Արտարժույթի տատանումն ի՞նչ ազդեցություն է ունեցել 2014թ. պետական բյուջեի կատարման վրա: Այսօր խորհրդարանում կատարողականի քննարկման ժամանակ նման հարցադրումով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղելիս նշեց, որ դա ասում է` նկատի ունենալով դեկտեմբերյան արտարժութային շուկայի տատանումները:
«Գրված է, որ 2014թ. կառավարությունն աջակցություն է ստացել 5,9 մլրդ դրամ նաև Եվրամիությունից` ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքների համար: Այս գումարն ինչի՞ վրա է ծախսվել և, երբ 2014թ. պարզվեց, որ մենք այն չենք կնքելու, ինչ մեծ գումար էր նախատեսված, որ այսքանն արդեն հասցրել ենք վերցնել: Կխնդրեի, որ ներկայացնենք, թե ինչով են պայմանավորված այն տատանումները, որոնք առկա են հարկային մուտքերի մասով», – հետաքրքրվեց Մինասյանը:
Ջանջուղազյանը նշեց, որ 2014թ. կատարողականի առումով արտարժութային տատանումները էական ազդեցություն չէին կարող ունենալ, քանի որ դեկտեմբերին են եղել: Սակայն նա նշեց, որ ազդեցությունը արժեթղթերի տեղաբաշխման մասով է եղել, որտեղ դեկտեմբեր ամսվա ընթացքում ունեցել ենք աճուրդներ, որոնց համար որևէ հայտ չի ներկայացվել: Ջանջուղազյանի խոսքով, սա աննախադեպ էր, սակայն բյուջեի կատարման վրա էական ազդեցություն չկարողացավ թողնել, քանի որ արդեն կատարված էին մոտեցել դեկտեմբերին:
Ջանջուղազյանի խոսքով, տատանումներն իրենց ազդեցությունը թողել են ավելի շատ հետագա ժամանակահատվածի վրա: Անդրադառնալով Եվրամիության կողմից ստացված գումարներին` Ջանջուղազյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 2010թ. կնքված և դրա շրջանակում նախատեսված միջոցների ստացմանը և 2011թ.-ի համար` երկրորդ փուլով: «Ընդհանուր առմամբ 7,1 մլրդ դրամ է ստացվել Եվրամիությունից` որպես ոչ նպատակային դրամաշնորհ: Թե ինչի համար է ծախսվել այս գումարը, հարցը պատասխան չունի, քանի որ սա առանձնացված որևէ ծրագրի համար չի իրականացվել», – հավելեց նա:
Անդրադառնալով հարկային մուտքերին` Ջանջուղազյանը նշեց, որ հավաքվել է այնքան հարկ, որքան տնտեսությունը հնարավորություն է տվել: