Երեկ Սերժ Սարգսյանը ներկայացրել է «Սիրուն չի» սերիալի հերթական սերիան, որն այս անգամ նվիրված էր դատախազության գործունեությանը, եւ ըստ ամենայնի` անձամբ Աղվան Հովսեփյանին: Ի սկզբանե հատուկ շեշտելով «դատախազության գործունեության մեջ առանձին հանցատեսակների` թրաֆիքինգի ու փողերի լվացման դեմ պայքարում նկատելի դրական տեղաշարժը» (տեսնես թրաֆիքինգի մասո՞վ ում նկատի ուներ)` Սարգսյանն այնուհետ անցել է դատախազական համակարգում տիրող անբարոյական, ստոր եւ հղփացած բարքերին. «Այս կարճ ժամանակահատվածում նախագահի աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների եւ բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ: Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցագործությունը: Ավելին, որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր եւ անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում»: Նախ` այնքան էլ հասկանալի չէ, թե որ կարճ ժամանակահատվածը նկատի ունի Սարգսյանը: Իր պաշտոնավարման չորս տարինե՞րը, թե՞ նախորդ նմանատիպ խորհրդակցությանը հետեւած տասնմեկ ամիսները: Ամեն դեպքում, հանրությունը լավ հիշում է ոստիկանության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում հնչեցված «անբարոյական ոստիկան» արտահայտությունն ու դրան հետեւած ընդամենը մեկ նման ոստիկանի` Հովհաննես Թամամյանին պատասխանատվության ենթարկելու իրողությունը: Եւ հիմա պաշտոնապես ասվում է, որ մեզանում կան ոչ միայն «անբարոյական ոստիկաններ», այլեւ «անբարոյական դատախազներ»: Դա, իհարկե, ոչ մեկի համար նորություն չէ, սակայն եթե դա ասում է երկրի նախագահը, ընդ որում հիշեցնելով, որ անցած տարի՝ դեկտեմբերի 22-ին կայացած խորհրդակցության ընթացքում ինքը հստակ հանձնարարականներ է տվել, սակայն «դասեր չեն քաղել, որովհետեւ դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երեւույթների դեմ», նշանակում է, որ այդ ամենից հետո նա առնվազն պետք է պահանջեր Աղվան Հովսեփյանի հրաժարականը: Նման բան, սակայն, տեղի չունեցավ, Սերժ Սարգսյանը հանդես եկավ դատախազական համակարգում տիրող «անբարո եւ հղփացած» բարքերն արտացոլող երկար ցուցակի հրապարակմամբ` վերջում, սակայն, ասելով, որ առաջիկայում կանդրադառնան քննության որակին եւ կոնկրետ փաստերին: «Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպես կարող է այսպիսի մթնոլորտ լինել»,-հարցրել է Սարգսյանը: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու նման հարցադրումից հետո մեզ մնում է հարցնել միայն. ինչ-որ մեկը կարո՞ղ է ժողովրդին բացատրել, թե անբարոյական իրավապահներին չպատժող երկրի ղեկավարին ինչպես կարելի է բնութագրել:
ՎԱՅ ԱՂՎԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ