Դիլիջանի ՊՆ N զորամասում 22-ամյա ժամկետային զինծառայող Սամվել Հարությունյանի մահից անցել է ավելի քան 10 ամիս, սակայն, նախնական վարկածով, ինքնասպանության դեպքի մի շարք հանգամանքներ դեռևս առեղծված են: Դեպքից հետո զինծառայողի հարազատներն Armlur.am-ի թղթակցին վստահեցրել էին, որ որևէ խնդիր Սամվելը չուներ, մահից երկու օր առաջ էին հետը խոսել, նա չէր գանգատվել որևէ բանից, ծառայությունից գոհ էր: Երևանի պետական մանկավարժական համալսարանի սանը, հարազատների խոսքով, մշտապես աչքի էր ընկնում իր խոհեմությամբ և մարդասիրությամբ և երազում էր հոր պես հայրենիքի արժանի զինվորը լինել:
Կատարվածի առնչությամբ ավելի ուշ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր նման դեպք մտահոգում է բանակին, մանավանդ, որ 2014-ին առաջին անգամ են նման դեպքի հետ առնչվել, հատկապես, քանի որ պայքար է մղվում արատավոր փողոցային բարքերի դեմ. «Այն զորամասերում, որտեղ կան թերություններ, դրանք համապատասխան ուղղություն են ստանում և արժանի պատիժն են ստանում: Ինձ թվում է՝ դեպքը տեղի է ունեցել և՛ միջանձնային հարաբերությունների, և՛ փոխվստահության մթնոլորտի բացակայության արդյունքում»:
Նախարարը մտահոգություն էր հայտնել, որ հատկապես պահեստային, ոչ առաջնային գծերի զորամասերում գրանցված նման դեպքերը իր համար անընդունելի են: Հարցին՝ նման դեպքերի գրանցման պատճառ կարո՞ղ է լինել պարապ մնալը, զինվորների առօրյայի ոչ հագեցվածությունը, պատասխանել էր. «Նման արտակարգ պատահարներ տեղի չեն ունենում այն զորամասերում, որտեղ արդյունավետ ուսումնական գործընթաց է կազմակերպվում: Այն զորամասերում են տեղի ունենում, որտեղ անձնակազմը ազատ է, թողտվության մեջ է, ազատ վիճակում սկսում են այս կամ այն բանի մասին մտածել: Նման դեպքեր գրանցվելու պատճառներից մեկը նաև պարապ մնալն է»:
Արձանագրելով նախարարի վերոնշյալ հայտարարություններն ու որոշումը, որով հրամանատարն ու նրա երկու տեղակալները տարբեր կարգի գրավոր նկատողություններ էին ստացել, և դիվիզիոնի հրամկազմը` թվով 4 սպա, ազատվել էին պաշտոնից` կարող ենք ենթադրել, որ շարքային զինվորի մահը ՊՆ մի շարք աշխատակիցների խղճի ու պատասխանատվության վրա է:
Նկատենք, որ դեպքից օրեր անց ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Սամվելի ծառայակից ընկերը` Վարդան Դավթյանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, որոնք, սակայն, վարույթն իրականացնող մարմինը չէր հրապարակում: Քննչական կոմիտեից Armlur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, արժանապատվությունը նվաստացնելով) և 358 հոդվածի 1-ին մասերով (պետի նկատմամբ բռնություն գործադրելը), 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինվորի կողմից):
Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին նաև, որ ժամկետային զինծառայող Վարդան Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նշված հանցագործությունների համար նախատեսված կալանավորման առավելագույն՝ 6 ամսյա ժամկետը լրանալու կապակցությամբ որոշում է կայացվել Վ. Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց հրամանատարության հսկողությանը հանձնելն ընտրելու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը: