ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ հերթական անգամ առիթը չի կորցրել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին խիստ քննադատելու համար: Ավելի ճիշտ առիթն էլ ինքն է ստեղծել, քանի որ ԿԲ-ի քննադատությունը հնչել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում` Հրանտ Բագրատյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ: Հ. Բագրատյանն օրինագիծ է առաջարկել բոլոր բանկերը դարձնել բաց բաժնետիրական ընկերություններ: Ըստ նրա՝ այս իրավակազմակերպչական ձեւով բանկերի գործունեությունն ավելի բաց ու հրապարակային կլինի հանրության համար: Բագրատյանի կարծիքով ներկա պայմաններում ՀՀ ԿԲ-ն սխալ է գործում, եւ նրա սխալ աշխատանքի արդյունքում Հայաստանի բանկային ոլորտը խայտառակ իրավիճակում է: Բագրատյանի հեղինակած նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն, ի վերջո, բացասական եզրակացություն է տվել: Սակայն տեղի ունեցած քննարկումը ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից: «Ժողովուրդ»-ը դեռեւս մարտի 17-ին կանխատեսել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջիկայում խիստ քննադատության է ենթարկելու ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` այն հույսով, որ վերջինիս պաշտոնանկության դեպքում նրա պաշտոնը կարող է ինքը զբաղեցնել: Ժամանակը ցույց տվեց, որ Բագրատյանը ոչ միայն եղած առիթներն է օգտագործում, այլ նաեւ ինքն է պատրվակ ստեղծում՝ ԿԲ-ին քննադատելու համար:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից եւ մեկնեց արտերկիր՝ բուժվելու, վերադարձել է: Ավելին՝ Հայաստանում նա՝ որպես ԲՀԿ-ական, սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել: Գրիգոր Գրիգորյանի կուսակցական գործունեության վերաբերյալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գրիգոր Գրիգորյանը ինչպես եղել է ԲՀԿ անդամ, ինչպես եղել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, այնպես էլ շարունակում է մնալ: Նա Վեդիի մեր կառույցի պատասխանատուներից է: Ավելին՝ մեր ամենաակտիվ կուսակցականներից է»: Ի դեպ, ժամանակին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գրիգորյանը իրականում մանդատը վայր է դրել, քանի որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նրան նեղացրել է՝ նրա առջեւ ինչ-ինչ պահանջներ դնելով, իսկ վատառոջությունն ընդամենը եղել է քողարկող պատրվակ:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաեւ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից: Հիշեցնենք, որ այդ կոմբինատը գտնվում է Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո անցած տարվա սեպտեմբերից. ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նրա եղբայրը` Մարտիկ Հակոբյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԶՊՄ տնօրենի պաշտոնից Մաքսիմ Հակոբյանի ազատվելուց հետո նախագահականում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց մի մասը նաեւ իրավական բնույթի են եղել, սակայն Սերժ Սարգսյանն արգելել է պաշտոնանկությունից հետո նրան հետապնդել: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ Հակոբյանին թույլ կտան շարունակել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի առնչությամբ Մաքսիմ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած` 2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Այսինքն՝ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով: Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով: Մասնավորապես, վերջին չորս տարիներին արտագաղթի տարեկան միջին թիվը կազմում է մոտ 40 հազար մարդ: Այս երեւույթը չէր կարող իրեն զգացնել չտալ: Ու եթե արտագաղթի տեմպերը առաջիկայում չնվազեն, ապա ուսանողների եւ ապագա մասնագետների թիվը է՛լ ավելի կփոքրանա, եւ Հայաստանը կսկսի կրթված եւ որակյալ մասնագետների խնդիր ունենալ: Հայտնի է, որ արտագաղթողների մի մասը Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներն են:
ՈՉ ՄԻԱՆՇԱՆԱԿ
Երեկ լրացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 21-րդ տարին: ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների ստորագրությամբ այս համաձայնագիրը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առայժմ միակ գործուն փաստաթուղթն է, որն անցած տարիների ընթացքում միջնորդներին այդպես էլ չհաջողվեց ամրապնդել նոր համաձայնագրերով: Ավելին` այսօր` Ադրբեջանին պարտադրված հրադադարից երկու տասնամյակ անց, մենք առավել քան երբեւէ կանգնած ենք պատերազմի վերսկսման վտանգի առջեւ: Համենայնդեպս, ադրբեջանական կողմի աննախադեպ կոշտացած հռետորաբանությունը, բանակցային սեղանին չվերադառնալու համառ դիրքորոշումն ու հատկապես անցած մեկ տարվա ընթացքում գրեթե չընդհատվող դիվերսիաներն ու սահմանային հարձակումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի համար այդ հրադադարը ուշքի գալու եվ ուժերը հավաքելու միջոց էր, որը կդադարի գործել ճիշտ այն պահին, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի լայնամասշտաբ հարձակման:
Իսկ ինչ էր մեզ համար այդ հրադադարը, եւ ինչ արդյունքի հասավ հայկական կողմը անցած 21 տարվա ընթացքում: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ: Նախ` ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի օրոք Լեռնային Ղարաբաղը, որպես հակամարտության անմիջական կողմ, դուրս մղվեց բանակցային գործընթացից: Հետագա տարիներին` Քի Ուեսթից մինչեւ Ռամբուե եւ Կազան, հայոց դիվանագիտությանն այդպես էլ չհաջողվեց դույզն-ինչ ամրապնդել մեր` ի սկզբանե այդքան ամուր դիրքերը: Եվ դա մեծապես հետեւանքն էր նաեւ Հայաստանի ներսում ընթացող ինքնաքանդման գործընթացի, որի արդյունքում այսօր արդեն Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում (ինչի մասին ապրիլի 24-ին, ի միջի այլոց, հայտարարեց Վլադիմիր Պուտինը):
Մյուս կողմից էլ, սակայն, անցած 21 տարիներին հայկական կողմը, ի հեճուկս բոլոր մարտահրավերներին եւ դժվարություններին, կարողացել է պահպանել ստատուս քվոն եւ մեկ թիզ հող անգամ չզիջել: Ավելին՝ հատկապես անցած օգոստոսին անխուսափելի թվացող պատերազմի վտանգը ցույց տվեց, որ չնայած առկա սոցիալական դժվարություններին եւ քաղաքական տարաձայնություններին, մենք դեռեւս կարող ենք ազգովի միասնական լինել համընդհանուր վտանգի պահին: Թերեւս սա է այն ամենակարեւոր որակը, որը մենք չենք կորցրել անցած 21 տարիներին եւ որի շնորհիվ էլ պիտի կարողանանք մեր հաղթանակը դիվանագիտորեն ամրագրել:
Հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ միջազգային իրավունքի` անբեկանելի թվացող նորմերն են խարխլվում, երբ վերախմբագրվում են անվիճարկելի թվացող ճշմարտություններն, ու աշխարհը թեւակոխում է գերարագ տրանսֆորմացիաների փուլ, Ղարաբաղի հարցում անսպասելի զարգացումների հավանականությունն էլ ավելի է աճում: Առջեւում մարտահրավերների, բայց եւ հնարավորությունների բարդ ժամանակաշրջան է: