ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Շիրակի մարզում
Երեկ տոնական օր էր Շիրակի մարզի Սառնաղբյուր` նախկին Սոգյութլու, համայնքում, քանի որ արդեն տասը տարուց ավել տարիների ձեւավորված ավանդույթի համաձայն՝ այս օրը` մայիսի 26-ին, նշվում է Սոգյութլուի ճակատամարտի իննսունյոթ ամյակը: Տոնակատարությանը մասնակցում էին մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավոր, ծնունդով սառնաղբյուրցի Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Շուշան Պետրոսյանը, մարզի այլ համայնքների ղեկավարներ:
ՀԱՐՑ. Ծնողները, որոնց երեխաները եւ իրենք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, ցանկանում են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Խնդրում եմ պատասխանել՝ երեխաները, որոնց 14 տարին դեռ չի լրացել, ավտոմատ կերպով հրաժարվո՞ւմ են ՀՀ քաղաքացիությունից, թե երեխաները նույնպես պետք է քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացնեն:
Նարեկ Մկրտչյան (39 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եւ առկա է ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը: 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը ՀՀ քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետեւանքով: 26-րդ հոդվածի համաձայն` անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ նախագահի հրամանագրով:
Այսինքն՝ ծնողներից մեկի կամ ծնողների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելը ինքնին հիմք չէ, որպեսզի օրենքի ուժով, մեխանիկորեն դադարեցվի երեխայի ՀՀ քաղաքացիությունը: Ծնողի (ծնողների) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո վերջինս իրավունք ունի դիմելու երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2011 թվականի մարդահամարից հետո՝ 2012 թվականին, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 21 հազար 400 մարդ, 2013թ. սկզբին այդ թիվը եղել է 3 միլիոն 41 հազար, 2014թ. տարեսկզբին՝ 3 միլիոն 17 հազար 400, իսկ արդեն 2015 թվականի սկզբին՝ 3 միլիոն 10 հազար 600: Այսինքն՝ մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է, իսկ արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը կտրուկ անկում է ապրել:
ՀԱՐՑ. Բանկերից մեկում ինձ, այսպես կոչված, «սեւ ցուցակ» են գցել: Տվյալ բանկում ինձ տեղեկացրին, որ ամբողջ գումարը մարելուց հետո ինձ կարող են հանել «սեւ ցուցակից» եւ նորից վարկ տրամադրել: Ուզում եմ հասկանալ՝ դա օրենքո՞վ է կարգավորվում, թե՞ տվյալ բանկի հայեցողությամբ:
Հրաչուհի Վարդանյան (38 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բանկի եւ վարկառուների փոխհարաբերությունները կարգավորվում են «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգով, «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման» կարգով, «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների մասին» ՀՀ օրենքով, առեւտրային բանկի ներքին իրավական ակտերով եւ այլն:
Համաձայն «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգի՝ տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում վարկատուն (ֆինանսական կազմակերպությունը) պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները՝ դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ Կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ վարկառուն պարտքը մարելուց հետո կարող է դիմել բանկ նորից վարկ ստանալու ակնկալիքով: Փաստորեն վարկառու-բանկ հարաբերություններում յուրաքանչյուր բանկ իր մոտեցումներն ունի, ըստ այդմ, վարկառուի վատ վարկային պատմության դեպքում («սեւ ցուցակում» հայտնվելիս) բանկն է որոշում, թե որ դեպքում վարկառուի պատմությունը կարող է «մաքրվել»: