Ժողովուրդ. Իրար մեջ. Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում տիրող իրավիճակն ավելորդ անգամ ընդգծում է այն իրողությունը, որ Հայաստանում չկան քաղաքական գործընթացներ: Առաջին հայացքից վիճելի թվացող այս  պնդումը, սակայն, միանգամայն տեսանելի է դառնում, երբ փորձում ենք դիտարկել այս կամ այն չափով ազդեցություն ունեցող կուսակցությունների վարքագիծը նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ: Նախ` անդրադառնանք «Բարգավաճ Հայաստան»-ին: Ի սկզբանե որպես մեկ անձի կուսակցություն ընկալվող այդ քաղաքական ուժը նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ համալրվեց քաղաքական դեմքերով` այդպիսով շահեկանորեն փոխելով իր դիմագիծն ու լուրջ քաղաքական գործունեության հայտ ներկայացնելով: Սակայն այդ հայտը շատ արագ սպառվեց, քանի որ կառավարության ծրագրի, բյուջեի եւ մի քանի օրենսդրական նախաձեռնությունների պաթետիկ քննադատություններից այն կողմ անցած հինգ ամիսների ընթացքում ԲՀԿ-ն այդպես էլ չանցավ. եւ ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, այնպես էլ նախագահական ընտրությունների նախաշեմին գրեթե նույն հավանականությամբ քաղաքական կուլիսներում քննարկվում է ԲՀԿ-ի` Սերժ Սարգսյանին սատարելու հարցը:  Եւ ինչպես կոալիցիա չմտնելու որոշումը կայացվեց առանց կուսակցական ղեկավարության իրական մասնակցության (այն ժամանակ դա սառը ցնցուղի պես էր եղել, մասնավորապես  ԲՀԿ-ական նախարարների համար, որոնց այդպես էլ որեւէ բացատրություն չէր ներկայացվել), այնպես էլ, հավանաբար, կլինի նաեւ այս անգամ` նախագահի թեկնածուի հարցում: Իսկ պարբերաբար գումարվող ԲՀԿ քաղխորհրդի նիստերն ընդամենը «քաղաքական գյալաջիներ» են, ոչ ավելին: Չափազանց տխուր է, սակայն իրավիճակը  գրեթե նույնն է Հայ ազգային կոնգրեսում, որի քաղխորհրդի անդամները ցայսօր տեղյակ չեն՝ ի վերջո, իրենք որոշում կայացրել են ԲՀԿ-ին սատարելու մասին, թե ոչ: Մասնավորապես Հրանտ Բագրատյանն այդ կապակցությամբ «Ազատությանն» ասել է. «Մի անգամ չէ, որ հարցրել եմ, նաեւ մամուլում ասել եմ՝ ի՞նչ լուրջ բան կա «Բարգավաճ»-ի հետ, բացատրե՛ք, իմանանք: Ինձ ասել են, որ առանձնապես բան չկա՝ մարտավարության հարցեր են… Որեւէ որոշում «Բարգավաճ»-ի կամ այլ կուսակցության մասով մենք չենք քննարկել, ինձ քննարկման չեն հրավիրել: Դրան պատասխանվել է, թե քննարկում եղել է օգոստոսին, եւ իբր լիազորել ենք ինչ-որ խոսել այդ մասին: Գիտեք ինչ կա՝ ես չեմ սիրում դա:  Սենց կառչելով, թե օգոստոսին սենց քննարկում եղավ` փորձել արդարացնել…»: Դե, իսկ «Ժառանգության» դեպքում իրավիճակն այն աստիճան կուրյոզային է, որ մինչ կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ուղիղ եթերում վերլուծում է՝ կառաջադրվի Րաֆֆին, թե ոչ, ճիշտ նույն պահին նրա սիրելի առաջնորդը հայտարարում է առաջադրվելու մասին: Այնպես որ, Հայաստանում չկան քաղաքական գործընթացներ, կան մի քանի հոգու պայմանավորվածություններ` իրար մեջ: 
Հ.Գ. ՀՀԿ-ին չանդրադարձանք` հասկանալի «ոհմակային» պատճառներով: 




Լրահոս