ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ով կարող է լինել անհատ ձեռնարկատեր, եւ որ մարմինն է կատարում պետական հաշվառում: Խնդրում եմ մանրամասնել նաեւ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հաշվառում կատարելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ նշենք, որ անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ եւ պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները: Վերջինիս պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ գործակալություն) ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից: Հաշվառման համար անհատ ձեռնարկատերը պետք է ներկայացնի՝
• անձնագիրը եւ պատճենը,
• պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները եւ փաստաթղթերը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես նկատեցիք, օրենքը շատ պարզ ու հստակ ներկայացված է, եւ մնում է հուսալ, որ սահմանված տարրական կանոնները գոնե այս պարագայում կկիրառվեն: