ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից «Գյուղատնտեսական նվաճումների» համար ոսկե մեդալ է ստացել: Նախարարը որոշել է պատգամավորին պարգեւատրել գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ ծննդյան 60-ամյակի առթիվ: Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը գյուղատնտեսության ոլորտում շատ բան է արել, բացի այդ՝ նա կարողանում է գյուղատնտեսությանն «օգնել»՝ ԱԺ-ում ներկայացնելով իր օրենսդրական նախաձեռնությունները:
-Պարո՛ն Խաչատրյան, Ձեր ո՞ր արժանիքի համար է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Գյուղատնտեսական նվաճումների» համար ոսկե մեդալով պարգեւատրել: Մի՞թե միայն ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ լինելով պետք է նման պարգեւի արժանանայիք:
-Դուք այդ հարցն ուղղեք գյուղացիներին, ես 15 տարի է՝ գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, բարձրացրեք իմ օրենսդրական առաջարկները, օրենքը ջրերի մասին ու հարց ուղղեք տարածքների բնակիչներին, գյուղացիներին, թե ես ինչ եմ արել գյուղատնտեսության ոլորտում: Կարծում եմ, որ Ձեր հարցումից հետո ամեն ինչ ավելի պարզ կլինի Ձեզ համար: Ես միշտ լավ արձագանք եմ ստացել, որ ես միշտ գյուղացիների կողքն եմ եղել, միգուցե դա՞ է պատճառը, ես չգիտեմ, դա էլ հարցրեք նախարարին:
-Այսինքն՝ Դուք համարում եք, որ արժանի՞ էիք այդ պարգեւին:
-Ես չեմ կարող ասել, Դուք այդ հարցը ուղղեք գյուղատնտեսության նախարարին:
-Իսկ Դուք ինքներդ հարց ուղղել ե՞ք նախարարին՝ պարզելու համար, թե որ նվաճման համար եք նման պարգեւի արժանացել:
-Եթե պարգեւատրել են, հավանաբար գտել են, որ այս տարիների ընթացքում լինելով ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եւ լինելով գյուղական համայնքից ընտրված պատգամավոր՝ երկու անգամ, միշտ եղել եմ գյուղացու կողքին, իրենց պրոբլեմների կողքին: Նաեւ իմ օրենսդրական առաջարկներով կարողացել եմ գյուղացուն օգնել: Իսկ եթե դրանք Ձեզ հետաքրքրում են, կարող եք դա էլ նայել, տեսնել, թե դրանք հիմնականում ինչին են վերաբերում:
-Խնդրում եմ նշեք Ձեր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք վերաբերում են գյուղատնտեսության ոլորտին եւ, ըստ Ձեզ, օգնել են գյուղացիներին:
-Արարատյան արտեզյան ավազանի ջրերի մասին… ոչ թե օրենսդրական նախաձեռնություններ կան, այլ օրենք էր ամբողջական, որը քննարկման արդյունքում պարզապես առայժմ, ես գտնում եմ, որ դա շատ հրատապ է, բայց պարզապես առայժմ չեմ կարողանում դնել քննարկման, որի հետեւանքները մենք այսօր զգում ենք լեռնային եւ նախալեռնային շրջաններում աղբյուրների ցամաքման տեսքով, օրենք ենք բերել, թե այնտեղ որքան կարող են ջուր օգտագործել, ջուր վերցնել: Մենք դեռ վաղուց ենք այդ ամենի մասին բարձրաձայնել, խոսել, ասել, թե ինչ հետեւանք դա կարող է ունենալ:
-Այսինքն՝ կարծում եք, որ այն պատգամավորները, որոնք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան կամ իրենց ընտրողների խնդիրները կբարձրաձայնեն, պետք է արժանանան ոսկե մեդալի՞: Չէ որ դա յուրաքանչյուր պատգամավորի ուղղակի աշխատանքային պարտականությունն է:
-Դուք հարց եք տալիս մի բանի մասին, որին ես չեմ կարող ինչ-որ որակումներ տալ, ես արդեն նշեցի, որ այդ հարցը կարող եք ուղղել գյուղատնտեսության նախարարին: Ես միշտ եղել եմ գյուղացիների պրոբլեմներով, իրենց կողքին, իսկ ո՞ւմ պետք է պարգեւատրեն, չգիտեմ, Դուք ասեք: Ո՞րն է չափանիշը, որով պետք է ինչ-որ մեկին պարգեւատրել, եթե Դուք գիտեք, Դուք ասե՛ք, ես այլ բան չեմ կարող ասել: Արժանի լինելու մասին պետք է հարցնել գյուղացիներին… հարցրե՛ք գյուղացիներին՝ արդյո՞ք իմ խորհուրդները տեղ հասել են, թե չէ, ես իրենց ինչ-որ ծրագրերով առաջնորդե՞լ եմ, հարցրե՛ք իրենց: Ինչո՞ւ եք ինձ հարցնում, մի՞թե ես պետք է ինձ գնահատական տամ, իմ կատարած աշխատանքների մասին ես խոսեմ: Ես կարծում եմ, որ իմ գնահատականը պետք է տան իմ ընտրողները, որոնք երկու անգամ եղել են գյուղական համայնքի բնակիչներ:
-Հանդիպում ունեցե՞լ եք Ձեր ընտրողների հետ, արդյո՞ք նրանք գոհ են, որ Ձեզ նման պարգեւի են արժանացրել:
-Ինքներդ հետամուտ եղե՛ք, հետաքրքրվե՛ք ու պարզե՛ք, Դուք պետք է ասեք, եւ ոչ թե ես ասեմ՝ գոհ են, թե չէ իմ կատարած աշխատանքից: Ես պատրաստ եմ Ձեզ հետ պարզ ճակատով ցանկացած համայնք մտնելու, այդ ժամանակ էլ Դուք ինքներդ Ձեր սեփական կարծիքը կկազմեք: Վերջին դեպքը կարող եք նաեւ հիշել, որը վերաբերում էր համայնքների խոշորացմանը:
-Իսկ հենց այդ դեպքում Դուք ի՞նչ եք արել, գյուղացիներին խորհուրդներ եք տվել, թե ինչպես քվեարկե՞ն:
-Այո՛, խորհուրդներ տվել եմ, բայց իրենք դեմ էին այդ հանրաքվեին, իրենք դեմ էին համայնքների խոշորացմանը: Եղավ այդ խոշորացումը, բայց ես ինչ կարող եմ անել, ես ասեցի իմ կարծիքն ու պաշտպանեցի իմ տեսակետը, ես պաշտպանեցի այն տեսակետը, որը գյուղացիների, համայնքների մեծամասնության մոտ էր: Ես ավել ի՞նչ կարող եմ անել, ես պեչատ չունեմ, որ որոշում կայացնեմ ու ստորագրեմ: Իսկ իմ ելույթները հորդոր են եղել գյուղացիներին: Ես ապրում եմ գյուղում ու գիտեմ գյուղացու հոգսերը, խնդիրները:
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՆ ԱՊԱՐԱՆՈՒՄ ՈՒ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ
Երեկ Հայաստանի ողջ քաղաքական էլիտան Ապրանում եւ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում էր՝ մի հատվածը Սերժ Սարգսյանի, մյուս մասն էլ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի շուրջ: Այս անգամ պաշտոնյաներից շատերը նախընտրել էին լինել Սարդարապատում` Սերժ Սարգսյանի կողքին, իսկ, ահա, Աղվան Գառնիկիչի մտերիմներից շատ քչերն էին Ապարան գնացել: Այս փաստից, սակայն, վերջինս կարծես թե այդքան էլ չէր տխրել, համենայն դեպս, Ա. Հովսեփյանը երեկ եւս մեծ ոգեւորությամբ պարեց կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ:
Սարդարապատում ՀՀ եւ ԼՂՀ իշխանական վերնախավից ներկայացել էին Սերժ Սարգսյանը, ՀՀ Կառավարության անդամները, ՀՀԿ պատգամավորներ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԵԿՄ-ականները` գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 1918թ. մայիսին հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թուրքերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան: 97 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: Երեկ հայրենի պաշտոնյաները Սարդարապատի հուշահամալիրում ծաղիկներ դրեցին, իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու, իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է եւ հայկական պետականության վերականգնման փայլուն սկիզբ: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, հայ ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչը եւ հոգեւորականը. մենք կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով, հայկական պետականության ստեղծմամբ»:
Իսկ Ապարանի հրապարակում «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին եւ Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին, ինչպես նաեւ Wdf Docando ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին դիմավորեցին աղուհացով: Զոհված հերոսների շիրիմներին եւ հուշարձաններին ծաղիկներ դնելուց հետո Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ բոլորը մասնակցեցին կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ էլ Հովսեփյանը ներկաների հետ շուրջպար բռնեց: Միմյանց շնորհավորելուց հետո պաշտոնյաները վերադարձան Երեւան:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-Ը ԲԱՐԳԱՎԱՃԵԼ Է
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանի դրամական միջոցները, ըստ նրա կողմից ներկայացված 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 25 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 850 հազար եվրո: Սակայն պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 540 հազար դրամ: Պարզվում է՝ պատգամավորի կինը՝ Գայանե Սարգսյանը, նույնպես լուրջ կարողության տեր է: Նրա դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 30 մլն դրամ, 570 հազար դոլար եւ 590 հազար եվրո: Սակայն տիկինն ընդամենը ստանում է կենսաթոշակ՝ տարեկան 550 հազար դրամ: Թե ինչպես են կարողացել նրանք այսքան լուրջ կարողություն կառուցել, թերեւս դժվար չէ կռահել:
Հիշեցնենք, որ Արամյանը ՀՀ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախկին նախարարն է, ում որդին 2004թ. ապրիլին կրակոցներ արձակեց «Տրիումֆ» սրճարանում, եւ այդ միջադեպից հետո նա հրաժարականի դիմում ներկայացրեց:
ԲՈՒՌՆԱՇԻ ԴԱՏԸ
Մայիսի 25-ին պետք է տեղի ունենար ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի կողմից ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հայցադիմումի քննարկումը: Նշենք, որ մոտ 2 ամիս առաջ Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը նախարարության կողմից տուգանվել է 60 միլիոն դրամով, ինչը Աղաբաբյանը բողոքարկել է դատարանում: Երեկ Ա. Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ պատասխանող կողմը փաստաթղթեր է ավելացրել գործի նյութերում: «Հուլիսին կսկսվի գործի քննությունը: Հայտարարվել է, որ փաստաթղթեր ունեն ավելացնելու, ինչի համար խնդրել են հետաձգել դատավարությունը»,- հայտնեց Աղաբաբյանը:
Պատգամավորը նաեւ ավելացրեց, որ իրենք անհամբեր սպասում են դատավարությանը, քանի որ այդ ժամանակ պարզ կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ի դեպ, Ա. Աղաբաբյանը թեեւ տուգանքը վճարել է նախարարությանը, սակայն հետո, ամեն դեպքում, որոշել է բողոքարկել դատարանում: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանն էլ օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք նորմալ են վերաբերվում, երբ տուգանքների՝ իրենց կազմած ակտերը դատարանում բողոքարկում են:
ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԱՇԱՌՈՒՄ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ցանկանում է բոլոր տաքսիստների տարաձայնությունները մեկտեղել. «Այդ տարաձայնություններն ուզում եմ հավաքել մի տեղ, որոնց մեջ կան ե՛ւ հնարովի, ե՛ւ իրական խնդիրներ, լուծվող եւ չլուծվող խնդիրներ: Երբ միջամտում ենք, իրավիճակը հանդարտվում է»,- ասել է նա, ում խոսքով` տաքսիստների միջեւ նման տարաձայնություններ կային դեռեւս 3 տարի առաջ, սակայն երկարատեւ աշխատանքից հետո հարթվեցին: Անդրադառնալով «հայտնի» տաքսիստի հետ իր հանդիպմանը եւ դրանից հետո վերջինիս լռությանը՝ Բեգլարյանը վստահեցրել է. «Ես ոչ մեկի չեմ կաշառում, հավատացե՛ք»: