իրենց խաբել. «Խաբում են, խաբում, իրենք իրար հետ են համագործակցում, քանի որ հարկադիրից մենք գրություն ստացանք, թե հիմնարկը սնանկ ճանաչելու պատճառով հրաժարվում ենք ձեր գործը շարունակել»:
Արտաշես Գյանջումյանը «Դվին հոլդինգ» ընկերությունում աշխատել է 5 տարի. «Մենք այգիներ ենք գցել, ծառեր տնկել: Տնկարանը պատրաստ էր, երբ ինքը սնանկացավ: Դե ինքն էլ անընդհատ մեզ խոստանում էր, թե աշխատե՛ք, կտամ փողը, բայց մինչեւ հիմա չի տալիս: Դատարանի միջոցով փորձեցինք հարցին լուծում տալ, բայց չստացվեց»:
Այս թեմայի շուրջ զրուցեցինք ՄԻՊ գրասենյակի իրավապաշտպան Տաթեւիկ Թոխյանի հետ: «Մենք դիմեցինք ԴԱՀԿ-ին՝ պարզելու, թե դատարանի վճռի կատարմանն ուղղված ինչ միջոցներ են ձեռնարկվել: Մեզ էլ պատասխանեցին, որ այդ ընկերությունն արդեն սնանկացման եզրին է: Պարտապանի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ու, բացի սրանից, էլ ոչինչ չեն ասում: Ըստ էության, արգելանքներ կան, սակայն հայտնի չէ, թե ինչ գույքերի վրա են դրված: Եւ այս տարվա փետրվար ամսից արդեն հիմնական պահանջատերը ՎՏԲ բանկն է ու հայցադիմում է ներկայացրել «Դվին հոլդինգ»-ի դեմ: Եւ դատարանում դեռ գործը նոր վարույթ է ընդունվել, պատասխանողին ուզում են սնանկ ճանաչել: Սնանկության մասով կասեցվել են հարուցված վարույթները»:
ՄԻՊ գրասենյակի իրավապաշտպանը մեզ տեղեկացրեց, որ իրենք նորից են դիմել ԴԱՀԿ եւ պահանջել այդ բոլոր կատարողական վարույթները. «Հետախուզումը հայտարարվել է 2010-ի հոկտեմբերին, բայց արգելանք է դրվել 2011-ի մարտին: Պետք է հարկադիր մարմինը իրացներ այս գույքերը: Իրացումը չի կատարվել: Եւ, ըստ էության, մինչեւ այսօր այդ մարդկանց հարցը չի լուծվել»:
Մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեցինք «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ի տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի հետ, որն իր նախկին աշխատակիցների բողոքի հետ կապված ասաց. «Ո՞ր թվին են աշխատել: Ե՞րբ: Բայց, հասկանում եք, ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդիկ, ճիշտ է, աշխատավարձ քիչ են ստացել, բայց դրա փոխարեն հավ ու ձու են տարել: Եթե հնարավորություն ունենայի՝ կտայի, էլի, այնպես չէ, որ կա, ու չեմ տալիս»:
ՏՆՕՐԵՆԸ ԽԱԲՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ