Այլեւս ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները դեմ չեն, որպեսզի խորհրդարանի ընտրությունները տեղի ունենան համամասնական ընտրակարգով: Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում խորհրդարանի կազմավորման հարցում հիմնական շեշտը հենց այդ սկզբունքի վրա է դրված, մյուս կողմից էլ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք են ներկայացրել սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող հանձնաժողովին, նույնպես պնդում են, որ պետք է անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգը այն տարբերակն է, երբ ընտրողը քվեարկում է կուսակցությունների օգտին:
Սակայն հանրահայտ փաստ է նաեւ, որ ներկա իշխանական բուրգի անկյունաքարերից մեկը հենց մեծամասնական ընտրակարգով ընտրություններն են: Դրա շնորհիվ տարածքային օլիգարխ-ֆեոդալները հա՛մ իրենց «ընտրության» հարցերն են լուծում, հա՛մ էլ իշխանական` ՀՀԿ-ին (նախկինում՝ նաեւ ԲՀԿ-ինը): Եթե օլիգարխ-ֆեոդալների անձնական մոտիվացիան մեջտեղից դուրս գա, ապա իշխանությունների համար վտանգավոր կարող է լինել: Օլիգարխ-ֆեոդալները կարող են «սրտանց չաշխատել» եւ տապալել ընտրությունները: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ նախորդ ԱԺ ընտրություններից առաջ, երբ բոլոր կուսակցությունները միաբերան պահանջում էին անցնել 100 տոկոս համամասնականի, ՀՀԿ-ն ատամներով կառչել էր ներկայիս համ-համ տարբերակից, որտեղ մանդատներից 41 բաշխվում են մեծամասնականով, իսկ մնացած 90-ը` համամասնականով:
Սակայն պարզվում է՝ իշխանություններն արդեն որոշել են, թե ինչպես անեն, որպեսզի ԱԺ-ն կազմավորվի 100 տոկոս համամասնական ընտրակարգով, բայց միաժամանակ օլիգարխ-ֆեոդալներն անձնապես շահագրգռված լինեն իշխանություններին «ձայնով» ապահովելու գործում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորում են անցում կատարել, այսպես կոչված, համամասնա-մեծամասնական համակարգին: Այս համակարգի դեպքում ընտրողը քվեարկում է կուսակցության օգտին, բայց կոնկրետ թեկնածուի դեմքով: Այլ կերպ ասած՝ Կուսակցություններն ընտրատարածքներում պատգամավորի թեկնածու են առաջադրում, եւ ընտրողը նրանց օգտին քվեարկելով՝ քվեարկում է այն կուսակցության օգտին, որը առաջադրել է տվյալ թեկնածուին: Իշխանությունները ենթադրում են, որ այս տարբերակով օլիգարխ-ֆեոդալները քվե «ապահովվելու» հարցում անձնապես մոտիվավորված լինեն եւ իրենց «ընտրությունը» կազմակերպելով՝ կլուծեն նաեւ իրենց նման պայծառ կյանքով ապահոված ՀՀԿ-ի իշխանության պահպանման խնդիրը:
Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նման տարբերակի քննարկելու հանգամանքը: Նախ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը չի կարծում, որ համամասնական ընտրությունների կոնկրետ ձեւը պետք է հենց սահմանադրությամբ սահմանվի, եւ որ այդ հարցը սահմանադրական կարգավորման հարց չպիտի լինի: Այսինքն՝ Սահմանադրությամբ պետք է կարգավորվի միայն այն հանգամանքը, թե խորհրդարանական ընտրություններն ինչ ընտրակարգով են տեղի ունենում՝ համամասնական եւ մեծամասնական, թե միայն համամասնական: Իսկ ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգի՝ վերը նկարագրված տարբերակին, այս առնչությամբ Դավիթ Հարությունյանն ասաց. «Դա քննարկվող տարբերակներից մեկն է, բազմաթիվ տարբերակներ են քննարկվում, այդ թվում նաեւ՝ ձեր կողմից նշվածը»:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իշխանությունները, չնայած սահմանադրական փոփոխություններով կամրագրեն, որ խորհրդարանը միայն համամասնական ընտրակարգով է կազմավորվելու, սակայն հետագայում, արդեն, ՀՀ ընտրական օրենսգրքով կկոնկրետացնեն, թե համամասնական ընտրակարգի հատկապես որ ձեւով են այդ ընտրությունները տեղի ունենալու: Իսկ երբ ընդդիմադիր կուսակցությունները սկսեն բողոքել եւ կասեն, որ այդ տարբերակը աղավաղում է համամասնական ընտրությունների էությունը, իշխանական մասնագետները միջազգային փորձից մեջբերումներ կանեն, հետո կասեն, որ ընտրողը կուսակցությունից բացի՝ նաեւ իր անձնական պատգամավորը պետք է ունենա, օրինակ` մարզերի ընտրողն այդպիսով հնարավորություն կունենա իր մարզից առաջադրված թեկնածուների օգտին քվեարկել եւ այսպես շարունակ: Արդյունքում կարող է ստացվել, որ չնայած սահմանադրական փոփոխություններով ԱԺ-ի կազմավորման ձեւը փոխվում է եւ ամրագրվում, որ այն պետք է միայն համամասնական ընտրակարգով լինի, բայց էության մեջ ոչինչ չի փոխվում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նա հեռանա Հայաստանից: Ճնշումները սկսվել են մոտ մեկ ամիս ասաջ` Տ. Խզմալյանի՝ ադրբեջանական կայքին տված հարցազրույցից հետո, որտեղ քննադատել էր ՀՀ իշխանություններին: Երեկ «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց Տիգրան Խզմալյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա պատրաստվում է հեռանալ Հայաստանից:
-Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները տարածում են այն մարդիկ, ովքեր այդ օրերին հայտարարեցին, թե ես անցել եմ Ադրբեջանի սահմանը: Ես կպատասխանեմ այդ հարցին Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգի բառերով. «Ես չեմ գնացել ու մի հուսացեք, ես չեմ գնալու»:
-Բայց ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, ինչպե՞ս են դրանք դրսեւորվում:
-Ես չգիտեմ՝ ճնշումների չափանիշն ինչն է, սովորականի պես իմ ֆիլմերը չեն ցուցադրում, ես չեմ կարողանում զբաղվել իմ սիրած գործով, բայց դա նորություն չէ, դա տեւում է արդեն 10 տարուց ավել: Իսկ մնացած ճնշումները հիմնականում արտահայտվում են սոցիալական ցանցերում, նամակներում, որոնցից մի մասը իմ անձնական փոստարկղով եմ ստանում, ու դրանց բովանդակությունն այնքան անպարկեշտ է, որ չեմ ցանկանում մեջբերել: Հարյուրավոր մարդիկ էլ ճիշտ հասկացան, որ ճշմարտությունը աշխարհագրական բնույթ չունի, ու այստեղ պետք չէ… սուտը դա թուլության նշան է: Ադրբեջանցիներն իրենք ընկան ծուղակի մեջ՝ հասկանալով, որ ՀՀ-ում եթե կարելի է բարձրաձայնել ճշմարտությունը, ապա իրենք չունեն այդ հնարավորությունը:
-Իսկ չեք փոշմանե՞լ, որ նման քննադատություն հնչեցրեցիք մեր հակառակորդի ԶԼՄ-ով:
-Ես կարծում եմ, որ ՀՀ-ի ճնշող մեծամասնությունը նույն խոսքերով է արտահայտվում՝ բնութագրելով Հայաստանում տիրող իրավիճակը ու մեր չարաբաստիկ իշխանություններին: Ես դա ասել եմ լրագրողին, որն ինձ ամենայն պարկեշտությամբ հարց ուղղեց, ու եթե ինձ էլի հարցեր լինեն, ես էլի կպատասխանեմ՝ համաձայն իմ համոզմունքների:
ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Այսօր ժամը 12.00-ին «Էլիտ պլազա» համալիրում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ համաժողովին հրավիրված են միայն պատվիրակները եւ լրագրողները: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը, որը վաղվանից կդառնա կուսակցություն, ստեղծվել է մոտ երկու տարի առաջա:
ՀՈՎԻԿԻ ԵԿԵՂԵՑԻՆ
Այս կիրակի Արտաշատում տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու «բացումը»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ միջոցառմանը մասնակցելու է ողջ իշխանական վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, վարչապետի խնամին` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս ներկա կլինի, ինչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԿՆԵՐԱՌԵՆ
Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը երեկ հայտարարել է, որ Եվրամիության հետ բանակցվելիք նոր փաստաթղթում պետք է հնարավորինս ներառվեն այն դրույթները, պայմանավորվածություններն ու մոտեցումները, որոնք ամրագրված էին բանակցված, սակայն այդպես էլ չստորագրված Ասոցացման համաձայնագրում: Բնականաբար, կարող են ներառվել այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՏՄ-ի առջեւ ՀՀ ստանձնած պարտավորություններին:
ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Վարչապետները քննարկել են ԱՊՀ-ի տիրույթում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ղազախստանում Աբրահամյանը երեկ մասնակցել է նաեւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում, ինչ ստորագրվել է ԵՏՄ համաձայնագիրը, որոշումների եւ համաձայնությունների իրականացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր մասնակիցների կողմից առկա է ինտեգրացիոն գործընթացները խորացնելու պատրաստակամություն:
ՆՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Եվրասիական տնտեսական միությունը մինչ տարեվերջ պետք է մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունի: Այս մասին երեկ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նա հավելել է, որ արդեն պատրաստ է Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների նախագիծը՝ նշելով, որ խոսքը մինչ 2030 թ ժամանակահատվածի համար է:
ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ
«Իշխանությունների հետ այս պահին կա քննարկում, սակայն ոչ թե կոալիցիա ձեւավորելու, այլ երկրի առջեւ ծառացած խնդիրների շուրջ: Եթե կլինի այնպիսի իրավիճակ, երբ մենք եւ իշխանությունները կգտնենք, որ անհրաժեշտություն կա ավելի սերտ համագործակցության, այդ թվում՝ որոշակի պորտֆելներ վերցնելով՝ կրել պատասխանատվություն, ապա մենք նման որոշումներ կայացնելու հարցում կաշկանդված չենք»: Այս մասին armlur.am-ին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի վերաբերյալ չդադարող խոսակցություններին:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ: Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ` հայցատուն դատարանից խնդրել է պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթում եւ hraparak.am կայքում հրապարակել «Հանրությունն ուզում է իմանալ» եւ «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածների վերաբերյալ իրենց պատասխանը, պարտավորեցնել հերքել հոդվածում տեղ գտած, իրենց գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող փաստեր պարունակող եւ զրպարտող արտահայտությունները: Տեղեկացնենք, որ վերոնշյալ հոդվածներում մասնավորապես նշվում է, թե Ռուզաննա Խաչատրյանը տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան, վթարի մասնակից դարձել, իսկ, որ ամենակարեւորն է, վթարը մահվան ելքով է եղել: Փաստաբանը երեկ նշել է, որ նման վթար իրոք տեղի է ունեցել դեռեւս 2003 թվականին, սակայն վթարի «հեղինակը»` Աննա անունով, պատիժ է կրում: