ԾԱՌԱՏՈՒՆԿ ԿՈՂԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղից 10 կմ հեռավորության վրա՝ գեղատեսիլ բնության գրկում գտնվող անտառի ուսուցման «Զիկատար» կենտրոն էին ժամանել հանրապետական 13 թերթերի եւ լրատվական կայքերի լրագրողներ: Նրանք այստեղ մասնակցեցին համայնքային անտառկառավարման վերաբերյալ քննարկման: Նոյեմբերի 3-ին լրագրողները, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնապահպանական բաժնի ուսանողները, Կողբի գեղարվեստի դպրոցի սաները, գյուղապետարանի աշխատակիցներն ու բնակիչները «Զիկատար»-ի հետ մասնակցեցին ծառատունկի. Կողբի գերեզմանատնից վերեւ գտնվող տարածքում հիմնվեց համայնքային անտառ: Ծառատունկն օրհնեց Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանը: Կենցաղային աղբակույտի վերածված տարածքում  տնկվեցին հիմալայան մայրու տնկիներ: Ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի 2 լրագրողները:  
«Զիկատար»-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանն ասաց, որ Կողբ եւ Ջուջեւան համայնքներում անցյալ տարի տնկվել է 28, այս տարի՝ 16 հա համայնքային անտառ: Ծառատունկն իրականացվում է Կովկասի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի «Համայնքային անտառկառավարում» ծրագրի շրջանակներում: Համայնքների վարչական սահմաններում նոր անտառների հիմնումը նաեւ կենսաբազմազանության ապահովման խնդիր է լուծում, տնկվում են արժեքավոր ծառատեսակներ՝ հիմալայան մայրի, հունական ընկուզենի, արջատխլենի, հացենի, լորենի, ձիակասկ եւ այլն: Անասունների արածեցումներից նորատունկ անտառը կպաշտպանվի ցանկապատով: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այդ ֆինանսավորումը կշարունակվի եւս մեկ տարի, սակայն դրանից հետո հարկ կլինի միջազգային նոր դոնորներ գտել կամ էլ համայնքները պետք է միջոցներ հատկացնեն համայնքային նշանակության անտառների պահպանման համար: Ֆինանսական խնդիրներ ունեցող համայնքները կկարողանա՞ն  լուծել այդ խնդիրը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս