ԱՍՔ՝ ԼԵՆԻՆԻ ՈՒ ՁԻՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ու մշտական հանձնաժողովների նախագահներին պետական բյուջեի միջոցներից հատկացվում է նաեւ ծառայողական ավտոմեքենա: Այսօր նրանց բոլորին սպասարկում են  նույն մակնիշի՝ «Toyota Corolla» մեքենաներ, որոնց արժեքը կազմում է մոտ 15 մլն դրամ: Նկատենք՝ Հայաստանի այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր վիճակում այդ արժողությամբ մեքենաներ տրամադրելը կարելի է շռայլություն համարել:
Այս առումով շատերը կհիշեն, որ ԱԺ ընտրություններից հետո, երբ արդեն ձեւավորվել էր խորհրդարանը, պետական բյուջեի միջոցներից 15 մլն դրամ հատկացվեց նոր խմբակցության՝ Հայ ազգային կոնգրեսի համար «Toyota Corolla» մեքենա ձեռք բերելու նպատակով: Ընդ որում, ԱԺ-ն պետք է մեքենա գներ միայն ՀԱԿ-ի համար, քանի որ մյուս խմբակցություններին ու ԱԺ մշտական հանձնաժողովներին իրենց մեքենաները ժառանգություն էին մնացել դեռ նախորդ խորհրդարանից: Սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ հորդորելով քննարկել էժան մեքենա ձեռք բերելու հարցը: «Մեր խմբակցությունը միակարծիք է, որ այն պայմաններում, որ այսօր գտնվում է մեր պետությունը, նման ծախսն ուղղակի շքեղություն է: Աշխարհում ամենուրեք կառավարությունները կրճատում են ծախսերը՝ ելնելով համաշխարհային ճգնաժամից բխող դրամային միջոցների սղությունից: Հայաստանում այսօր նույնպես գոտիները ձգելու ժամանակն է»,- գրել էր նա: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի  աղբյուրները՝ ԱԺ նախագահն արդեն պատասխանել է Զուրաբյանի գրությանը՝ տեղեկացնելով, որ իրենք առաջիկայում հաշվի կառնեն հնչեցված առաջարկը:
Նկատենք՝ այդ մեքենաների մակնիշը հազիվ թե որեւէ ազդեցություն ունենա պատգամավորների  գործունեության արդյունավետության վրա, եւ եթե նրանք  15 մլն դրամանոց «Toyota Corolla»-ի փոխարեն, օրինակ՝ 5 մլն դրամ արժողությամբ «Opel» մակնիշի մեքենայով երթեւեկեն,  դրանից դժվար թե տուժի նրանց գործունեությունը: Այնուամենայնիվ, ԱԺ պատգամավորներից փորձեցինք պարզել՝ արդյոք ավելի էժան ծառայողական մեքենա ունենալը կազդի իրենց աշխատանքի որակի վրա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ինքը պատրաստ է անգամ հեծանիվով երթեւեկել կամ ընդհանրապես մեքենա չունենալ. դա որեւէ կերպ չի ազդի իր աշխատանքի վրա: Ռուստամյանի խոսքով՝ կարեւորը աշխատելու ցանկությունն է: Սակայն, մյուս կողմից, նա ճիշտ չի համարում օգտվել խորհրդային տարիներին արտադրված մեքենաներից, քանի որ դրանք նորերից անհամեմատ ավելի ծախսատար են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս վստահեցրեց՝ «Toyota Corolla»-ի փոխարեն ավելի էժան մեքենայով երթեւեկելու դեպքում նաեւ իր աշխատանքը չի տուժի. «Դա անձից է կախված»: Միայն թե, ըստ Սահակյանի, հարկավոր է մտածել նաեւ պաշտոնյաների աշխատանքի համար արժանապատիվ պայմաններ ստեղծելու մասին. «Մեր խորհրդարանական միջոցները որեւէ երկիր չկա, որի հետ համեմատենք: Մեր միջոցները շատ սուղ են: Մեծամասամբ պատգամավորները ստիպված են իրենց միջոցներն էլ ներդնել, որպեսզի կարողանան աշխատել: Ես չեմ կարծում, որ մեր մթնոլորտն այնպիսին է, եւ մեքենաներն այնքան շատ թանկ են, որ դրանց հաշվին պետք է  խնայողություններ անել՝ իբր թե Լենինը կրկին ողջ է, հեղափոխություն պիտի անել, ձիով կամ հին մոդելի բեռնատարներով երթեւեկել»: Սահակյանի խոսքով, երբ  համեմատվում են այլ երկրների խորհրդարանականների հետ, պարզ է դառնում՝ իրենց միջոցները տասնապատիկ, քսանապատիկ քիչ են: «Դա ոչ թե գործունեության հետ է կապված, այլ հարգանք է դեպի պետությունը, դեպի ժողովուրդը: Մեզ մոտ աշխատավարձից սկսած՝ ամենաքիչն ենք ստանում»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:  
ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նույնպես վստահեցրեց, որ իր համար բացարձակապես միեւնույն է՝ ԱԺ-ն իրեն ինչ մեքենա կտրամադրի, եւ ընդհանրապես՝ կտրամադրի, թե ոչ: «Ես շատ հաճույքով, մշտապես օգտվում եմ նաեւ հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ մետրոյից, քանի որ ինձ համար ավելի հարմարավետ է, տնից խորհրդարան գնալն էլ ավելի արագ է ստացվում՝ հաշվի առնելով քաղաքում մեքենաների մշտական խցանումները»,-ասաց նա:
Հարկ է նշել, որ այս շքեղությունը միայն ԱԺ խմբակցությունների ղեկավարների ու մշտական հանձնաժողովների նախագահների մեքենաների վրա չի տարածվում: Նույն վիճակն է նաեւ պետական մյուս գերատեսչություններում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս