Վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել կարծիքների, ըստ որոնց, անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանն ինչու է հանդուրժում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, արդյոք չի գիտակցում, որ նա իր կերպարով վարկաբեկում է իշխանություններին: Ընդ որում, նման կարծիքներ հնչեցնում են ինչպես իշխանությունների կողմից հովանավորվող անհատները, այնպես էլ մարդիկ, որոնք հայտնի են իրենց ընդդիմադիր հայացքներով:
Այս մոտեցումը, սակայն, ի սկզբանե սխալ հենքի վրա է կառուցված, քանի որ ենթադրում է, որ Սերժ Սարգսյանին հուզում է, թե հանրությունն ինչ կարծիք ունի իշխանությունների մասին: Այնինչ, տարիների փորձը ցույց է տվել, որ թե՛ ներկա եւ թե՛ նախորդ իշխանություններին առանձնապես չի հետաքրքրել, թե Հայաստանի հասարակությունն իրենց մասին ինչ է մտածում: Նրանք համոզված են, որ կգա օրը, կնշանակվեն ընտրություններ, եւ իրենք «կխփեն այնքան, որքան ուզում են»: Այսինքն՝ պաշտոնյաները, իշխանական գործիչները գնահատվում են այն տեսանկյունից, թե նրանք «թիվ խփելու գործում» որքան հաջողված են, կամ այլ կերպ ասած՝ ընտրություն կեղծելու տեսանկյունից օգտակար գործողության ինչ գործակից ունեն: Երբ նրա այդ «ՕԳԳ»-ն ցածր է լինում, ապա իշխանությունների համար ձեռնտու չի լինում նրանց շուրջ բարձրացած աղմուկը լռեցնել: Արդյունքում, համապատասխան պաշտոնյան հրաժարական է տալիս եւ գնում իր բիզնեսներով զբաղվելու` հույս ունենալով, որ իր «հերոսությունները» կմոռացվեն, եւ ինքը կրկին ինչ-որ պաշտոնի կնշանակվի:
Սակայն Սուրիկ Խաչատրյանն իշխանությունների համար ամենաբարձր «ՕԳԳ» ունեցող պաշտոնյաներից է: Ավելին՝ նա ընդամենը մի քանի օր առաջ Սյունիքի մարզի ութ գյուղերում անցկացված հանրաքվեի արդյունքում եւս մեկ անգամ դա ապացուցեց: Ուշադրություն դարձրեք, երբ մայիսի 3-ին հայտնի դարձավ նախորդ օրը Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, երբ բոլոր լրատվամիջոցները իրավապահներին «ոտատակ» էին տալիս, երբ Սյունիքի ֆեոդալին արդեն բոլորը գամել էին անարգանքի սյունին, իշխանական ներկայացուցիչներից եւ նրա պաշտոնյա ընկերներից ոչ մեկը չէր համարձակվում փորձել նրան սատարել: Այնպիսի տպավորություն էր, որ բոլորը մի կողմ են քաշվել եւ կողքից հետեւում են, թե ինչ տեղի կունենա Սուրիկ Խաչատրյանի հետ: Բայց կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեից հետո, երբ կրկին հաստատվեց, որ Սյունիքի մարզպետն առաջվա պես ամենաարդյունավետ «թիվ խփողներից» է, նրան սատարողների մի իսկական հերթ գոյացավ: Սեյրան Սարոյանը, մարզպետի անգլերենի նախկին դասատուն, եւ էլի մեկ-երկուսն առանց ամաչելու Սուրիկ Խաչատրյանին սկսեցին հրապարակավ պաշտպանել:
Զուտ բանականության տեսանկյունից անհասկանալի էր, թե ինչ են ուզում ասել Սուրիկ Խաչատրյանին պաշտպանողները, ի՞նչ է նրանց ուզածը, որպեսզի նա իր որդու հետ շարունակի՞ անարգել մարդ ծեծել ու խեղել այլոց ճակատագրե՞րը:
Կարելի է կարծել, թե մեկ կետից բոլորին հրահանգել են լծվել Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությանը: Իրականում, սակայն, ոչ ոք էլ չի հրահանգել, եւ նրանք բոլորն ինքնակամ են լծվել, քանի որ իրենք լավ գիտեն, թե պաշտոնյաների մնալ-չմնալու հարցն ինչպես է լուծվում, եւ որ գործոններն են ամենակարեւորը. ժրաջան ընտրակեղծարարներին երբեք չեն ազատում:
Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավ կողմը շարքային սյունեցիներն են, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքների բնակիչները: Կասկած չունենաք, որ եթե գնաք այդ գյուղերը եւ բնակիչներին իրենց կյանքից հարցնեք, ապա բողոքի մի անվերջանալի շարան կներկայացնեն: Մի մասը կեսձայն, մյուսները բարձրաձայն կբողոքեն մարզպետից, կդժգոհեն, թե ինչու Սերժ Սարգսյանը նրան չի ազատում: Բայց խնդիրն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման երկարաձգման համար նշված գյուղերի բնակիչները գործնականում իրենք իրենց պետք է «շնորհակալ» լինեն: Եթե նրանք ընդդիմանալու մի փոքր կարողություն ունենային, ապա գուցե եւ Սուրիկ Խաչատրյանից նրանք, ի վերջո, ազատվեին, ու իրենց կյանքում ինչ-որ մի դրական փոփոխություն, այնուամենայնիվ, լիներ:
Հ.Գ. Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, երեկվա դրությամբ շարունակում էր որպես վկա անցնել մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Հիշեցնենք, նշված օրը Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Տիգրան Խաչատրյանը եւ նրա` մոտ երեսուն ընկերները ծեծի էին ենթարկել եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին, որոնք հետագայում ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հարությունը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առջեւ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Մինչ քվեարկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն հայտարարեց, որ իրենք որոշել են կողմ քվեարկել: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտարարեց, թե իրենք էլ որոշել են ձեռնպահ քվեարկել, քանի որ սպասելու են, որ մինչեւ երկրորդ ընթերցումն իրենց առաջարկները եւս ընդունվեն: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր հերթին հայտարարեց, որ իրենք եւս ձեռնպահ են քվեարկելու: «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչի համար է այս օրենքի նախագիծը ներկայացված ԱԺ: Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք պատրաստ ենք գնալ հանրաքվեի մեր օրակարգով՝ մերժելով այդ փորձը՝ երկարաձգելու ինչ-որ մեկի իշխանությունը»: Ի վերջո, նախագիծը 100 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց: Նկատենք, որ այս նախագծով հավասարեցվում են հանրաքվեի դրված հարցերի քարոզչության եւ հակաքարոզչության հնարավորությունները:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԷ՞
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այն հայտարարությունները, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է խոչընդոտում Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Արթուր Հարությունյանի` Պալաչի մասնակցությունը: Մանուկյանը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը քաղաքական որեւէ հարցի հետ կապ չունի, ու անհասկանալի է, թե ինչու են նման հայտարարություններ անում: «Բացառված է, որ պարոն Ծառուկյանը խառնվի ինչ-որ բաների, ես չգիտեմ՝ ում է պետք դա, որ նման բաներ են ասում, բայց նման բան չկա»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: «Կարող եք կապնվել ու պարոն Ծառուկյանից էլ ճշտել այդ ամենը, մնացած հարցերից ես տեղյակ չեմ, չեմ էլ ճանաչում Արթուր Հարությունյանին, որ ինչ-որ բաներ ասեմ»,- եզրափակեց Ա. Մանուկյանը:
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՎՆ Ո՞ՒՐ Է
ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է պարենի մատչելիության 2014 թվականի ամփոփ վիճակագրությունը, բայց տարօրինակ է այն փաստը, որ 2014 թվականի աղքատության մակարդակը չի հրապարակվել: Փաստաթղթում ներկայացված են միայն աղքատության հեռավոր՝ 2013 թվականի տվյալները, ըստ որի, այդ ցուցանիշը 32 տոկոս է կազմում: Բնական հարց է ծագում՝ իսկ ինչու 2014-ի ամփոփ թիվը չեն հրապարակում, քանի որ այժմ այդ թիվը պետք է պատրաստ լիներ: Թերեւս պատճառն այն է, որ որքան էլ ԱՎԾ-ն փորձում է թվերը «պլպլացնել», միեւնույն է՝ արդյունքը խայտառակ է ստացվում: Մասնավորապես, աղքատության մակարդակի հարցում կանխատեսվում է, որ այն լինելու է վերջին տասը տարվա կտրվածքով ամենաբարձրներից մեկը: Ուստի հենց այդ պատճառով էլ որոշել են այն չհրապարակել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՆԱ ՏԵՂՅԱԿ ՉԷ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ իրենց նախարարությունը չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե Էլեկտրացանցերում խախտումներ են տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է armlur.am կայքը՝ Զախարյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցմանն ի պատասխան, ասել է. «Նախարարությունը որեւէ իրավասություն չունի ուսումնասիրություններ կատարելու»: Պատգամավորը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել նախարարությանը, որպեսզի կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան նյութեր ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազությանը: Դրան ի պատասխան՝ նախարար Զախարյանը նորից կրկնել է, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում, իսկ եթե պատգամավորը տիրապետում է, ապա իրենք պատրաստ են ընթացք տալ դրան:
ԱՍՈՒՄ Է՝ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի միջամտելու Արտաշատում քաղաքապետի ընտրություններին, որին մասնակցելու համար առաջադրվել է իր որդին՝ Արգամ Աբրահամյանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսս»-ը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ որդին դիմել է իրեն եւ խորհուրդ է հարցրել՝ Արտաշատում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար: «Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունի ընկերներ: Ինքն ինձ ուղղակի ասաց՝ նման առաջարկ է ստացել, եւ ասել՝ ո՞րն է Ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ եւ որպես վարչապետ: Ես ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, նաեւ, իհարկե, ծանր ու պատվաբեր աշխատանք»,֊ «Արմենպրեսս»֊ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը: Նա նշել է, որ որդուն խորհուրդ է տվել ինքնուրույն որոշում կայացնել: Հովիկ Աբրահամյանը նաեւ հավելել է, թե որդուն ասել է, որ չի միջամտելու ընտրությունների ընթացքին:
ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Արեւելյան գործընկերության որոշ երկրներում արձանագրել է մարդու իրավունքների ակնհայտ վատթարացում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նույն լուրից տեղեկանում ենք, որ երկու ամիս առաջ հրապարակված զեկույցում եվրոպացի օմբուդսմենը քննադատել էր Հայաստանի իշխանություններին՝ մասնավորապես մտահոգություն հայտնելով, որ «արդարադատությունն ի կատար է ածվում չափաբաժիններով եւ ընտրողաբար. մի կողմից, իշխանությունների հետ ենթադրաբար կապ ունեցող անձանց նկատմամբ դրսեւորվում է մեղմ վերաբերմունք, մյուս կողմից՝ իշխանություններին ընդդիմացողներն արժանանում են խիստ վերաբերմունքի եւ պատիժների»: Երեկ Ռիգայում Մուժինեկսը եւս մեկ անգամ քննադատել է Հայաստանի իշխանություններին` «Ա1+» անկախ հեռուստաընկերությանն ավելի քան տասը տարի եթեր չտրամադրելու համար:
ՉԿԱՅԱՑԱԾ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Գյումրեցի տաքսու վարորդները երեկ ցանկացել են բողոքի ցույց անցկացնել Գյումրիի կենտրոնական` Վարդանանց հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք է aravot.am կայքից: Տաքսու վարորդները դժգոհ են ՀՀ Կառավարության այն որոշումից, ըստ որի՝ իրենք պետք է ամսական 8 հազար դրամ հաստատագրված վճար մուծեն` տաքսի վարելու համար, հաշվիչներ տեղադրեն եւ այլն: Սակայն վարորդները, դեռ չհավաքված, ցրվել են, եւ բողոքի ակցիան այդպես էլ չի կայացել: