Կառավարությանը հաջողվե՞լ է բյուջեն 100%-ով կատարել. ԱԺ-ում կսկսվեն կատարողականի քննարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիս 25-ին ԱԺ հանձնաժողովներում կսկսվեն 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ ԱԺ բոլոր խմբակցություններին բաժանվել է բյուջեի կատարողականի նախագիծը, որպեսզի այն նախ քննարկվի խմբակցություններում, այնուհետեւ ՀՀ Կառավարության ներկայացուցիչներն այն կներկայացնեն ԱԺ հանձնաժողովներում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2014 թվականի բյուջեի կատարողականը խորհրդարանում կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, պատգամավորների հարցերին կպատասխանի նաեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Հիշեցնենք, որ նախորդ՝ 2013 թվականի բյուջեի կատարողականը «առանձնահատուկ» էր նրանով, որ բյուջեն «ծախսել» էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը: Ուշագրավ էր, որ 2013 թվականի բյուջեի նախագիծն ընդունվել եւ կատարվել էր նախորդ Կառավարության ու վարչապետի օրոք, որոնք, սակայն, կատարողականի քննարկման ժամանակ արդեն հրաժարական էին տվել: Ու թերեւս հենց այդ պատճառով էլ ոչ իշխանական պատգամավորները հիշել էին Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանը, խոսել դրա թերություններից, իսկ հանրապետականներից եւ ոչ ոք նախորդ վարչապետին պաշտապանելու փորձ չէր արել: Նշենք նաեւ, որ այդ ժամանակահատվածում ջերմ հարաբերությունների մեջ էին ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները, երբեմնի «հրաշալի քառյակը»:

Այս տարի առաջին անգամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարությունն է ներկայացնելու բյուջեի կատարողականը, իսկ վերը նշված ուժերը Կառավարության գործունեության վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն:

«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ՝ պարզելու համար, թե նա ինչպիսի սպասելիքներ ունի, արդյո՞ք ԱԺ ընդդիմադիր ուժերը դեմ կարտահայտվեն բյուջեի կատարողականին:

-Պարո՛ն Սաֆարյան, ըստ Ձեզ՝ ՀՀ Կառավարությանը հաջողվե՞լ է բյուջեն 100 տոկոսով կատարել: Դուք գո՞հ եք Ձեր մեկ տարվա աշխատանքներից եւ կատարողականի քննարկումից ինչ սպասելիք ունեք:

-Գիտեք, դրանք լինում են մասնագիտական քննարկումներ, պատգամավորները մասնագիտորեն ներկայացնում են այն թերությունները, որոնք իրենք տեսնում են բյուջեի կատարողականում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան պրոֆեսիոնալ քննարկումներ կկազմակերպվեն դահլիճում: Դա շատ կարեւոր հանգամանք է, դրանից շատ բան է կախված, եթե բյուջեի կատարողականում ինչ-որ թերություններ կան, պետք է վեր հանել այդ թերությունները: Քննարկումները հենց դրա համար են կազմակերպվում, որպեսզի բոլոր պատգամավորները ներկայացնեն այն, ինչն, ըստ իրենց, թերի է կատարվել:

-Նախորդ տարի ԱԺ ոչ իշխանական ուժերը դեմ քվեարկեցին 2013 թվականի բյուջեի կատարողականին: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախորդ Կառավարության գործունեությունն ու աշխատանքի որակն անվանեց «տնտեսական հաննիբալիզմ»: Այս անգամ ի՞նչ է սպասվում ՀՀ Կառավարությանը:

-Ես այդ առումով որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ դա պատգամավորների տեսակետն է, նրանց դիրքորոշումն է: Ձեր հնչեցրած հարցի հետ կապված կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, այնտեղ կարող է լինել ծախս, որը կատարվել է 70 տոկոս, բայց այդ հարցում ունենա իր պատճառները: Ծախս կա, որն ունի իր հիմնավոր պատճառը, իսկ ծախս էլ կա, որ այնքան էլ հիմնավոր չեն այդ պատճառները: Հիմնականը բյուջեի համար սոցիալական ծախսերն են՝ աշխատավարձ, թոշակ, առողջապահության ոլորտում տրամադրվելիք եւ այլ միջոցներ, դրա հետ կապված որեւէ ծախս չի կուտակվել, դա շատ կարեւոր է բյուջեի կատարողականի համար: Բայց կան նաեւ ծախսեր, որոնք ավելի շատ են կատարվել: Մի տխուր օրինակ ներկայացնեմ. ասենք՝ հայրենական պատերազմի մասնակիցներին պատվովճար են տալիս, հիմա ոչ ոք չի կարող բյուջեի քննարկման ժամանակ իմանալ, թե հայրենական պատերազմի հաշմանդամներից քանի հոգի կմահանա, կամ այդ հարցն ինչ կերպ կլուծվի: Նախապես պլանավորվում է այնքան, ինչքան մարդ կա, բայց դա դու չես կարող կոնկրետ ու հստակ որոշել: Իսկ եթե այդ գումարները չեն վճարվում, նշանակում է թերակատարում: Դա արդեն օբյեկտիվ բան է, դրա համար չես կարող ինչ-որ կոնկրետ հայտարարություններ անել, կան ծախսեր, որոնք թերակատարվում են, իսկ մենք էլ դա ներկայացնում ենք ու քննարկում: Այս բանի համար հնարավոր է քննադատեն, կամ, չգիտեմ, ինչ-որ այլ հարցեր կան, դրա համար ասում եմ՝ բյուջեն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ:

-Այսինքն՝ պատգամավորների քննադատություններին պատրաստ ե՞ք:

-Քննադատությունը պետք է լինի հիմնավոր, ես ընդամենը մի բան կարող եմ ասել, բյուջեի կատարողականը պետք է լինի մանրամասն ուսումնասիրված, որպեսզի ծավալվի մասնագիտական քննարկում: Ես կողմնակից եմ, որ խորհրդարանում կայանա այնպիսի քննարկում, որը հանրությանն ինչ-որ բան կտա, որի ժամանակ իսկապես կլինեն բացահայտումներ, եւ կխոսվի թերությունների մասին: Ես երկու ձեռքով կողմ եմ մասնագիտական եւ օբյեկտիվ քննարկումներին:

Հ. Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ խմբակցություններից պարզել՝ արդյո՞ք քննարկել են 2014 թվականի բյուջեի կատարողականը: Սակայն պարզվեց, որ խմբակցություններում այդ հարցը դեռեւս չի քննարկվել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս