Հայաստանում նախագահական ընտրություններից հետո թանկանալու է ամեն ինչ, այդ թվում եւ գազը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը. «Ուզենք, թե չուզենք` թանկանալու են բոլոր ապրանքատեսակները, այդ թվում եւ գազը: Դա էլ կբերի կյանքի թանկացմանը: Բայց դա ընտրություններից հետո կլինի, քանի որ այս ամենը վերահսկվում է իշխանությունների կողմից»:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի սկզբին ալյուրի 1 կգ-ը վաճառվել է 255 դրամով, իսկ հիմա՝ 265-ով, ռուսական արտադրության ձեթը հոկտեմբերին վաճառվել է 870-դրամով, իսկ հիմա՝ 880-ով, «Կոպոլիվա» տեսակի ձեթը վաճառվել է 1360-ով, հիմա արդեն` 1370 դրամով: 10 դրամով թանկացել է նաեւ ներկրվող «Մակֆա» տեսակի մակարոնեղենը: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս թանկացումները կապված են միջազգային շուկայի թանկացումների հետ: Նաեւ նշեց, որ որոշ ապրանքատեսակների դեպքում կա գնանկում. օրինակ՝ բենզինի բոլոր տեսակները 10 դրամով էժանացել են, բացի այդ, շաքարավազի գինն էլ 7 դրամով իջել է:
«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ առաջիկայում ցորենի թանկացում է սպասվելու, եւ դա ունի օբյեկտիվ պատճառ. «Այս տարի Ռուսաստանի Դաշնությունում եւ ցորեն արտադրող մի քանի այլ երկրներում վատ բերք էր ստացվել, համեմատաբար վատ: Անշուշտ, դա անդրադարձավ մեր հացի գնի վրա: Բանն այն է, որ մենք մեր ռեսուրսները ճիշտ չենք օգտագործում: Դրա հետ կապված՝ կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, որոնք պետք է հաղթահարել: Մեր ցորենի հայկական շուկան գերկենտրոնացված է, ընդամենը երկու ձեռնարկություն 70 տոկոսից ավելին են վերահսկում»:
Պողոսյանի կանխատեսմամբ՝ նախընտրական շրջանում ապրանքատեսակների գների բարձրացումներ չեն լինի, սակայն ընտրություններից հետո արդեն կսկսվի թանկացումների ալիքը: «Չեմ կարող ասել, թե ինչն ինչքան կթանկանա կամ բացարձակ չի թանկանա, որովհետեւ ամեն ինչ կարվի, որ թանկացումները զսպվի: Իսկ ընտրություններից հետո կսկսվեն ե՛ւ հացի, ե՛ւ գազի, ե՛ւ ամեն ինչի թանկացումները»,-եզրակացրեց Ա. Պողոսյանը:
Նա բազմիցս առաջարկել է եւ շարունակում է առաջարկել թանկացումների դեմ պայքարելու իր տարբերակը՝ սահմանել վերահսկողություն ներկրողների վրա: Բացի այդ, սպառողների շահերի պաշտպանը նշում է, որ մեր երկրում ապահովվում է ցորենի եւ հացի պահանջարկի ընդամենը 30 տոկոսը: «Իսկ այդ 30 տոկոսը, որ մեզ մոտ աճում է, շատ վատ վիճակում է: Մեր բերքատվությունը հեկտարից 10-ից 20 ցենտներ է, իսկ մյուս զարգացած երկրներում՝ 40-50: Դրա պատճառն էլ սելեկցիոն աշխատանքն է, այսինքն՝ վատ սորտերի տեղայնացումը: Նախկինում ունեինք ինստիտուտներ, որոնք զբաղվում էին սելեկցիայով, հիմա դրանք չկան»,-բացատրեց Պողոսյանը՝ հավելելով, որ գիտությանը չեն տրվում այն տեղն ու միջոցները, որպեսզի լրջորեն զբաղվեն սելեկցիայով:
Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ համաշխարհային շուկայում ցորենի գների բարձրանալուն պես այն սկսել է նաեւ Հայաստանում բարձրանալ, քանի որ «մեր հայ գործարարների ախորժակն ավելի մեծ է». «Բացի այդ, բոլորիս էլ հայտնի է, որ մրցակցության բացակայության պայմաններում գներն ավելի կբարձրանան, ինչպես միշտ է եղել: Եւ հիմա էլ արդեն որոշ ապրանքատեսակների գներն անխտիր բարձրանում են»: Տնտեսագետի կարծիքով՝ ապրանքները ներկրվում են միայն իշխանության թույլտվությամբ, այդ պատճառով էլ շուկայական մեխանիզմը չի աշխատում, իսկ գներն էլ սահմանվում են իշխանության ներկայացուցիչների կողմից:
Վ. Խաչատրյանի կանխատեսմամբ՝ նախագահական ընտրություններից հետո գազի գնի բարձրացում է լինելու. «Ուզենք, թե չուզենք՝ թանկանալու են բոլոր ապրանքատեսակները, այդ թվում եւ գազը: Դա էլ կբերի կյանքի թանկացմանը: Բայց դա ընտրություններից հետո կլինի, քանի որ այս ամենը վերահսկվում է իշխանությունների կողմից, իսկ նրանք էլ գերշահույթների կարիք ունեն»:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ