ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԿՀԱՐՍՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ նյութում դիտարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը՝ առաջին հերթին ներկայացրինք իշխանությունների համոզվածությունն այն մասին, թե փոփոխությունները միտված են ապագային: Նրանք նաեւ պնդում են, որ նոր օրենքը հնարավորություն է ստեղծում քաղաքացու համար՝ ապահովել բարեկեցիկ կյանք ծերունական հասակում: Պարադոքսը նախ եւ առաջ «հնարավորություն, կամավորություն ու պարտադիր» բառերի՝ մեկ նախադասության մեջ լինելու եւ մեկ իմաստ արտահայտելու մեջ է:
Անչափ կարեւոր է հասկանալ, որ հնարավորություն ընձեռել կարող է առաջին հերթին կամավոր սկզբունքներ ունեցող գործընթացը, մինչդեռ վերը հիշատակված օրենքը պարտադիր է բոլոր աշխատող մարդկանց համար: Օրենքի հեղինակները հաշվի չեն առնում նաեւ այն խնդիրները, որոնք հաճախ առաջանում են պարտադիր սխեմաների կիրառման արդյունքում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում երկարատեւ ներդրումային ծրագրեր գրեթե չեն իրականացվում,  իսկ բնակչության եկամուտները խիստ ցածր են, խնայողությունները՝ գրեթե բացառված: Բավական է հիշատակել մինիմալ աշխատավարձը, որը մի քանի օր առաջ «հուժկու» բարձրացում արձանագրեց՝ 32.500 դրամից հասնելով 35.000 դրամի: Արդ, իշխանությունների շարժառիթները միանգամայն այլ են ու որեւէ կապ չունեն քաղաքացու բարեկեցիկ ապագայի շուրջ մտահոգության հետ:
Դեռեւս 2010թ. Հայաստանում ներդրվեց ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգը: Իշխանությունների բերած փաստարկների թվում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու շուրջ մտահոգությունն էր եւ այլ երկրների փորձը: Նշվում էր, թե բոլոր նորմալ երկրներում նման ապահովագրական համակարգի առկայությունն օրինաչափ է, մինչդեռ անտեսում էին տնտեսական աճի ու անկման, ՀՆԱ-ի եւ այլ ցուցանիշների ակնհայտ տարբերությունները, առանձնահատկությունները: Երկրում հիմնվեցին ԱՊՊԱ իրականացնող առանձին կազմակերպություններ, որոնք, ստանալով գերշահույթներ, չնչին հարկեր են մուծում պետբյուջե: Բայց դրանք հենց այնպես չստեղծվեցին: Ավելին, պատկանում են օլիգարխներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ սովորական ներդրողի կամ գործարարի համար այդ բիզնես ոլորտն անհասանելի է: Օրինակ՝ ըստ որոշ լուրերի՝ «Նաիրի ինշուրանս»-ը պատկանում է Քոչարյաններին, «Գարանտ Լիմենս»-ը՝ Արա Բաբլոյանին, «Ինգո-Արմենիա»-ն՝ Տիգրան Սարգսյանին եւ այլն: Ըստ էության, ԱՊՊԱ-ի ներդրումը կատարվեց ոչ այնքան հանուն քաղաքացիների, որքան հանուն մոնոպոլիստների, որոնք ունեցան խոշոր մուտքեր, բաժանեցին դաշտը միմյանց միջեւ եւ ծավալեցին շահավետ գործունեություն: Փաստացի, պետությունը պարտադրեց քաղաքացիներին զգալի ֆինանսական միջոցներ նվիրաբերել օլիգարխների բիզնեսի բարգավաճման համար:
Համանման գործընթաց է տեղի ունենում նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Ինչպես հայտնի է, քաղաքացու տված գումարները հանձնվելու են կենսաթոշակային ներդրումային ֆոնդերին, որոնք իբր աշխատեցնելու, պտտեցնելու են դրանք՝ շատացնելու մղումով: Հարցին, թե որ ֆոնդերի մասին է խոսքը, եւ ում են պատկանելու դրանք, լսում ենք ցնցող պատասխան. ֆոնդերը դեռ չեն ստեղծվել, բայց հստակ է՝ պատկանելու են մասնավոր անձանց: Քաղաքացու խնայողությունները ներդրվելու են արժեթղթերում՝ բաժնետոմսերում, պարտատոմսերում, բանկերում, ֆոնդերում, որոնք, ի դեպ, եւս պատկանում են մասնավոր անձանց: Ծանոթ գործընթաց է, չէ՞: Ի՞նչ է անում պետությունը. քաղաքացուց կրկին պարտադիր կերպով վերցնում է գումար ու տալիս մասնավոր կազմակերպությանը: Ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում, այստեղ եւս հանդես են գալիս մասնավոր ընկերությունները (իմա՝ ֆոնդերը), որոնք ստիպում են քաղաքացուն իրենց փող տալ՝ հետագայում ավելի շատ վերադարձնելու ակնկալիքով:
Ուսումնասիրելով ներկայիս բանկային համակարգը՝ կտեսնենք, որ գործ ունենք գլխավորապես օլիգարխներին պատկանող բանկերի հետ: Ըստ ռուսական մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանը մասնաբաժին ունի «Արցախ» բանկում, «Յունի» բանկում, «Առէկսիմ» բանկում եւ այլն, Սերժ Սարգսյանը՝ «Արարատ», «ՎՏԲ» բանկերում, Ռուբեն Հայրապետյանը՝ Հայկական զարգացման բանկում եւ այսպես շարունակ: Արդեն իսկ գոյություն ունեցող «ֆոնդերը» պատկանում են օլիգարխներին. մի՞թե հնարավոր է այսպիսի տնտեսական պայմաններում ուրիշ խաղացողների ի հայտ գալը եւ շուկայում մրցակցություն առաջացնելը: Իհարկե ոչ: Ապահովագրական ընկերությունների նմանությամբ նաեւ կստեղծեն առանձին ֆոնդեր, որոնք էլի կպատկանեն խոշոր օլիգարխներին: Քաղաքացին իր աշխատավարձի 5%-ը կհանձնի օլիգարխներին, որպեսզի նրանք ոչ միայն հանկարծ չաղքատանան, այլեւ էլ ավելի հարստանան:
Այս օրենքի շուրջ իր մտահոգություններն արտահայտելիս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ «թվում է՝ կառավարությունը մտածում է այն մասին, թե ինչպես եկամուտներ գեներացնի բանկերի համար»: Համաձայնելով այս մտքի հետ՝ կարող ենք միայն ավելացնել, որ կառավարությունը քաղաքացիներից գումարներ է խլում ու տալիս օլիգարխներին՝ որպես շղարշ օգտագործելով զանազան բանկերը, ընկերությունները եւ ֆոնդերը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս