ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԻՇՏ ՆԵՐՈՒՄ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) հերթական անգամ ապացուցեց, որ մարզում իրավիճակի տերն ինքն է, եւ տեղի իշխանական օղակները` ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այսպես շարունակ, գտնվում են միմիայն իր վերահսկողության ներքո:

Փաստ է, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, եւ նրա` մոտ երեսուն ընկերները ծեծի էին ենթարկել եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին: Այդ դեպքի հետ կապված քրեական գործը հարուցվել էր մայիսի 4-ին միայն, իսկ ծեծի հիմնական կազմակերպչին եւ մեղավորին իրավապահները սկսել էին փնտրել մայիսի 12-ին` դեպքից մեկ շաբաթ անց միայն: Սա այն դեպքում, երբ միջադեպից անմիջապես հետո, երբ տուժած երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, նրանք արդեն իսկ ասել էին, թե որտեղ, երբ եւ ով է իրենց ծեծի ենթարկել: Ու հենց միջադեպին մի քանի օր ուշացումով ընթացք տալու արդյունքում Սուրիկ Խաչատրյանի որդին հասցրել էր անարգել հեռանալ Հայաստանից եւ խուսափել քրեական հետապնդումից:
Նման պայմաններում լրիվ կանխատեսելի է, որ ուժային գերատեսչությունների ղեկավարները պետք է սկսեն ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանի հանրությանը համոզեն, որ Սուրիկ Խաչատրյանի որդու քրեական պատասխանատվությունից խուսափելու հետ իրենք կապ չունեն: Առաջինը նման քայլ արեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հրամանով երեկ աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Մյուս կողմից, սակայն, բոլորը գիտեն, որ ոչ միայն Սյունիքում, այլ նաեւ մնացած մարզերում ուժային կառույցի հիմնական պատասխանատուն մարզային վարչության պետն է: Ի դեպ, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը 2005-ին դեռեւս եղել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր, իսկ դրանից հետո նրա պաշտոնական առաջխաղացումը բավական սրընթաց է ստացվել: 2005-ին դարձել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, 2009-ին մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, իսկ արդեն 2011-ից Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնում է: Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է դարձել 2004-ից: Իհարկե, ԱԱԾ-ն նույնքան բաց կառույց չէ, եւ մարզային պետերի անունները եւ նրանց կենսագրականները չեն հրապարակվում, սակայն կասկածից վեր է, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը Սուրիկ Խաչատրյանի մարզպետ դառնալուց հետո է այս մարզի իրենց կառույցում պաշտոնի սրընթաց առաջխաղացում ունեցել եւ հաստատ բավական երկար ժամանակ է պաշտոնավարում:
Այլ կերպ ասած՝ չնայած ուժային կառույցների ղեկավարները կփորձեն իրենց դեմքը փրկելու համար երկրորդ կամ երրորդ օղակի մարդկանց ազատել, բայց փաստն այն է, որ այդպիսով խնդիրը չի կարող լուծվել: Իսկ իրական պատասխանատուներին ազատելու եւ նրանց փոխարեն նոր մարդկանց նշանակելու համար քաղաքական որոշում է հարկավոր կայացնել: Նման փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն մեկ դեպքում, եթե ՀՀ ղեկավարությունը որոշի Սյունիքում հիմնովին գահընկեց անել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կլանին զրկեն իշխանական լծակներից: Իսկ իրադարձությունների նման ընթացքը կարելի է ի սկզբանե բացառել: Եթե նույնիսկ սպանությունից հետո Սուրիկ Խաչատրյանի կլանին իշխանությունից չզրկեցին, ապա մարմնական վնասվածքների համար հաստատ դա չեն անի: Ի դեպ, ՀՀ ղեկավարության վերաբերմունքը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ պատահական չէ եւ իր «հիմնավոր» պատճառներն ունի: Ի վերջո, նույն այդ Սուրիկ Խաչատրյանն այն մարդկանցից մեկն է, ում շնորհիվ այսօր իշխանություն ունեն այն մարդիկ, ովքեր պետք է որոշեն նրա հետագա ճակատագիրը: Վերջին ԱԺ ընտրություններում, որոնք տեղի ունեցան 2012 թ.-ի մայիսի 6-ին, ՀՀԿ-ն ամենամեծ առավելությամբ «հաղթել» է հենց Սյունիքի մարզում, որտեղ այդ կուսակցության օգտին գրված ձայները կազմել են ընդհանուրի 59,5 տոկոսը: Իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու համար ներկայացնենք 2012-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի ստացած ձայները, ըստ մարզերի.
Արագածոտն 44,7 %
Արարատ 51,7 %
Արմավիր 46,3 %
Գեղարքունիք 45,5 %
Լոռի 50,2 %
Կոտայք 33,8 %
Շիրակ 35,3 %
Սյունիք 59,5 %
Վայոց Ձոր 47 %
Տավուշ 48,4 %
Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են՝ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կլանին պահպանելու համար, քանի որ հակառակ դեպքում դա կնշանակի իրենք իրենց կերակրող ձեռքը կտրում են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ՔԿ-Ն Է ԳՈՐԾԸ ԿԱՍԵՑՐԵԼ
«Ժողովուրդ»-ի երեկվա համարում՝ «Ով է տնօրինել ամսական 300 մլն դոլարը» հրապարակման մեջ, անդրադարձել էինք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզելային վառելիքի գողության պատմությանը: Նշել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեից մեզ պատասխանել էին` այդ դեպքի հետ կապված քրեական գործը հարուցվել, քննվել եւ կասեցվել է անցած տարի ՀՀ ոստիկանության կողմից: Սակայն երեկ ոստիկանությունից լիարժեք հակառակ տեղեկությունը ստացանք: ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը, որը մինչ ՔԿ-ի կազմավորումը ղեկավարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ այդ գործի մասին ինքը նոր է իմացել մամուլից եւ դրանից հետո է պարզել, թե ինչի մասին է խոսքը: «Այդ քրեական գործը հարուցվել է քննչական կոմիտեում` 2014 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ արդեն այս տարվա ապրիլի 12-ին, այսինքն՝ մոտ մեկ ամիս առաջ, այն կասեցվել է»,- ասաց Համբարձումյանը: Վերջինս կտրականապես հերքեց նաեւ այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը եւ ԶՊՄ կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը մտերիմներ են: Համբարձումյանի խոսքերով՝ ինքը Հակոբյանի հետ ոչ միայն մտերիմ չէ, այլ նաեւ նրա հետ ծանոթ էլ չէ:

 

ՊԱԼԱՉԻՆ ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵ՞ՆՔ
ՀՀԿ կազմակերպչական հարցերով ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզի ՀՀԿ կառույցը որոշում է կայացրել կուսակցության շարքերից հեռացնել Արթուր Հարությունյանին` Պալաչին: Ըստ Թադեւոսյանի՝ նա չի ենթարկվել ՀՀԿ-ի պահանջներին եւ առաջադրվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու, ինչի համար էլ հեռացվել է: Ինքը՝ Արթուր Հարությունյանը, այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որը ինքնաառաջադրվել է: «Աստված առաջ, հունիսի 8-ին մեզ կշնորհավորեք՝ մեր հաղթանակի համար, մի՛ շտապեք, ժամանակը կգա, կտեսնեք»,- ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սույն թվականի հունիսի 7-ին: Թեկնածուների առաջադրումը սկսվել է երեկ: Հարությունյանից բացի՝ երեկ առաջադրվել էին նաեւ անկուսակցականներ Վահագն Գեւորգյանը եւ Կարապետ Իսրայելյանը:

 

ԳՈՀ Է ԻՐԵՆԻՑ
Նախօրեին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանում հայտարարեց, թե ինքը պահանջում է, որպեսզի այսուհետ ԱԺ-ում նախագծերը ներկայացնեն նախարարները: «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից պարզել, թե ինչու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անձամբ չի ներկայացնում նախագծերը: «Նախարարն առողջական խնդիրներ ունի, դա է պատճառը»,- պատասխանեց Միրումյանը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե քաղաքական ենթատեքստ չի տեսնում Գագիկ Ծառուկյանի` մարզեր այցելության եւ ակտիվացման մեջ: Ըստ Զոհրաբյանի` Ծառուկյանը զբաղվում է բարեգործությամբ եւ Արմավիրի մարզ կատարած այցը հենց դրա հետ է կապված: Հարցին՝ Դուք հանդիպո՞ւմ եք, քննարկումներ չե՞ք ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Քաղաքական՝ ոչ, մարդկային հանդիպումներ ունենում ենք: Բայց պարոն Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունենք քաղաքականության մասին չխոսելու»: Իսկ դիտարկմանը, թե ԲՀԿ-ամետ քաղաքացիները մտածում են, որ Ծառուկյանը ընտրությունների ժամանակ կվերադառնա, Նաիրա Զոհրաբյանը արձագանքել է. «Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են վստահել եւ հավատալ Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին, բայց այս պահին կա Գագիկ Ծառուկյանի մեկ հայտարարություն՝ ինքը հեռանում է քաղաքականությունից: Այլ հայտարարություն չկա: Երբ որ կլինի այլ հայտարարություն, ես պատրաստ կլինեմ Ձեզ հետ քննարկելու այլ մոտեցումներ»:

 

ՎԱՏ ԲԱՆԵՐԻՑ ՉԻ ԽՈՍՈՒՄ
ԲՀԿ նախկին նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 12-ին հանդիպել է Արմավիրի եւ Արարատի մարզի խաղողագործների հետ: Նա լսել է գյուղացիների խոսքը եւ պատրաստակամություն հայտնել նրանց օգնելու: armlur.am-ի տեղեկություններով` հանդիպման ժամանակ Ծառուկյանին մոտեցել է գյուղացիներից մեկը եւ հետաքրքրվել, թե ինչու վերջինս հեռացավ քաղաքականությունից ու չպայքարեց, չէ որ նրանից բոլորը փոփոխություններ էին ապասում: Ի պատասխան՝ Ծառուկյանը ձեռքով թմթմփացրել է գյուղացու ուսին եւ ասել. «Եկեք վատ բաներից չխոսենք»:

 

ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ
«Հիմնադիր խորհրդարանը» քննարկում է մարտավարության փոփոխության հարցը, որոշումը գրեթե կայացված է, կարծում ենք՝ այս փուլում ճիշտ է համագործակցել այն ուժերի հետ, որոնց օրակարգում է «ռեժիմից ձերբազատումը»: Այս մասին «Ազատությանն» ասել է ՀԽ համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը` նկատելով. «Շատ ուժեր չկան դժբախտաբար, թե բարեբախտաբար: Անուններ չփորձեմ թվարկել, սակայն մատնացույց կանեմ հետեւյալը՝ ե՛ւ խորհրդարանում առկա ընդդիմադիր ուժեր, ինչու չէ՝ նաեւ համակարգից դուրս քաղաքացիական խմբեր, կազմակերպություններ, խմբավորումներ, որոնք մերժում են այս համակարգը»:




Լրահոս