Պարզվում է` Հայաստանում առկա է ոչ միայն ահռելի չափերի հասնող գործազրկություն` ըստ պաշտոնական տվյալների՝ 18 տոկոս, այլեւ ճիշտ հակառակը` աշխատուժի դեֆիցիտ: Սա կատակ չէ: Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թեեւ արտագաղթի մասին նրա հայտնի հայտարարությունից հետո դժվար է միանշանակ պնդել` երբ է վարչապետը կատակում, իսկ երբ՝ լուրջ խոսում: Լրջության պահն էլ դարձյալ վիճարկելի է` հաշվի առնելով Տ. Սարգսյանի՝ Մարզահամերգային համալիրում ունեցած հայտնի «ոլոլորտային» ելույթն ու նրա հավաստիացումներն առ այն, որ այդ պահին ինքը միանգամայն լուրջ էր: Սակայն քանի որ վարչապետն այդ հայտարարությունն արել է կառավարության նիստում եւ ձայնի միանգամայն հաստատուն հնչերանգով ու հստակ արտասանությամբ, հակված ենք կարծել, որ նա, այնուամենայնիվ, լուրջ էր ասում: Եւ այսպես. Տ. Սարգսյանի ներկայացմամբ` որակյալ աշխատուժի դեֆիցիտի խնդիրը հատկապես նկատելի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ավելին. «Ոլորտի բարձր տեմպերով աճը վտանգվում է միայն մեկ պատճառով, որ անհրաժեշտ են աշխատանքային ռեսուրսներ: Փաստորեն, տեսնում ենք, որ աշխատուժի պակաս ունենք,-ինքն իր ասածի վրա զարմացել է վարչապետը, ապա «զուտ պատահականության» սկզբունքով դիմել,-ինչպիսի՞ վիճակ է հիմա էներգետիկայի ոլորտում, մասնավորապես Վանաձորի քիմիական գործարանում»: Ինչին ի պատասխան` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը շտապել է հավաստիացնել. «Պարո՛ն վարչապետ, հենց այժմ մոտ 150 տարբեր պրոֆիլի մասնագետների կարիք ունենք՝ Վանաձորի «Քիմպրոմ»-ի թողարկման հետ կապված»: Հետո էլի «զուտ պատահականության» սկզբունքով Տ. Սարգսյանը հետաքրքրվել է. «Պարո՛ն Մարգարյան, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը քաղաքապետարանում», եւ դարձյալ ի պատասխան՝ լսել. «Պարո՛ն վարչապետ, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում` տրանսպորտի, կապի, սանմաքրման, հիմնականը վարորդների` մոտ 300 աշխատողի պահանջ ունենք: Միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ»: Փաստորեն, այս խմբակային բեմականացումից ստացվում է, որ, ասենք, Գյումրու տեխնոպարկը կառավարությունը կառուցել ավարտել է, հագեցրել անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, եւ միայն «աշխատանքային ռեսուրսների բացակայությունն» է խնդիրը: Կամ էլ` Վանաձորի «Քիմպրոմ»-ում բոլոր աշխատակիցների՝ տարիներով կուտակված պարտքերը մարել են, ու հիմա, չգիտես ինչու, այդ մասնագետներն էլ չեն ուզում աշխատել, գուցե վախենում են կրկին տարիներով «քցվելո՞ւց»: Եւ կամ` Երեւանի քաղաքապետարանի թափուր հաստիքները` սանմաքրման կամ վարորդների: Ինքնին հասկանալի է, որ նման աշխատանքները կատարում են առավելապես տղամարդիկ, այսինքն` ընտանիքը կերակրողները, որոնց խոստացվող 80 հազարը (այն էլ` միջինը, եւ ոչ նվազագույնը) ուղղակի ծիծաղելի է: Կառավարության երեկվա նիստում աշխատատեղի ավելցուկի թեմայով շոուի վրա էլ կարելի էր ծիծաղել, եթե ամեն ինչ այդքան տխուր չլիներ:
ՈԼՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ