ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Խանջյան 20 հասցեում փլուզման ենթարկված կիսակառույցի մեղավորը ոչ միայն Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, այլեւ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, քանի որ, բացի օրենքը խախտելուց, վերահսկողություն չի իրականացվել երկու կառույցների կողմից: Ճարտարապետների մասնագիտական կարծիքով՝  այդտեղ շինություն չպետք է լինի, եւ դա հակասում է նաեւ Երեւանի գլխավոր հատակագծին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեի կիսակառույցի փլուզման հետեւանքով հիվանդանոց էին տեղափոխվել 9 հոգի: Փաստի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: Փլուզման հետեւանքով տուժածներից մեկի վիճակը դեռեւս գնահատվում է կայուն ծանր: Նա ունի կոտրվածքներ եւ գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա:
Մայրաքաղաքում կանաչ տարածքների հաշվին անընդհատ վեր են խոյանում նորակառույցներ, որոնք, ինչպես այս դեպքում, հաճախ չունեն օրինական հիմքեր, պարզապես ունեն հզոր «տանիքներ», որոնք կարողանում են իրենց գործն առաջ տանել: Հոկտեմբերի 25-ին փլված շինությունը, պարզվում է, չպետք է ունենար այսպիսի տեսք: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շինության առաջին թույլտվությունը տրվել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից 23.12.2009-ին «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին: Նա այդ հատվածում թույլատրել է կառուցել բացօթյա սրճարան եւ զվարճանքերի կենտրոն: Սակայն սեփականատերը` գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանը, չի բավարարվել առաջին թույլտվությամբ եւ դիմել է Երեւանի հաջորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի նա տա երկրորդ եւ երրորդ հարկերի կառուցման թույլտվություն:
Այսպիսով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որը գերադասում էր «դրայվով» աշխատել եւ նոր ձեռագիր մտցնել Երեւանի կառավարման գործում, չի խորշել եւ շինթույլտվության ժամկետը երկարացրել է (17.03.2011-ից մինչեւ 2012թ.)՝ թույլ տալով վերը նշված հասցեում` Գետառ գետի վրա, կառուցել շինության նաեւ երկրորդ եւ երրորդ հարկերը: Սակայն կառուցապատողն անհասկանալի պատճառներով համապատասխան ժամկետում չի իրականացրել շինարարությունը: Այդ հիմքով կազմվել է արձանագրություն, եւ արդեն Երեւանի ներկայիս քաղաքապետի որոշմամբ նշանակվել է ավելի քան երկու միլիոն դրամի տուգանք: «Արձանագրությունը կազմելու ժամանակ մենք դադարեցրել ենք  շինարարությունը եւ տուգանել: Դրանից հետո կառուցապատողը պետք է դիմեր քաղաքապետարան եւ ստանար աշխատանքների շարունակման թույլտվություն, բայց դա չի արել: Այս պահին նա շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել»,-մեզ հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Արթուր Գեւորգյանը:
Սակայն տուգանքից հետո գործող քաղաքապետը պարզապես չի հետաքրքրվել շինության  ճակատագրով: Եւ արդյունքում տեղի ունեցավ հայտնի փլուզումը, ինչի պատասխանատվությունը, ըստ էության, կրում է առաջին հերթին՝ կառուցապատողը, երկրորդ հերթին` քաղաքապետը:
Թվում էր՝ Երեւանի քաղաքապետարանը գոնե այդ դեպքից հետո պետք է քայլեր ձեռնարկի եւ կոշտ մեթոդներ կիրառի կառուցապատողի նկատմամբ, քանի որ նա կրկնակի օրենք է խախտել` ե՛ւ սեյսմակայունությունը չի պահպանել, ե՛ւ շինությունը կառուցել է ապօրինի հիմունքներով: Բայց փոխարենը Երեւանի քաղաքապետը գերադասում է բավարարվել ժամանակին իր կողմից կիրառած տուգանքի կրկնակին գանձելով: Իսկ թե ով պետք է փոխհատուցի փլատակների տակ մնացած շինարարների ֆիզիկական, բարոյական ու նաեւ ֆինանսական վնասները, հայտնի չէ:
Ի դեպ, ճարտարապետների մասնագիտական կարծիքով՝ այդտեղ շինություն չպետք է լինի, եւ դա հակասում է Երեւանի գլխավոր հատակագծին: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Օղակաձեւ այգում ոչ մի տեսակի շինարարություն նախատեսված չէ անել: Այն քաղաքապետերը, որոնք տվել են թույլտվություն, դրանով խախտել են Երեւանի գլխավոր հատակագիծը: Զվարճալիքների կենտրոնի եւ դրա հարեւանությամբ գտնվող եւս մեկ կառույցի, որը դեռ շահագործման հանձնված չէ, շահագործումը եւ կայանատեղիները կաթվածահար են անելու քաղաքի այդ հատվածը: Եւ այս մասնագիտական կարծիքն էլ, օրենքն էլ մեր ներկա եւ նախկին քաղաքապետերը շրջանցել են»: Նրա խոսքով՝ խախտվել է օրենքը, բացի այդ, վերահսկողություն չի իրականացվել ո՛չ քաղաքաշինության նախարարության, ո՛չ էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից:
Նշենք, որ շենքի փլուզման առնչությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի նկատմամբ ստուգումների իրականացման խոչընդոտման փաստով այս տարվա հուլիսին քաղաքաշինական պետական տեսչությունը  ակտ է կազմել: Եւ օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի համապատասխան որոշմամբ, «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը վճարել է: Մասնավորապես տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը, այդ իրավիճակը հաշվի առնելով, դիմել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն: Համատեղ ուժերով նույն օրը դադարեցվել են օբյեկտի շինարարական աշխատանքները»: Ինչպես պարզվեց, այդ դադարեցումը ժամանակավոր էր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս