Հայաստանյան իրականության շուրջ «Վիկիլիքսի» կատարած բացահայտումներից այս մեկը վերաբերում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած շրջանին: Փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում տվյալ պահին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, որը ներկայացնում է ամերիկյան կողմի եւ իշխանության առանցքային մի շարք պաշտոնյաների քննարկումների մանրամասները:
Այդ հանդիպումներին ՀՀ իշխանությունների կողմից մասնակցել են այդժամ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, այժմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու այն ժամանակ ԱԳՆ Ամերիկյան վարչության պետ, այսօր Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը:
Զեկուցագրից ակնհայտ է, որ իշխանության վերոնշյալ ներկայացուցիչներն ամեն կերպ փորձել են մեղմել քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների ազդեցությունն ու ԱՄՆ-ին համոզել շնորհավորելու Սերժ Սարգսյանի «հաղթանակը»:
Այսպես, ամերիկացի դիվանագետը նախ փոխանցում է Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի տված տեղեկությունները եւ նրա հետ ունեցած զրույցը: Գեւորգյանը համառորեն հայտարարում էր, որ Հայաստանը չի ուզում հիասթափվել որեւէ երկակի ստանդարտներ պարունակող հայտարարությունից:
Հիշատակելով նաեւ ՀՀ այսօր արդեն նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանին՝ Փենինգտոնը նկատում է, որ բանախոսների հիմնական զենքը տվյալ ժամանակափուլում Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ համեմատությունն էր՝ ի հօգուտ հայկականի: Վարդան Օսկանյանը պնդել է, որ ԱՄՆ կառավարության հայտարարությունը չպետք է հիմնվի միայն «վատ» կամ «սաստիկ վատ» որակումները ստացած ընտրատեղամասերից ստացված արդյունքների վրա: Նա ցուցադրաբար նկատել է, որ ամերիկյան կողմի նման հայտարարությունը թյուրըմբռնում կառաջացնի Հայաստանի քաղաքացիների մոտ: Գեւորգյանն էլ հավելել է, որ Հայաստանի իշխանությունը չի ուզում, որ ընդդիմությունը քաջալերվի ամերիկյան հայտարարությամբ:
Ամերիկյան փաստաթղթերի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանը հայտնել է նաեւ իր ու Քոչարյանի հեռախոսազրույցի մասին: Ըստ նախկին ԱԳՆ-ի՝ Քոչարյանն ուզում էր, որ ամերիկյան կողմն իմանա իշխանությունների նպատակների մասին, ըստ որի՝ բոլորատեսակ բողոքների ու անճշտությունների առիթով արդեն իսկ քննություններ են սկսվել: Այդ կապակցությամբ Քոչարյանը խնդրում էր ԱՄՆ կառավարությանը հետաձգել ընտրությունների կապակցությամբ հայտարարությունը, մինչեւ որ բողոքների քննությունը եւ վերահաշվարկներն ավարտվեն: Հատկանշական է, որ Արմեն Գեւորգյանն ու Վիգեն Սարգսյանը խոստացել են թույլ տալ միջազգային դիտորդներին ու ընդդիմությանը ազատորեն ներգրավվելու վերահաշվարկի գործընթացում: Հետաքրքիր է, որ ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած վերահաշվարկի մասին իր մեկ այլ զեկուցագրում նույն Փենինգտոնը արձանագրել էր տեղի ունեցած խայտառակությունն ու բռնությունների նոր ալիքը:
Այսինքն` մի կողմից բարձրաստիճան պաշտոնյաները խոստանում էին մասնակցել վերահաշվարկին, մյուս կողմից երկու-երեք օր անց առ ոչինչ են լինում նրանց խոսքերը, քանի որ բանդաները բռնությամբ կանխում էին վերահաշվարկի գործընթացը:
ԱՄՆ դիվանագետները հայաստանյան պաշտոնյաներին հայտնել են իրենց մտահոգությունների մասին: Նրանք նկատի են ունեցել հատկապես այն ընտրատարածքները, որտեղ մասնակցությունն ավելին է եղել, քան 90 տոկոսը, եւ ձայների բացարձակ մեծամասնությունը եղել է հօգուտ Սերժ Սարգսյանի:
Ամերիկացիների անհանգստությունների շարքում են քվեատուփերի լցոնումները, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ծեծն ու տեղամասերից առեւանգումը: Սրան ի պատասխան՝ իշխանության ներկայացուցիչները նկատել են, որ դրանք 10-15 տոկոս տեղամասերին են վերաբերում, եւ այդպիսի «տեխնիկական» խնդիրները չէին կարող ազդել ընտրությունների ելքի վրա: Փաստորեն մարդկանց ծեծելն ու առեւանգելը իշխանության համար տեխնիկական խնդիր է:
Նկատենք, որ Վ. Սարգսյանն ու Ա. Եգանյանն էլ իրենց հերթին հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն Ս. Սարգսյանին ուղղված շնորհավորական տարրեր պարունակող հայտարարություն կանի:
Ավելին՝ Եգանյանը ոչ պաշտոնապես փոխանցել է, որ եթե ամերիկացիները լավ հարաբերություններ հաստատեն Ս. Սարգսյանի հետ, նա կոգեւորվի հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներով ու անտարբեր կեցվածք կորդեգրի հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ: Ըստ էության, հայ դիվանագետները բավականին մանր աճպարարությունների են դիմել՝ ամերիկացիների զայրույթն աննախադեպ կեղծիքներից շեղելու համար: Ի վերջո, որքան էլ ամերիկացիները սատարեին Սերժ Սարգսյանին, միանգամայն անակնկալի էին եկել կեղծիքների այդպիսի մասշտաբներից:
Վերջում Փենինգտոնը հիշատակում է Արմեն Գեւորգյանի բազմազան խոստումները իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: Գեւորգյանը խոստացել է, որ իշխանությունը հետընտրական մթնոլորտն ավելի լավ կապահովի, քան նախընտրականը: Նրա պնդմամբ՝ ընտրախախտումների բոլոր պատասխանատուները կպատժվեն, ընդհուպ մինչեւ բանտարկություն: Նա վստահեցրել է, որ իրենք իրավիճակի լարման հարցում որեւէ շահագրգռվածություն չունեն, ինչը զգալիորեն շոյել է Փենինգտոնին: Վերջինս արձանագրել է, որ Գեւորգյանը «շատ ճիշտ բաներ» է ասել ու արտահայտել իշխանության «անկեղծ» պատրաստակամությունը:
Հատկանշական է, որ Փենինգտոնը կարծես միտումնավոր է հավատում Գեւորգյանի «անկեղծությանը»՝ մոռանալով, որ սա նույն Գեւորգյանն էր, որն այդ դեպքերից մեկ տարի առաջ ամերիկացիներին մեղադրում էր հեղափոխության հրահրման մեջ ու ՀՀ-ում գտնվող ամերիկյան մի շարք կազմակերպությունների փակման պահանջներ ներկայացնում: Անգամ այս մանր դրվագով է երեւում ամերիկյան նախապատվությունը գործող իշխանությունների նկատմամբ: Վերջում փաստենք, որ Գեւորգյանի խոստացած ավելի լավ հետընտրական մթնոլորտի գագաթնակետը Մարտի 1-ը եղավ:
Նժդեհ Հովսեփյան