«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած, սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտի համաձայն՝ առաջիկա տարում այդ ընկերության կորուստները պետք է կազմեն 818 մլն 780 հազ. կՎտ: Բազմիցս հայտարարվել է, որ ՀԷՑ-ը կորուստների թիվն արհեստական ուռճացնում է, եւ իրականում կորուստների անվան տակ տեղի է ունենում էլէներգիայի գողություն: Բայց ընկերության կրած «վնասների» համար վճարում է սպառողը:
Ու եթե մինչ այս անհասկանալի էր, թե ՀԷՑ-ը կոնկրետ ինչպես է «տակով անում» էլէներգիան, ապա փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից մեզ տրամադրած նյութերը մանրամասն բացատրում են դրա եղանակներից մեկը: Փաստաբանի վստահորդներից մեկի՝ Էրեբունի թաղամասի Այգետարածք 4-րդ զանգվածի բնակիչ Հեղինե Մովսեսյանի պատմությունը կոնկրետ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է «անհետանում» էլէներգիան:
Պարզվում է, որ Էրեբունու Այգետարածք կոչվող թաղամասի բնակչության առնվազն գերակշռող մեծամասնության էլէներգիան մատակարվում է առանց պայմանագրերի, եւ գանձումներն էլ իրականացվում են կանխիկով: ՀԷՑ-ը պաշտոնապես հայտարարել է, որ այն ենթակայանը, որտեղից իրականացվում է նշված թաղամասի էլէներգիայի մատակարարումը, իրենը չէ, այլ պատկանում է «Բազալտ» այգեգործական ընկերությանը: Փաստաբան Վահե Հովհաննիսյանը փորձել է այս ընկերության մասին որեւէ տեղեկություն պարզել, բայց ապարդյուն: Առավել հավանական է, որ պաշտոնապես գործունեություն ծավալող նման ընկերություն գոյություն չունի, եւ «Բազալտ»-ի միակ առաքելությունը որպես ենթակայանի սեփականատեր հանդես գալն է:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ՀԷՑ-ից բացի Հայաստանում գոյություն ունի որեւէ ընկերություն, որը վերջնական սպառողին էլէներգիա մատակարարելու լիցենզիա ունի եւ նման ծառայություն է մատուցում: ՀԾԿՀ-ից պատասխանեցին, որ էլէներգիայի վաճառքի ծառայությունը ՀԷՑ-ի բացառիկ եւ բնական մենաշնորհն է: Այլ կերպ ասած՝ օրենսդրության տեսանկյունից ՀԷՑ-ից բացի չի կարող լինել որեւէ այլ ընկերություն, որը իրավունք ունի վերջնական սպառողին էլէնեգիա մատակարարել:
Ի դեպ, եթե թաղամասի բնակիչները հրաժարվեն առանց պայմանագրի եւ կանխիկով հոսանք սպառելուց, ապա նրանց կսպառնար Հեղինե Մովսեսյանի օրինակը: Վերջինիս տունն արդեն մեկ տարուց ավել է՝ հոսանքազրկված է, եւ օրինական, պայմանագրով էլէներգիա ունենալու բոլոր փորձերն անցել են ապարդյուն:
Մի խոսքով, թվում է, թե այս պատմությունը չէր կարող դատարանների եւ իրավապահների կողմից անտեսվել: Սակայն փաստն այն է, որ դատական երկու ատյաններ` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարաններն այս պատմության մեջ անօրինական ոչինչ չեն տեսել: Խնդրի մասին տեղեկացվել է նաեւ ոստիկանությունը, կրկին անարդյունք: Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննիչներին չի հետաքրքրել այն փաստը, որ ինչ-որ անհատ սպառողներին առանց պայմանագրի էլէներգիա է մատակարարում եւ դրա դիմաց կանխիկով գանձումներ կատարում: Ոստիկանները սրանում հանցակազմ չեն տեսել: Իսկ հետաքրքիր է՝ էլէներգիայի գողությունն էլ ինչպես կարող է տեղի ունենալ:
Վահե Հովսեփյանը ոստիկանության հետաքննիչի գործողությունները դատախազությունում բողոքարկել է, բայց կրկին ապարդյուն: Մի խոսքով, համատեղ ջանքերով բոլորը փորձում են այս պատմությունը «թաղեն», գնա: Ավելին՝ այն ջրի երես դուրս չէր էլ գա, եթե 2014-ի տարեսկզբին բնակիչը եւ նրա ինքնակոչ «էլէկտրիկը» չվիճեին:
Սակայն ամենակարեւոր հարցն այստեղ այն է, թե Հայաստանում քանի՞ նման թաղամաս գոյություն ունի, որտեղ էլէներգիայի դիմաց կանխիկով են վճարում, քանի՞ ձեռնարկություն է նման ձեւով վճարում իր սպառած հոսանքի դիմաց:
Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե ՀԷՑ-ի հայտարարագրած կորուստներից որքանն է իրական, որքանը` կեղծ: Մենք կարող ենք միայն մոտավոր պատկերացում կազմել: Մասնավորապես, միջազգային փորձը վկայում է, որ էլէներգիայի կորուստը չի կարող գերազանցել 7 տոկոսը: ՀԷՑ-ի դեպքում ստացվում է, որ նրանց կողմից հայտարարած կորուստներից 372 մլն 658 հազար կՎտ-ը արհեստական է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ էլէներգիան իրականում կանխիկ դրամով եւ առանց ձեւակերպման վաճառվել է, ապա ստացվում է, որ միայն այս ճանապարհով ինչ-որ մարդիկ տարեկան շուրջ 15 միլիարդ դրամ կամ ավելի քան 30 միլիոն դոլար գումար են գրպանում, բայց ցանկանում են, որ դրա դիմաց վճարի օրինապահ սպառողը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ