Ծառուկյանը դեռ կարող է վերադառնալ քաղաքականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե որեւէ արտառոց բան չկա այն բանում, որ վերջին ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միասին են միջոցառումներին ներկայանում:

-Պարո՛ն Իսագուլյան, օրերս ՕԵԿ-ը հայտարարություն էր տարածել` քաղաքական ուժերին հորդորելով միասնական քաղաքական օրակարգ ձեւավորել: Կոչը վերաբերում էր նաեւ արտախորհրդարանական ուժերին: Ի՞նչ որոշում ունեք՝ արդյո՞ք միանալու եք ՕԵԿ-ի հորդորներին:

-Ոչ, չենք միանալու: Ես որոշակի սկզբունքներ ունեմ: Եթե ես որեւէ քաղաքական ուժի հետ երբեւէ ճանապարհ եմ անցել, անկախ մեր հետագա հարաբերություններից՝ աշխատում եմ միշտ հավատարիմ մնալ, այդ քաղաքական ուժի նկատմամբ միշտ ունենալ լավ տրամադրություն ու նույնիսկ սխալների դեպքում աշխատում եմ այդ քաղաքական ուժի մասին որեւէ բացասական բան չասել, օրինակ՝ ՀՅԴ-ի: Իսկ եթե որեւէ ուժի նկատմամբ երբեւէ որեւէ անվստահություն եմ հայտնել, դա չի եղել անձնական բնույթի խնդիր: Ես դիրքորոշում եմ ունեցել ՕԵԿ-ի նկատմամբ՝ կուսակցության վարած քաղաքական գծի պատճառով, ու ժամանակը որեւէ կերպ չի կարողացել ինձ համոզել, որ այդ քաղաքական ուժի որդեգրած ուղին փոխվել է, իսկ այն ի սկզբանե ինձ համար ընդունելի չի եղել: Դրա համար ես չգիտեմ, թե իրենք հիմա ինչ պետք է անեն, որ ես կարողանամ այդ ուժի նկատմամբ որոշակի հավատ ու վստահություն ունենալ: Ես պարոն Բաղդասարյանին եւ իր թիմին ցանկանում եմ հաջողություններ: Բայց մենք չենք միանալու:

-Ժամանակին, երբ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ ԲՀԿ-ն հանդես եկավ նմանատիպ կոչով, շատ քաղաքական ուժեր, այդ թվում եւ Դուք, միացաք նրան՝ իշխանություններից ազատվելու համար: Սակայն ԲՀԿ առաջնորդը ճանապարհի կեսից հետ կանգնեց, ինչո՞ւ այդ ժամանակ ԲՀԿ-ի կողքին կանգնեցիք, իսկ հիմա հրաժարվում եք ՕԵԿ-ի հետ ճանապարհ գնալ:

-Պարոն Ծառուկյանին մարդկային առումով ես ճանաչում եմ բավականին երկար ժամանակ, բայց երբեք անձնական հարաբերություններ չեն եղել: Ու ես այն ժամանակ էլ հայտարարել եմ, որ այդ շարժմանը միացել եմ ոչ թե որեւէ կուսակցության, այլ կոնկրետ պարոն Ծառուկյանի նկատմամբ վերաբերմունքից ելնելով:

-Դուք բազմիցս հայտարարել եք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկայնը իշխանությունների կողմից ենթարկվել է ճնշումների, ինչի արդյունքում էլ ստիպված է եղել հեռանալ ակտիվ քաղաքականությունից: Սերժ Սարգսյանի հետ Ծառուկյանի վերջին հանդիպումներից, նրանց համատեղ լուսանկարներից հետո էլ նման տպավորություն ունե՞ք: Արդյոք ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն չեն նույնացվում իրենց վարքագծով:

-Չգիտեմ՝ ինչու այդ ճնշում գործադրելու հանգամանքը, որի մասին արտահատվել է Արամ Հարությունյանը, վերագրվում է ինձ: Ես ասել եմ հետեւյալը՝ փետրվարի 12-ից հետո իշխանություններն իրենց դուրս դրեցին օրենքի դաշտից, այսինքն՝ փետրվարի 12-ի նախագահի ելույթում կային վերագրումներ, թե ովքեր պետք է քաղաքականությամբ զբաղվեն, ովքեր ոչ, բայց դա որեւէ օրենքում, Սահմանադրության մեջ առկա չէ: Այսինքն՝ նախագահը իրավասու չէ ինքը որոշել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի մարդը` քաղաքական գործիչ լինելու համար, եւ այդ ամենից բացի` նաեւ անվանարկել: Երբ շարքային քաղաքացին է անվանարկում նախագահին, զայրանում են, բայց շարքային քաղաքացին դրա իրավունքն ունի. ինքը կարող է զայրացած լինել ինչ-որ գործունեությունից, սոցիալական վիճակից եւ այլն: Բայց նույն իրավունքը չունեն բարձրաստիճան պաշտոնյաները, առավել եւս հանրապետության նախագահը: Սակայն դա տեղի ունեցավ, իշխանությունները դրանով իրենց դրեցին օրենքից դուրս: Պարոն Ծառուկյանն ընդունեց այդ մարտահրավերը, սակայն մնաց մենակ, ինչի համար էլ նա հրաժարվեց քաղաքականությունից: Իսկ հիմա զուտ մարդկային հարաբերություններ են, որոնց մասին թե՛ ՀՀ նախագահը, թե՛ պարոն Ծառուկյանը հայտարարել են, որ իրենք ներքին կյանքում թշնամիներ չունեն: Մարդիկ կարող են քաղաքական առումով իրար ամեն ինչ ասել, բայց դա քաղաքականություն է:

-Իշխանափոխության կոչերը, ռեժիմից օր առաջ ազատվելու գաղափարը Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ավարտվե՞ց, այլեւս նման օրակարգ չկա՞, պետք է սկսել Սերժ Սարգսյանի հետ մարդկային հարաբերություններ ունենա՞լ:

-Պարոն Ծառուկյանի հեռանալը շատ խորհրդանշական է, եւ հատկապես իր վերջին հայտարարությունը, երբ ասաց` գնացե՛ք, կարկառուն քաղաքական գործիչներին դիմե՛ք, շատ ճիշտ է: Շատ պարզ քայլ է, ինքը խանգարում էր թե՛ իշխանություններին, որոնք ասում էին այդ մասին, թե՛ ընդդիմության շատ ներկայացուցիչների, որոնք հայտարարում էին, թե նա դասական քաղաքական գործիչ չէ, պարոն Ծառուկյանը դուրս եկավ ու դաշտը շատ մաքուր թողեց: Մի քանի ամիս արդեն անցել է, կարող եք ասել՝ որեւէ դրական տեղաշարժ եղե՞լ է, թե՞ չէ: Պարոն Ծառուկյանը կարողանում էր ապահովել շարժման ինքնաբավությունը, մարդու նկատմամբ հավատ կար, բայց հիմա նույն համբավը, ընկալումը հասարակության կողմից չունի: Ես կարծում եմ, որ շուտով մենք այդ մեկի կարիքը կունենանք, ու չի բացառվում, որ դա լինի հենց պարոն Ծառուկյանը: Երբեք քաղաքական դաշտից դուրս գալ չեն կարող. դա աքսիոմա է, ու եթե քաղաքական գործիչը որեւէ պատմական պահի ինչ-որ բան է հայտարարում, դա չի նշանակում, որ հանգամանքներից ելնելով՝ հետագայում այլ բան չհայտարարի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս