«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջեւ օրեցօր սրվող միջգերատեսչական հակամարտությանը, ասաց, որ հակամարտության մասին խոսք լինել չի կարող, իսկ տարաձայնություններ կան ու կլինեն:
-Պարո՛ն Հովսեփյան, չնայած մշտապես ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազությունը, ե՛ւ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում են, թե երկու կառույցների միջեւ որեւէ հակամարտություն չկա, սակայն ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշումներով նախկինում կարճված քրեական գործեր ուղարկվեցին ՀՔԾ՝ նոր քննության, եւ դրանցից մի քանիսով արդեն իսկ մարդիկ են ձերբակալվում: Արդյո՞ք սա չի վկայում հենց նման լարվածության առկայության մասին:
-Նախ դատախազություն-ՀՀ քննչական կոմիտե հակամարտություն, ինչպես Դուք օգտագործեցիք, եզրույթից բացի, օգտագործվում է նաեւ ուրիշ հարցադրում, օրինակ՝ Աղվան Հովսեփյան եւ գլխավոր դատախազ հակադրություններ: Ուրեմն որեւէ հակամարտություն, հակադրություն, անձնական հարաբերություններում անբարյացակամ մոտեցում երբեւէ չի եղել եւ չի էլ կարող լինել: Դատախազությունը, որտեղ ես աշխատել եմ 40 տարի, իմ տունն է եղել ու մնում է: Ես ավելի շատ իմ կյանքի ժամանակը դատախազությունում եմ անցկացրել, քան իմ բնակարանում, որտեղ ես ապրել եմ: Երբեւէ չեք լսել իմ կողմից նման որեւէ կարծիք կամ անբարյացակամ գնահատական. Ժամանակին նշվում էր, թե անբարյացակամ հարաբերություններ կան Աղվան Հովսեփյանի եւ Հայկ Հարությունյանի, ինչպես նաեւ՝ նախկին ոստիկանապետների կամ ներկայիս ոստիկանապետի՝ Վլադիմիր Գասպարյանի միջեւ: Ասեմ, որ Հայկ Հարությունյանը սովորել է նույն դպրոցում, որտեղ ես եմ սովորել, մենք եղել ենք մանկության ընկերներ: Մեր մեջ անբարյացակամ հարաբերություններ երբեք չեն եղել, մենք ընկերներ ենք, բայց նախկինում՝ որպես ՀՀ գլխավոր դատախազ, եւ Հայկ Հարությունյանը՝ որպես ոստիկանապետ, ունեցել ենք մի շարք հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, որի շուրջ, բնականաբար, վիճել ենք: Ավելին՝ Հայկ Հարությունյանին միջնորդագրեր եմ ներկայացրել ոստիկանության գործունեության հետ կապված, ինչից հետո եղել են ե՛ւ համաձայնություններ, ե՛ւ անհամաձայնություններ: Բնականաբար, նաեւ ծագել են աշխատանքային վեճեր, մասնավորապես, հանցագործությունների գրանցման, հաշվառման հետ կապված: Վլադիմիր Գասպարյանի հետ կապված. երկար ժամանակ շատ մտերմական հարաբերություններ եմ ունեցել: Երբ ես քննիչ եմ եղել, նա իմ քննչական խմբում աշխատել է որպես քննիչ: Մենք մշտապես ընկերներ ենք եղել, եւ անբարյացակամ հարաբերություններ չեն եղել: Եթե կա երեք իրավաբան, ապա նրանցից կարելի է լսել հինգ տեսակետ միեւնույն հարցի վերաբերյալ, եւ, բնականաբար, այս հարցերի շուրջ, թե՛ գիտական, թե՛ պարկտիկ լուծումների հետ կապված, միշտ վեճերը կան ու կլինեն:
Արդարադատությունը հենց այս տարաձայնությունների արդյունքում է, որ պետք է իրականացվի: Եթե մենք բոլորս նույն կարծիքին լինեինք, ապա սա էլ Ձեր դուրը չէր գալու: Պատկերացրեք, եթե իրար հետ համագործակցված աշխատում ենք, Դուք կտեսնեիք կոռուպցիոն երեւույթ եւ շատ ճիշտ կանեիք, քանի որ չի կարող մի հարցի վերաբերյալ տարբեր գերատեսչություններ, թեկուզ գերատեսչական շահերից ելնելով, չունենան տարաձայնություններ: Ուստի այս ամենը վերագրել անձնական հարաբերություններին, մեղմ ասած, ճիշտ չէ, եւ օգտագործել, շահարկել լրատվական դաշտում, ուղղակի անթույլատրելի է:
-2014թ Դուք հայտարարեցիք, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, եւ դրանից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրահանգեց Մարտի 1-ի տասը սպանությունների գործերն անջատել եւ առանձին քննել՝ այդպիսով փաստացի հերքելով Ձեր՝ վերը բերված հայտարարությունը: Ինչո՞ւ Գեւորգ Կոստանյանը հերքեց Ձեր հայտարարությունը:
-Ո՛չ, դա ներանձնական որեւէ անբարյացակամ վերբերմունքի արտացոլում չէ: ՀՀ գլխավոր դատախազությունը իրականացնում է իր գործառույթները, իսկ դատախազության հիմնական գործառույթներից մեկը դա նախաքննության, մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնելն է, բնականաբար, այդ հսկողությունն իրականացվում է օրենքով նախատեսված միջոցներով եւ սկզբունքներով: Եթե հսկող դատախազը համաձայն չէ նախաքննության մարմնի այս կամ այն որոշման հետ, ապա նա դրանից բխող լիազորութուններ ունի եւ օգտվելով դրանից՝ կարող է վերացնել, փոփոխել քննիչի որոշումները: Ի վերջո, համաձայն Սահմանադրության՝ դատախազության բացարձակ իրավունքն է դատարանում պաշտպանել մեղադրանքը: Մեր երկրում դատարանում մեղադրող կողմը դատախազությունն է, եւ, բնականաբար, դատախազությունը հետեւում է, որպեսզի օրենքով սահմանված ընթացակարգերով բոլոր ապացույցները ձեռք բերվեն:
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները, աշխատակիցները կոչված են կատարելու իրենց լիազորությունները միջդատական վարույթի ընթացքում, նորից եմ կրկնում՝ օրենքի տարաբովանդակ, տարաբնույթ մեկնաբանությունները կարող են քննարկումների առիթ հանդիսանալ: Իսկ ինչ վերաբերում են Մարտի 1-ի գործերին, ապա իմ հայտարարությունը վերաբերում էր դատարան ուղարկված գործերին: Բնականաբար այնտեղ սպանությունների գործերով կա քննության եւ օպերատիվ որոնողական աշխատանքների ծավալ, որը կատարվել եւ, կարծում եմ, նաեւ կատարվում է, որպեսզի բացահայտվեն, պարզվեն չբացահայտված դրվագները: Նախկինում ինքս ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԱԾ-ին օպերատիվ որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ եմ ուղարկել կոնկրետ մահվան դրվագները բացահայտելու համար: Բայց, բնակաբանար, կան գործեր, որոնք հեշտությամբ են բացահայտվում, կան նաեւ գործեր, որոնց բացահայտման համար զգալի բարդություններ են առաջանում:
Քնար Մանուկյան