ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել 10 հազար նոր աշխատատեղեր: Այդ մասին երեկ Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Իհարկե, Գաբրիելյանը որեւէ նոր բան չի ասել, ավելին, ներկայացված 10 հազարը շատ փոքր թիվ է, եթե հաշվի առնենք այն, որ 2012-2017թթ. ծրագրով կառավարությունը պարտավորվել է ստեղծել 100 հազարից ավելի նոր աշխատատեղեր: 2012-ն արդեն անցած էտապ է, 2013-ին էլ, փաստորեն, ընդամենը 10 հազար աշխատատեղեր են խոստանում, հետեւաբար մնացած առնվազն 90 հազար (քանի որ ծրագրում նշված է` ավելի քան 100 հազար) աշխատատեղերը կառավարությունը պետք է բացի 2014-2017թթ. ընթացքում` ապահովելով տարեկան միջինը 30 հազար նոր աշխատատեղ: Եթե հիշում ենք, թե ժամանակին` «երկնիշ տնտեսական աճի» տարիներին, ինչպիսի  կամպանիա սկսեց Ռոբերտ Քոչարյանը` խոստանալով մեկ տարվա ընթացքում բացել 40 հազար աշխատատեղ եւ թե ինչպես կարողացավ այդ խնդիրն «իրագործել», ապա ակնհայտ է դառնում, որ ներկայիս տնտեսական խղճուկ աճի պայմաններում կառավարությունը հաստատ չի կարողանալու  տարեկան 30 հազար աշխատատեղ բացելու ծրագիրն իրականացնել: Իսկ մինչ այդ հայրենի կառավարությունն անգամ  հաջորդ տարի խոստացված 10 հազարի մասին որեւէ հստակ պատկերացում չունի: Թիվ է` կրակել են: Դա է ցույց տալիս  ֆինանսների նախարարի երեկվա պատասխանը: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցադրմանը, թե քանի աշխատատեղ կստեղծվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության արդյունքում (ինչը եւս կառավարության 2012-2017թթ. ծրագրային դրույթներից է), Վաչե Գաբրիելյանը ցնցող պատասխան է տվել` նշելով, թե 10 հազարը տնտեսությունում ստեղծվելիք աշխատատեղերի ընդհանուր թիվն է, սակայն ներկայում հնարավոր չէ  ճշգրտորեն գնահատել, թե որ ճյուղում կլինեն այդ աշխատատեղերը: Սա իսկապես ցնցող պատասխան է. ասել է թե` կառավարությունը նախ որոշում է, թե որքան աշխատատեղեր պետք է բացի, ապա միայն մտածում, թե ինչպես: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ կառավարության ծրագրում ներկայացված բոլոր ցուցանիշները սահմանվել են հենց այս սկզբունքով. նստել մտածել են, թե ինչ թվեր կրակեն, որքան աճ նկարեն, իսկ թե այդ ամենն ինչպես պետք է իրագործեն, որեւէ մեկին չի հուզել: Հավանաբար մտածել են` կա՛մ այդ ժամանակ իրենք այլեւս իշխանության ղեկին չեն լինի, կա՛մ էլ, Աստված կտա, մի նոր ֆորս մաժոր, ճգնաժամ-բան կլինի, ու իրենք դրանով կարդարանան: Ի վերջո, անցած չորս տարիներին լավ էլ հաջողվել է հենց նման մեթոդներով «պլստալ»` իրենց ձախողումների ողջ պատասխանատվությունը դնելով  տնտեսական ճգնաժամի վրա: Սակայն, ինչպես հայտնի է, նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, եւ նման արդարացումներով դժվար թե այս կառավարությանը հաջողվի եւս հինգ տարի խաբել ժողովրդին: Եւ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ նրանց` խաբելու ունակությունները չեն հերիքի, պարզապես երկրում էլ մարդ չի մնա, որ խաբեն:




Լրահոս