Ընդհանրապես խնայողություններ կարելի է կատարել, եթե ծախսեք ավելի քիչ գումար, քան վաստակում եք: Ցանկալի է կուտակել եկամտի 1/5-րդ կամ քառորդ մասը և խնայած գումարով ներդրում կատարել, որպեսզի լրացուցիչ շահույթ ստանաք: Չէ որ փողը պետք է աշխատի: Կարող եք, օրինակ, ավանդ ներդնել բանկում, անշարժ գույք կամ թանկարժեք մետաղներ գնել: Ներդրումային առավել հեռանկարային ուղղություններից է արժեթղթերի ձեռքբերումը, որոնք թողարկում են բաժնետիրական ընկերությունները: Բաժնետոմսեր կարող եք գնել և վաճառել ֆոնդային բորսայում: Դրա համար ընդամենը պետք է պայմանագիր կնքել մասնագիտացված առևտրային միջնորդի` բրոքերի հետ: Բրոքերը ձեր հանձնարարականով բորսայում կգնի կամ կվաճառի ձեր իսկ նախընտրած բաժնետոմսերը:
Պարզ ասած, բաժնետոմսը փաստում է, որ այն գնողը ներդրում ունի տվյալ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում: Այսինքն դուք դառնում եք տվյալ ընկերության իրական ակտիվի սեփականատեր, ստանում ընկերության կառավարման գործընթացում մասնակցելու և այն վերահսկելու իրավունք: Դուք մասնակցում եք ընկերության բաժնետերերի ժողովին և ունենում ձայնի իրավունք` ձեր գնած բաժնետոմսերի քանակին համապատասխան:
Բանետոմսերը լինում են հասարակ և արտոնյալ: Հասարակ բաժնետոմսերը իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք: Արտոնյալ բաժնետոմսերը համարվում են պարտքային արժեթղթերի որոշակի բնութագրեր ունեցող բաժնային արժեթղթեր, քանի որ դրանք նախատեսում են հաստատագրված շահաբաժինների ստացում, սակայն ձայնի իրավունք չեն ապահովում:
Բաժնետոմսերի շուկան կարող է լուրջ եկամուտ ապահովել՝ ի տարբերություն գումարի խնայման այլ տարբերակների: Բաժնետերերը ստանում են շահաբաժիններ` կազմակերպության շահույթի մի մասը: Բաժնետոմսերը կարող եք նաև գնել և վաճառել: Արտերկրի մասնագետների պնդմամբ, նման ներդրման տարեկան եկամտաբերությունը կարող է հասնել մինչև 100%-ի:
Ներդրումներ կատարելիս առաջնորդվեք «ոսկյա միջինի» կանոնով և խնայողությունները բաշխեք մի քանի վստահելի ուղղություններով՝ բանկային ավանդ, ճանաչված ընկերության բարձր լիկվիդայնություն ունեցող բաժնետոմսեր, անշարժ գույք…
Անի Ստեփանյան