ԻՐԵՆՑ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԿԽՈՇՈՐԱՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի Հայաստանի երեք մարզերի՝ Լոռիի, Սյունիքի եւ Տավուշի մի շարք գյուղերում համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվեներ են անցկացվել: Լոռու եւ Տավուշի մի քանի համայնքներում բնակիչների մեծ մասը դեմ է քվեարկել համայնքների խոշորացմանը: Սակայն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք շրջելու են այդ գյուղերով եւ զրուցելու են մարդկանց հետ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով` Լոռու մարզում գրանցվել են հետեւյալ արդյունքները՝ Աթան գյուղում 42 բնակիչ «այո» է քվեարկել համայնքների խոշորացմանը, իսկ 55-ը՝ «ոչ», Ահնիձորում 33-ը՝ «այո», 40-ը՝ «ոչ», Թումանյանում 576-ը՝ «այո», 36-ը՝ «ոչ», Լորուտում 125-ը՝ «այո» 115-ը՝ «ոչ», Մարցում 99-ը՝ «այո», 31-ը՝ «ոչ», Շամուտում 19-ը՝ «այո», 64-ը՝ «ոչ», իսկ Քարինջում 113-ը՝ «այո», 83-ը՝ «ոչ»: Տավուշի մարզի Գոշ գյուղում 103 քաղաքացի «այո» է քվեարկել, իսկ 172-ը՝ «ոչ», Թեղուտում 167-ը՝ «այո», իսկ 222-ը՝ «ոչ», Հաղարծինում «այո» քվեարկել է 243 քաղաքացի, իսկ «ոչ»՝ 444-ը:
Սյունիքի մարզի Խոտ գյուղում 365 բնակիչ «այո» է քվեարկել, 12-ը՝ «ոչ», Հալիձորում 173-ը՝ «այո», 38-ը՝ «ոչ», Հարժիսում 304-ը՝ «այո», 30-ը՝ «ոչ», Շինուհայրում 1079-ը՝ «այո», 19-ը՝ «ոչ», Սվարանցում 140-ը՝ «այո», 2-ը՝ «ոչ», Տաթեւում 389-ը՝ «այո», 21 «ոչ» է քվեարկել: Իսկ, ահա, Տանձատափում եւ Քաշունիում բոլոր գյուղացիները «այո» են քվեարկել: Այս երկու գյուղերում «ոչ» քվեարկող չի եղել: Ի դեպ, շաբաթներ առաջ Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ այս գյուղում ապրում է ընդամենը չորս բնակիչ, եւ անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ հանրաքվեին մասնակցել է 16 գյուղացի: «Սածիլ ենք արել. մեր գյուղի բնակիչներն են, ովքեր չեն ապրում գյուղում: Եկել են, քվեարկել են ու հույս ունեն, որ լավ կլինի, ճանապարհները կկառուցվեն, ոռոգման ջուր կունենանք: Հարյուր ու մեկ հոգս ունենք: Գորիսի կամ Շինուհայրի կողքին թող մի շենք կառուցեն ու տան քաշունցիներին, որ քոչենք Քաշունիից: Թե չէ այստեղ հոգսերը ծանր են. կտրված ենք աշխարհից, ճանապարհները հեռու են ու քանդված: Բայց այս ծրագիրը, որ ի կատար ածվի, լավ կլինի, միայն լավ իմացեք, որ գյուղերը սրա արդյունքում մարվելու են: Աստված թող վերջը լավ անի: Նա մի հնար կգտնի»,- հույս հայտնեց գյուղապետ Հակոբյանը:
Ի տարբերություն Քաշունիի, Լոռու մարզի Շամուտ գյուղի բնակիչների մեծ մասը՝ 64 բնակիչ, «ոչ» է քվեարկել համայնքների խոշորացմանը, իսկ 19-ը՝ «այո»: Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց տեղեկացնել, որ մինչ տեղական հանրաքվեն, գյուղի բնակիչները դեմ են եղել համայնքների խոշորացմանը: «Համայնքն ինչպես որոշել է, այդպես էլ արել է: Հիմա վաղը օգուտ կանեն, թե վնաս, խիղճը իրենց վիզը: Բայց ժողովուրդը հիմնականում դեմ է: Եթե ես ժողովրդին ասեի՝ այո՛, քվեարկեցեք, կթեքվեն ու ինձ կասեն՝ կառավարության մարդն ես, ուրեմն քեզ կաշառել են, որ նման խորհուրդներ ես մեզ տալիս: Կհարցնեն՝ դու ինչո՞ւ ես շահագրգռված համայնքների խոշորացման հարցով: Դրա համար էլ, այդ հարցերից խուսափելու նպատակով, ամսի 20-ից դեսը բուլետինի մեջ եմ ու սրտի վիրահատություն եմ տարել: Չեմ խառնվում ոչ մի խոսակցության»,- հայտարարեց Շամուտի գյուղապետը: Իսկ Տավուշի մարզի Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը հարցը լսելուն պես անջատեց հեռախոսը ու ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հավանաբար պատճառն այն էր, որ այս գյուղում բնակիչների մեծ մասը՝ 444-ը «ոչ» է քվեարկել, իսկ 243-ը՝ «այո»:
Լոռու մարզի Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանի խոսքերով՝ գյուղացիները մտավախություն ունեն, որ համայնքների խոշորացման արդյունքում իրենք ոչինչ չեն շահի, հակառակը՝ գյուղի համար ավելի վատ կլինի: «Բայց խոստումներ են տվել, տեսնենք՝ ինչ կլինի: Ահնիձորցիները շատ մտահոգված են ու չեն հավատում, որ լավ կլինի: Մեր գյուղի բյուջեն կազմում է 2 մլն դրամ, եւ ոչ մի խնդիր չի լուծվում: Սա է նրանց մտահոգությունը: Իսկ թե ինչ կլինի համայնքների խոշորացման արդյունքում, հետո պարզ կդառնա», – ասաց Ահնիձորի գյուղապետ Քառյանը:
«Ժողովուրդ»-ը այս հարցերի շուրջ զրուցեց նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու այն համայնքների հարցը, որտեղ հանրաքվեի արդյունքները բացասական են:
-Պարո՛ն Երիցյան, ինչպե՞ս եք գնահատում համայնքների խոշորացման հարցով տեղի ունեցած հանրաքվեն: Ձեզ գոհացնո՞ւմ են արդյունքները:
-Շատ նորմալ եմ գնահատում հանրաքվեի ե՛ւ ընթացքը, ե՛ւ արդյունքները: Ժողովուրդն իր ընտրությամբ ներկայացրել է այն, ինչն ինքը կամենում էր, որ լիներ: Ես կարծում եմ, որ դա եղավ մեր զրույցների, հանդիպումների ու քննարկումների արդյունքում: Այսօր գյուղացին գիտի, թե ինչ է ուզում, եւ որն է նրա անելիքը: Այդ հարցում ու, ընդհանրապես, գյուղացին իր «այո»-ով կարողացավ ապագա քայլերի մասին մտածել, պլանավորել իր ապագան: Գյուղացին գիտի, թե իր վաղվա օրն ինչ է, ու ինչ է իրենից պահանջվում, որպեսզի այն լավը դարձնի: Ես կարծում եմ, որ մենք ապագայում լավ, օրինակելի գյուղեր ենք ունենալու:
-Բայց կան գյուղեր, որոնց բնակիչների մեծ մասը «ոչ» է ասել համայնքների խոշորացմանը: Այս համայնքների հարցը ինչպե՞ս է լուծվելու:
-Այդտեղ որեւէ արտառոց բան չկա, քանի որ մենք վաղուց ենք հայտարարել, որ դա պիլոտային ծրագիր է: Մենք առաջիկայում կրկին կզրուցենք գյուղացիների հետ, նրանց ներկայացնելու ենք այն ծրագրերը, որոնք իրականացնելու ենք գյուղերում: Մենք գյուղեր կգնանք, կզրուցենք նրանց հետ, կսկսենք իրականացնել մեր նախատեսած ծրագրերը, ու ամեն ինչ ավելի պարզ ու հստակ կլինի նրանց համար: Կարծում եմ՝ ինչ-որ անհասկացվածություն է եղել, որը մենք շտկելու ենք: Ես բազմիցս հայտարարել եմ, որ սա շարունակական աշխատանք է լինելու:
«Ժողովուրդ»-ը պարզեց՝ չնայած որոշ համայնքների բնակիչների մեծ մասը խոշորացմանը դեմ է քվեարկել, այնուամենայնիվ, այդ յոթ համայնքների միավորումը օրենսդրական տեսանկյունից համարվում է ընդունված: Սակայն այստեղ խնդիր է առաջանում. ստացվում է, որ կոնկրետ գյուղեր կան, որոնք իրենց կամքին հակառակ են միավորվելու: Այսուհանդերձ, մեկ բան ակնհայտ է` այս հարցով իրավասու մարմինները շրջելու են գյուղերով, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա: Նկատենք, որ, ինչպես միշտ, Սյունիքի մարզը ամենահնազանդ վարքագիծն է դրսեւորել, ինչը բոլորն էլ պայմանավորում են մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` մարզում ունեցած ազդեցությամբ:

 

 

 
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՎԵՐԱՑՐԱԾ՝ ՍԱԿԱԳԻՆՆ Է ԹԱՆԿԱՑՆՈՒՄ

Հանգստյան օրերին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի բնակիչների մեծ մասը էլեկտրաէներգիա չի ունեցել: Ու սա առաջին դեպքը չէ: Նկատենք, որ նման իրավիճակ առկա է ոչ միայն Չարենցավանում, այլեւ ՀՀ շատ համայնքներում եւ քաղաքներում, այդ թվում՝ նաեւ մայրաքաղաք Երեւանում: Այս գործելաոճը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար, կարծես, ավանդույթ է դարձել:

«Ժողովուրդ»-ին ահազանգած Չարենցավանի բնակիչները տեղեկացրին, որ իրենք հանգստյան օրերին էլեկտրաէներգիա չեն ունեցել, ընդ որում, նախապես տեղյակ չեն էլ պահել այդ մասին: Նրանք ստիպված են եղել մեկ ամբողջ օր մնալ առանց էլէներգիայի: Ավելին՝ Չարենցավանի համար 2-րդ դպրոցում շաբաթ օրը պետք է միջոցառում տեղի ունենար, սակայն էլեկտրաէներգիա չլինելու պատճառով այն հետաձգվել է: Չարենցավանում էլէներգիայի անջատումների վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ, ով չհերքեց տեղեկությունը եւ ասաց. «Մի կաբելի հետ կապված խնդիր է եղել: Մենք Խանջյան փողոց ունենք, որտեղ ես ինքս տեսել եմ, թե ինչպես են ՀԷՑ-ի աշխատակիցները գործ անում այդտեղ: Իրենցից հետաքրքրվեցի, պարզվեց, որ այդ հատվածից սնուցվում է 2-րդ դպրոցն ու հարակից շենքերը: Բայց լուրջ բան չկար: Հակառակը՝ Չարենցավանում ամեն ինչ կարգին է, նման անջատումներ գրեթե չեն լինում»: «Ժողովուրդ»-ը քաղաքապետ Շահգալդյանից հետաքրքրվեց՝ որպես Չարենցավանի բնակիչ ինչպես է վերաբերվում էլէներգիայի սակագնի բարձրացմանը: Հարցին ի պատասխան՝ Շահգալդյանն ասաց. «Բնականաբար դա բոլորիս գրպանին էլ հարվածելու է: Չարենցավանում կան ընտանիքներ, ովքեր սոցիալական ծանր պայմաններում են ապրում: Ճիշտ կլինի, երբ Ազգային ժողովում այս հարցը քննարկվի: Բայց այդ թանկացումը անպատճառ կազդի մեր բոլորի սոցիալական վիճակի վրա»:
Ի դեպ, ՀԷՑ-ից խոստացան պարզաբանել՝ ինչու է Չարենցավանը համարյա մեկ օր մնացել առանց էլէներգիայի, սակայն մեր հարցը մնաց անարձագանք: Հերթական անգամ փաստենք, որ ՀԷՑ-ը հաճախ է աչքի ընկնում իր անբարեխիղճ վարքագծով: Մինչդեռ քաղաքակիրթ այլ երկրներում նման ընկերությանն առնվազն կտուգանեն: Սակայն մեր երկրում գործող իշխանությունը նման երեւույթների առաջ մշտապես աչք է փակում:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿՀՍՏԱԿԵՑՎԵՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը սկսել է Շիրակի մարզում իրականացնել համայնքների սահմանային հատվածների հստակեցումներ, քանի որ մարզում քիչ չեն այն համայնքները, որոնք 2010 թվականին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում լրացումներ կատարելուց հետո, ունեցան սահմանախախտումներ եւ հայտնվեցին խնդրահարույց իրավիճակում:
Ըստ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանի՝ նման համայնքներ կան Ախուրյանի տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ Արփի լճի հարակից հատվածում, որտեղ հատկապես առանձնանում է Շաղիկ համայնքը: Տեսչության պետի խոսքով՝ ներկայումս մարզպետարանի՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ քարտեզագրության ու գեոդեզիայի վարչության մասնագետները կատարում են չափումներ ու քարտեզագրումներ, ինչպես նաեւ՝ իրականացնում համայնքների սահմանային նիշերի տեղադրում:
Այս ամենից բացի՝ եւս մեկ նորարարություն է կատարվելու մարզում. համայնքների վարչական սահմաններին կից պետական սեփականություն հանդիսացող եւ գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողակտորները հանձնվելու են համայնքների տնօրինությանը: Այդպիսով` համայնքապետերին հնարավորություն է տրվելու դրանք հանձնել վարձակալության ու ստացված եկամուտը մուտքագրել համայնքի բյուջե: Վերջին նորարարության համար, ինչպես նշեց Զորիկ Խաչատրյանը, հիմք են ընդունվել որոշակի սկզբունքներ ու չափորոշիչներ, մասնավորապես` պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորների համայնքների հետ սահմանակցությունը, ճանապարհների առկայությունը, համայնքների բնակչության թիվն ու անասնագլխաքանակը (նպատակահարմարությունը հստակեցնելու համար):
Մարզային պատասխանատուները հույս ունեն, որ այս աշխատանքների ամփոփումից հետո կվերանան նաեւ համայնքների միջեւ առկա հողային վեճերը, որոնց ամենաթարմ օրինակը Հառիճ-Նահապետավան վեճն էր արոտավայրի շուրջ: Իսկ մարզի համայնքային վարչական սահմանների հստակեցման ու վերաբաշխումների աշխատանքները միջգերատեսչական հանձնաժողովը կավարտի մինչեւ աշուն, որից հետո արդեն համայնքապետերին կփոխանցվեն իրենց համայնքների վարչական նոր սահմաններն ու տիրապետությանը հանձնված հողերի հստակ չափագրմամբ քարտեզները:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս