ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունը ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպել էր ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Նրանք կոչով դիմեցին Կառավարությանը՝ զերծ մնալ ապօրինություններից եւ չթանկացնել էլեկտրաէներգիան: Ակցիայի մասնակիցները գրավոր դիմում ներկայացրին Կառավարության աշխատակցին: Այնուհետեւ նրանք շարժվեցին դեպի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, որպեսզի ինձ տրամադրեն գործազուրկի կարգավիճակ (գործազրկության նպաստ նշանակելու համար): Ամեն անգամ ինձ տարբեր բաներ են ասում: Ես 18 տարվա մանկավարժ եմ, բայց հիմա ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ էլ կարողանում եմ նպաստ ստանալ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անեմ:

Լաուրա Ազատյան (43 տ., պատմաբան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Գործազրկության նպաստ նշանակելու համար զբաղվածության ոլորտի օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ 2014թ. հունվարի 1-ից ծրագիրը այլեւս չի գործում: Փոխարենը Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանք փնտրող քաղաքացիներին առաջարկում է զբաղվածության աջակցության մի շարք ակտիվ ծրագրեր՝ «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում», «Գործազուրկների եւ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում», «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի եւ հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում», «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում», «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում», «Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում»:
Զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, դրանցում ընդգրկվելու ընթացակարգերին, հանրապետության աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին աշխատանք փնտրողները կարող են ծանոթանալ՝ այցելելով զբաղվածության տարածքային կենտրոն կամ գործակալության պաշտոնական կայք http://employment.am/am:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014թ. գործազուրկների թիվը, 2013-ի համեմատ, աճել է գրեթե 18%-ով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին վերաբերում ռոք երաժշտությանը, ի՞նչ դիրքորոշում ունի ռոքի հանդեպ:

Ալվինա Աղեկյան (26 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռոք երաժշտության մասին խոսելուց եւ վերաբերմունք հայտնելուց առաջ, նախ պետք է հստակեցնել, թե ռոքի ո՞ր ճյուղերի մասին է խոսքը, քանի որ ռոքն ունի բազմազան ուղղություններ, որոնք իրարից տարբեր են: Օրինակ՝ մետալ-ռոքն ամբողջովին սատանայապաշտական դրսեւորում ունի, հարդ-ռոքը՝ մասնակի, ինչը եկեղեցին դատապարտում է եւ չի ընդունում: Սակայն կան այլ ուղղություններ, ռոք խմբեր ու երաժիշտներ, որոնք ոչ մի սատանայական դրսեւորում չունեն, եւ այս պարագային ճաշակի հարց է ընդունելը կամ չընդունելը: Միեւնույն ժամանակ չի կարելի չնկատել, որ արտ-ռոք ուղղության որոշ խմբեր ու երաժիշտներ 60-ականների վերջին եւ 70-ականների սկզբին բավականին հաջող կերպով պրոպագանդեցին դասական երաժշտությունը: Այսինքն՝ ռոքի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ ռոք երաժշտության որոշ ուղղություններում առկա են սատանայապաշտական երեւույթներ, ինչը դատապարտվում է, եւ որոշ ուղղություններում էլ առկա են հոգեւոր, դասական, սոցիալական երեւույթներ:

Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցին ո՛չ դեմ է, ո՛չ կողմ ռոքին. այն ընդունում է մասամբ՝ առանց սատանայապաշտական դրսեւորումների: Հետեւաբար, իրենց Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ համարողներն այս երաժշտությունը լսելիս պետք է հաշվի առնեն դրա ծագումը:




Լրահոս