ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում բարձրացրեց կաթի մթերմամբ զբաղվող ընկերությունների խնդիրները: «Միայն Լոռու մարզում վերջին շրջանում երեք կաթ վերամշակող ընկերություն է փակվել: Կաթի գինը 170 դրամից իջել է 100-110 դրամ, և այդ ընկերություններին ձեռտու չէ այդ գնով», – նշեց նա:
ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ Ուկրաինայից կաթի փոշին ներկրվում է 1,7 դոլարով և հարցրեց, թե ով է այդ արտոնյալ ներկրողը: «Մենք չենք կարողանում դրա դեմն առնել երբ մենք ունենք ձեռնարկություններ, որոնք պատրաստ են արտադրանքը տրամադրել, բայց ստիպված են փակել դրանք, որովհետև դառնում են անմրցունակ: Դուք պարզել եք` այդ ներկրողը կամ ներկրողներն ինչ հզորագույն հովանավորներ ունեն, որ մենք պատրաստ ենք մերը փակել, բայց չտուժվի նրանց բիզնեսը», – հետաքրքրվեց պատգամավորը:
Պատգամավոր Գագիկ Մինասյանը միջամտեց Նաիրա Զոհրաբյանի խոսքին և նշեց, որ եթե վերջինս խորհրդարանական լսումներ հրավիրի` ինքը հաճույքով կգա և կմասնակցի: «Էնքան կարևոր հարցեր կան, բայց այս նիստերը կոնկրետ նպատակ ունեն: Եթե հրավիրեք նիստ, կգամ, կմասնակցեմ: Բոլորիդ հորդորում եմ` անդրադառնալ նախորդ տարվա բյուջեի քննարկումներին», – նշեց նա:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը նշեց, որ կաթի գինը վերջին մեկ ամսվա ընթացքում ցնցումներ առաջացրեց: «Կարկուտից հետո ժողովրդի բարձրացրած հարցը կաթն է եղել: Նախարարը հրավիրել է կաթ արտադրողներին ու վերամշակողներին: Նա նշեց, որ փակվել է կաթ մթերողների ընկերությունները, ոչ թե արտադրողների: Նախարարի պահանջով նվազագույն գինը 140 դրամից պակաս չէ: Ամառվա այս ամիսներին միշտ էլ 20-30 դրամ տարբերություններ եղել են, որը պայմանավորված է կաթի յուղայնությամբ: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կար մի համայնք, որտեղ ղեկավարն ինքն էր մթերում 110 դրամով: Նախարարի և մարզպետի հետ զրույցից հետո ես ասել եմ, որ առաջինն այդ համայնքի ղեկավարին ասեք, որ ժողովրդին չխաբի». – նշեց փոխնախարարը:
«Մենք չենք հասկանում` ուր ենք եկել: Եկել ենք կոնկրետ բանի համար, որ քննարկենք բյուջեի նախագիծը: Ո՞վ է մեղավոր, որ այդպիսի հարցեր են տալիս: Դրա համար տեղ կա, ժամանակ կա», – կրկին միջամտեց Գագիկ Մինասյանը: