ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի վերահսկողության արդյունքում ՀՀ վերահսկիչ պալատը որոշակի խախտումներ է բացահայտել, ընդ որում, հաճախ դրանք կրել են պարբերական բնույթ: Օրինակ` ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ը արդեն մի քանի անգամ ՀՀ վերահսկիչ պալատի տեսադաշտում է հայտնվում: Սակայն չնայած ՎՊ-ի կողմից խախտումների արձանագրմանը` ԾԻԳ-ը նույն կերպ շարունակում է իր գործունեությունը եւ մնում անպատիժ:
Տեղեկացնենք, որ ՀՀ եւ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ համագործակցության շրջանակներում 1995 թվականից ի վեր ԳԶՄՀ-ի միջոցներով ՀՀ-ում իրականացվում են թվով 6 ծրագրեր` 78.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Այդ միջոցները կենտրոնացվում են երկրի ամենաաղքատ գյուղական համայնքներում, հիմնականում բարձրավանդակներում եւ սահմանամերձ շրջաններում: ԳԶՄՀ հետ համագործակցության շրջանակներում ավարտված եւ ընթացիկ կարեւորագույն ծրագրերից են՝ «Գյուղական կարողությունների ստեղծման», «Շուկայական հնարավորություններ ֆերմերների համար» եւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերը:
Նշենք, որ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագիրն ունի «Ենթավարկեր» ենթաբաղադրիչ, որի նպատակն է ենթավարկերի տրամադրում այն ծրագրերի համար, որոնք ուղղված են փոքր եւ միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, ֆերմերների եւ գյուղական ձեռնարկատերերի` շուկաներից օգտվելու հնարավորությունների բարելավմանը, գյուղական տարածքներում շուկայական ուղղվածություն ունեցող մասնավոր եւ հասարակական ներդրումների խթանմանը: Եւ նշված աշխատանքներն իրականացնելու համար առեւտրային երկու բանկից եւ 5 ունիվերսալ վարկային կազմակերպությունից ներկայացվել է փոխառության տրամադրման 92 հայտ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ֆինանսական միջոցները ԾԻԳ-ին տրամադրվել են տարեկան 0,75 տոկոսադրույքով, իսկ ԾԻԳ-ն իր հերթին բանկերին եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններին գումարը տրամադրել է ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4, իսկ ՀՀ դրամի դեպքում՝ 9, 9.75 եւ 10 տոկոս դրույքաչափով: Բանկերն ու ունիվերսալ վարկային կազմակերպություններն էլ իրենց հերթին գյուղացիներին կամ ընկերություններին ենթավարկերը տրամադրել են ԱՄՆ դոլարի դեպքում՝ 10-14, ՀՀ դրամի դեպքում՝ 14-17.7 տոկոս դրույքաչափերով:
ՎՊ-ի կողմից իրականացված վերահսկողության ժամանակահատվածում ֆինանսավորվել է 86 ենթավարկ՝ 752 հազար 600 դոլարի եւ 102 մլն 550 հազար դրամի չափով: Եւ վարկային միջոցների 97 տոկոսը տրամադրվել է ֆիզիկական անձանց:
Ենթավարկերը տրամադրելիս նախնական մոնիտորինգ հիմնականում չի իրականացվել, ինչի արդյունքում վարկի օգտագործման նպատակայնությունը ՎՊ-ի համար հնարավոր չի եղել պարզել: Օրինակ՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակչին տրամադրվել է տարեկան 12 տոկոս դրույքաչափով 19.3 հազ. ԱՄՆ դոլար վարկ՝ 20 կով ձեռք բերելու համար: Գյուղացին գրավադրել է իր բնակելի տունն ու հողամասը, անասնաշենքը եւ շահագործվող տրակտորը: ՎՊ-ն հնարավորություն չի ունեցել պարզելու՝ տվյալ անձը նախապես ունեցել է կով, թե ոչ: Բացի այս, նշված ֆիզիկական անձը չի ունեցել վարկային միջոցներով կատարված ծախսը հիմնավորող որեւէ փաստաթուղթ, հետեւաբար հնարավոր չի եղել նաեւ պարզել, թե վարկային միջոցներն իրականում ինչ նպատակով են ծախսվել:
Ի դեպ, ծրագրի շրջանակներում տարբեր իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին տրամադրված ենթավարկերից թվով 41-ի դեպքում յուրաքանչյուր ենթավարկի չափը կազմել է 30 հազար ԱՄՆ դոլար եւ ավել: Սակայն տրված ենթավարկերից 13-ի դեպքում տնտեսվարողը, մինչեւ ենթավարկի մարելը, լուծարվել կամ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Իսկ վարկի հետագա մարումների մասին` ոչ մի տեղեկություն:
ՎՊ-ի կողմից ընտրանքային կարգով ուսումնասիրվել է 19 ենթավարկ, որից 11-ում շեղում չի հայտնաբերվել, իսկ 8-ը չի համապատասխանել ծրագրով սահմանված պահանջներին: Մասնավորապես, 50 հազար ԱՄՆ դոլարը տրվել է բեռնատար մեքենա եւ կցորդ գնելու համար, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ կցորդը չի գնվել, իսկ բեռնատարը գնված է եղել դեռ մինչեւ վարկի տրամադրումը:
Մեկ այլ օրինակ՝ ապակեպատ ջերմոց կառուցելու համար ֆիզիկական անձին տրամադրվել է 25 հազար ԱՄՆ դոլարի վարկ, սակայն վերջինս այդպես էլ այն չի կառուցել: ԾԻԳ-ի կողմից իրականացված «մոնիտորինգի» փաստաթղթերով արձանագրվել է, որ անձը ստացված վարկային միջոցների հաշվին հիմնադրել է «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ն եւ մասնակցել «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից ջերմոցների ցուցադրական տեղամասի կառուցման աշխատանքներին: Սակայն ՎՊ-ի կողմից ֆինանսների նախարարությանն արված հարցմամբ պարզվել է, որ «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ն հիմնադրված է եղել նշված վարկը ստանալուց դեռեւս երկու տարի առաջ: Դեռ ավելին՝ ջերմոցի ցուցադրական տեղամասի կառուցման աշխատանքներին «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի մասնակցության փաստը հիմնավորող որեւէ փաստաթուղթ ընկերությունը չի կարողացել ներկայացնել:
Ըստ ՎՊ-ի՝ որոշ դեպքերում պարզապես անտեսվել է ենթավարկի բուն նպատակը: Ենթավարկառուի բանավոր հայտարարությունն ընդունվել է որպես պաշտոնական հիմնավորում: Ենթավարկի գումարի չափի հիմնավորվածությունը մի շարք դեպքերում չի ստուգվել: Համարժեք աշխատանքների համար տրվել են տարբեր չափի վարկեր:
Այսպիսով` ստացվում է, որ տվյալ դեպքում ԾԻԳ-ը ստանձնել է միջնորդ բանկի գործառույթներ` ակնկալելով ոչ փոքր շահույթներ, սակայն, այդուհանդերձ, չի վերահսկել վարկերի տրամադրման ընթացքը: Մինչդեռ խոսքը պետության կողմից երաշխավորված ֆինանսական ռեսուրսների տնօրինման մասին է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
160 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում նախատեսվում է 160 հազար եվրո հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ղարիբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի», «Բաղդասարյանը եւ Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղասաբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռների կատարման համար: Նշված գործերով վճիռները ԵԴ-ն կայացրել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին:
52 հազար եվրոյին համարժեք դրամը կտրվի «Ղարիբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով դիմողներին որպես փոխհատուցում: 44 հազար եվրոյին համարժեք դրամը կտրվի «Բաղդասարյանը եւ Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով եւ 64 հազար եվրոյին համարժեք դրամը՝ «Ղասաբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով դիմողներին: Ի դեպ, համապատասխան վճիռները ուժի մեջ են մտել փետրվարի 13-ին, իսկ դրանց կատարման վերջին ժամկետը երեկ էր:
Մասնավորապես, Ղարիբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի գործի պատմությունն այսպիսինն է՝ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2005 թվականին պետության կարիքների համար սեփականատերերից օտարվել է Բուզանդի 25 հասցեում գտնվող 44.1ք.մ. մակերեսով բնակարանը: Սեփականատերերին` Ղարիբյանների երեք հոգանոց ընտանիքին, որպես փոխհատուցում, այն ժամանակ առաջարկվել է 16 հազար 350 դոլար եւ եւս 12 հազար 638 դոլար, որպես խրախուսում, եթե համաձայնեին պայմանագիրը ստորագրել 5 օրում: Սակայն սեփականատերերն առաջարկը մերժել են: Եւ կառուցապատողի բողոքի հիման վրա 2005 թվականի սեպտեմբերի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է նրանց կնքել պայմանագիր` 16 հազար 350 դոլար գումարով: Իսկ արդեն 2005 թվականի հունիսի 1-ին Ղարիբյանները դիմել են ՄԻԵԴ` ընդդեմ ՀՀ Կառավարության՝ պնդելով, որ խախտվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով եւ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրենց իրավունքները: Ինչից հետո Կառավարությունը դիմումատուներին առաջարկել է հաշտության համաձայնագիր կնքել եւ ՄԻԵԴ-ից նրանց հայցը ետ վերցնել, բայց նրանց արդեն իսկ վճարած 16 հազար 350 դոլար գումարը հետ վերադարձնելու պայմանով: Բացի այս՝ առաջարկվել է նրանց տրամադրել իրենցից վերցված (44.1ք.մ.) բնակարանից 30 մետր հեռավորության վրա՝ Բուզանդ-Կողբացի խաչմերուկում կառուցվող շենքից 120 ք.մ. մակերեսով բնակարան եւ 2005 թվականի օգոստոսից մինչեւ տվյալ շենքի շահագործման հանձնելը ամսական 120 հազար դրամ՝ որպես այլ բնակարան վարձակալելու համար վարձավճար, կամ վճարել 19 մլն 80 հազար դրամ եւ վարձավճարի գումարը: Այս առաջարկը եւս դիմումատուները մերժել են եւ, ի վերջո, ՄԻԵԴ-ում հաղթել, ինչի արդյունքում նրանք կստանան 52 հազար եվրո փոխհատուցում:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՋՐԱՄԲԱՐԸ ԴԱՏԱՐԿ Է ՄՆՈՒՄ
2012թ. մայիսի 2-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի համանուն ջրամբարը Սերժ Սարգսյանի ձեռամբ պաշտոնապես հանձնվեց շահագործման: Գյուղացիները մեծ ոգեւորությամբ են հիշում այդ օրը, երբ Ջրամբարի թողարկման ժամանակ հայտարարվեց, որ ծախսվել է 9,5 մլն ԱՄՆ դոլար համաշխարհային բանկի վարկային միջոցներից եւ 3,1 մլն ԱՄՆ դոլար ՀՀ պետբյուջեից, որի դիմաց պետք է ունենայինք տարեկան 23 մլն խմ ամբարված ջուր (այսքանով պետք է նվազեր Սեւանից ջրի բացթողումը):
Ջրամբարի գործարկման արդյունքում Մխչյանի պոմպակայանում պետք է խնայվեր 10,9 մլն կվտ/ժամ էլԷներգիա: Միայն Կոտայքի մարզում լրացուցիչ 1055 հա հողատարածք պետք է դառնար ոռոգելի, եւ, վերջապես, Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանները պետք է արտադրեին 21 մլն կվ /ժամ լրացուցիչ էժան հոսանք: Մինչդեռ այսօր գյուղացիները մատնացույց են անում Մարմարիկ գետը՝ մինչեւ ջրամբար լցվելը եւ ջրամբարից հետո: Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ «ջրերը ուրախ գալիս են, գնում», իսկ Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ մնում է:
Այս կապակցությամբ «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ Մովսես Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի շարք հարցադրումներ է անում. «Արդյո՞ք արժանահավատ են լուրերը, թե 12,6 մլն ԱՄՆ դոլար ծախսելուց հետո ջրամբարը վերանորոգվել է, չէ որ այն ինչպես վթարային կար, այնպես էլ վթարային մնացել է: Կամ արդյոք Սեւանից 72,2 մլն խմ լրացուցիչ ջրառ նախատեսող օրենքում հաշվառված է Մարմարիկի ջրամբարի 23 մլն խմ ջրաքանակը: Իրատեսական հաշվարկով հիշյալ ջրաքանակը դեռեւս 2013թ-ին պետք է նվազեցված լիներ Սեւանից օրենքով նախատեսված 168 մլն խմ-ից: Եվ վերջապես, ովքե՞ր են մեղավորներն ու պատասխանատուները, որ նախագահի ձեռամբ ջրամբարի գործարկման արարողության ընթացքում հնչեցրած նախագծային չափանիշները մինչեւ այսօր չեն իրականացվել»:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կոտայք