Ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում տեսնելով նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումների ընթացքում արված մի քանի աշխատանքային լուսանկարներ, առկա տեղեկատվական գրառմանը հավելել է իր մեկնաբանությունը. “Ֆիլմը նվիրված է Գարեգին Նժդեհին: Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Դերասանական կազմում ընգրկված են ինչպես նոր, այնպես էլ արդեն հայտնի եւ սիրված դերասաններ՝ Խորեն Լեւոնյան, Արտաշես Ալեքսանյան, Վարշամ Գեւորգյան, Շանթ Հովհաննիսյան եւ այլք: Ֆիլմի նկարահանումները սկսվել են Գյումրիում բավականին սուղ միջիցներով: Այժմ աշխատանքային անձնակազմը գտնվում է Վարշավայում, եւ շարունակվում են նկարահանումները: Ի դեպ, ֆիլմի նկարահանումների համար արտասահմանից հրավիրվել է գլխավոր նկարիչ, հատուկ էֆեկտների մասնագետ Անդրեյ Նովիկովը, ով ասել է, որ շատ գոհ է թիմի պրոֆեսիոնալիզմից: Դեռ որոշված չէ, թե ով կլինի ֆիլմի սաունդթրեքի հեղինակը, բայց ամենայն հավանականությամբ, այդ գործը կվստահվի Հայկոյին: Ֆիլմը պատրաստ կլինի տարեվերջին: Մի կադրից արդեն պարզ է` ագռավները փորձում են արծիվ ձեւանալ: Պատրաստվում է հերթական կեղծ ու պաթետիկ խայտառակությունը` մեր իսկ փողերով: Նժդեհի անվան Սուրեն Սպանդարյանի արձանն ու հրապարակը` հարակից դախլաներով ու գիշերային ակումբներով: Հմեկական սերիալ…”
Չէինք կարող այս գրությունն աննկատ թողնել եւ հենց ռեժիսորից էլ պարզեցինք, թե ինչու է նման կերպ արտահայտվել դեռ չտեսած աշխատանքի մասին:
-Պարո՛ն Խզմալյան, Ձեր թողած գրությունը քննարկումների առիթ տվեց, ինչո՞ւ եք այդպես արտահայտվել, տեսե՞լ եք այդ ֆիլմը, որ կարծիք եք հայտնում:
-Դե քանի որ այն դեռ նկարահանվում է, բնականաբար, չեմ տեսել, ամենայն հավանականությամբ, ֆիլմը չեմ էլ դիտի: Ճիշտն ասած, նաեւ զղջացի, որ չտեսած ֆիլմի մասին եմ խոսում, քանի որ ինքս էլ եղել եմ չավարտած ֆիլմերի քննադատման թիրախ: Ես ֆիլմը չեմ քննադատում, ո՛չ օրիորդ Հովհաննիսյանին, ո՛չ էլ ուրիշ մեկին: Ինձ արժեքների եւ կեղծ հայրենասիրության հարցն է անհանգստացնում: Ու այն, որ արտահայտվում է ֆիլմի ձեւով: Ինձ համար որպես ռեժիսոր է ցավալի, որովհետեւ նման օրինակները գնալով շատանում են: Կան այն վերջին խարիսխները, որ մեզ՝ որպես ազգ, միավորում են, եւ շատ վտանգավոր է, երբ այդ խարիսխները սկսում են ժանգոտել: Որովհետեւ շահագործել եւ չարաշահել նման բաները, արդեն սրբապղծություն է: Այլ կերպ ասած՝ Նժդեհը, ինչպես եւ մի քանի այլ անուններ, հայերիս համար մետաֆիզիկ, միստիկ ուժ ունեն: Եւ երբ դրանց դիպչում են մարդիկ, որոնք չեն ապացուցել իրենց դիպչելու իրավունքը, սկսվում է շատ մեծ խնդիր:
Վերջիվերջո, ես իմ գեղարվեստական ճաշակը չեմ թելադրում, ինքս էլ նման թելադրանք ուրիշներից չեմ ընդունում, ուղղակի կարող եմ տեսնել՝ ով ինչ է արել, ու ցանկացած մարդ իր կարծիքը կարող է կառուցել այդ հիմքի վրա: Օրինակ՝ երբ մենք գնում ենք բժշկի կամ դերձակի մոտ, նախապես հարցուփորձ ենք անում նրանց մասին:
Կա ազգային հարց, որոշ թեմաներ, որոնց մենք չենք կպնում, մենք չենք համարում մեզ պատրաստ: Երբ Ատոմ Էգոյանը ,Արարատե ֆիլմն էր նկարում, որը շատ հետաքրքիր ու տաղանդավոր ֆիլմ է, շատերի սպասելիքներն այնքան մեծ էին, հատկապես որ անունն ,Արարատե էր, որ շատ-շատերին հիասթափեցրեց այդ ֆիլմը, քանի որ դրան չէին վերաբերում որպես Ատոմ Էգոյանի հերթական ֆիլմ:
Ռուսներն առ այսօր ոչ մի ֆիլմ չեն նկարել Պուշկինի մասին, գիտե՞ք ինչու, որովհետեւ մի քանի ռեժիսորներ, որոնք սկսել էին նկարել, մի պահ կանգ են առել ու մտածել՝ իրենք իրենց իրավունք վերապահո՞ւմ են նման մարդու մասին ֆիլմ նկարել:
Եւս մի օրինակ. երբ 70-ական թվականներին նկարահանվեց ,Հիսուս Քրիստոս՝ գերաստղե ռոք օպերան, դա արդեն նոր ժանր էր, որը ենթադրում էր որոշակի ստեղծագործական ազատություն ու դոգմաների մերժում: Հռոմի Պապը հրավիրեց Քրիստոսի դերակատարին, ու նրանց միջեւ կայացած խոսակցությունից հետո այդ դերասանն այլեւս ոչ մի տեղ չխաղաց: Ես այս ամենն ասում եմ ոչ նրա համար, որ գրաքննություն եմ առաջարկում, այլ որ մեր արածը եւ դեռ չարածը ազդում է բոլորիս վրա ու այն անունների վրա, որոնք պատրաստվում ենք օգտագործել:
Նժդեհն այն գոտին է, որի վրա արգելված է քայլել, Խոսրովի անտառի պես արգելոց է, այնտեղ գնալու համար հատուկ թույլտվություն է պետք: Ես իմ կողմից՝ որպես քաղաքացի, ոչ որպես արվեստագետ, նման թույլտվություն այդ խմբին չեմ տալիս, որովհետեւ ես տեսել եմ նրանց աշխատանքները ու սարսափում եմ, որ ազգիս հերթական անգամ անճաշակության ու դատարկ պաթոսի հարված է հասցվելու:
-Իսկ ո՞ւմ նկատի ունեիք` գրելով, որ ագռավները փորձում են արծիվ ձեւանալ:
-Չեմ կարծում, որ ասածս պետք էր ուղղակի ձեւով հասկանալ: Ես ընդամենը ասում եմ, որ ագռավն իր գործն ունի, արծիվը՝ իր: Երեւանում ագռավներ շատ են ապրում: Նկատե՞լ եք, որ արծիվներ չկան, նրանք ուրիշ տեղ են ապրում, բնական է, չպետք է քաղաքում ապրեն: Ամեն մեկն այս աշխարհում ունի իր դերը: Ունեն իրենց դերը նաեւ այն մարդիկ, որոնք արծիվ են փորձում ձեւանալ: Մենք այնքան շատ ունենք ե՛ւ բազեներ, ե՛ւ արծիվներ ու առյուծներ, որ բնավ կարիք չկա իսկական արծիվին վերցնել ու ագռավի փետուրներով թռցնել: Դա ազգային խայտառակություն է:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ