«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս կիրակի Սյունիքի, Տավուշի եւ Լոռու մարզերի թվով 22 համայնքներում տեղի ունեցան տեղական հանրաքվեներ համայնքների խոշորացման համար: Իրավական տեսանկյունից բոլոր երեք մարզերում էլ հանրաքվեները կայացել են, եւ հանրաքվեի դրված հարցն էլ ընդունվել է: Սակայն խոշորացման ծրագրում ներառված համայնքներում քվեարկության առանձին արդյունքները հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ մարզերից առնվազն երկուսում խնդիրներ կան, որի մասին «Ժողովուրդ»-ը վաղուց էր կանխատեսել:
Մասնավորապես, Լոռու մարզում քվեարկությանը մասնակցած ընտրողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել յոթ գյուղերի միավորմանը, որի շրջկենտրոնը պետք է լինի Թումանյան համայնքը: Բայց մյուս կողմից Աթան, Ահնիձոր եւ Շամուտ համայնքները առանձին-առանձին միավորմանը դեմ են եղել: Ստացվում է՝ երեք գյուղեր միավորվեցին Թումանյան համայնքին՝ հակառակ իրենց ցանկության: Նույն իրավիճակն է նաեւ Տավուշում, այստեղ էլ քվեարկածների մեծամասնությունը կողմ է միավորմանը, սակայն Հաղարծին, Թեղուտ եւ Գոշ համայնքները դեմ են եղել: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ արեւմտյան պահանջներից մեկն էլ կատարվեց, եւ ՀՀ Կառավարությունը գյուղերին ստիպողաբար միավորեց՝ հանուն մի քանի միլիոն դոլարանոց գրանտային ծրագրի: Հաշվի չառնվեց փաստը, որ այդ միավորումը մոտ ապագայում ուղղակի կբերի շատ գյուղերի վերացմանը. կտարրալուծվեն խոշորների հետ եւ կկորչեն: Ու այս իրավիճակում մի հարց է առաջանում՝ արդյո՞ք մյուս մարզերի դեպքում էլ պետք է տրվել գրանտային հաճույքներին, թե, այնուամենայնիվ, կթողնեն հանգիստ ապրել, քանի որ մյուս մարզերում աղմուկն անհամեմատ մեծ է լինելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: