ՉՀԱՋՈՂՎԱԾ ԲԻԶՆԵՍՄԵՆՆ ՈՒ 6-Ի ՄՈՒՐԱԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 տարի խաբվում ենք ու խաբվում: Նույնիսկ մեր շուրջը կատարվող խարդախություններն ու բացասական երեւույթները մեզ չեն ստիպում ավելի զգոն լինել եւ չընկնել «կրակը»: Մարդիկ պարզապես վստահում են իրենց ծանոթներին եւ տարիներով ընկնում իրավապահների ու դատարանների դռները, ինչպես «կոլեկցիոներ» Գեորգին, ոսկերիչ Լեւոնը, Սեդան ու Անահիտը:  
Ըստ քրգործի նյութերի՝ նրանք վստահել են Տիգրան Հակոբյանին, որը ո՛չ մշտական բնակության վայր է ունեցել, ո՛չ աշխատանք, ո՛չ էլ տուն: Բնակվել է իր հետ փաստական ամուսնական կապի մեջ գտնվող կնոջ տանը եւ սկսել աջ ու ձախ մոլորության մեջ գցել մարդկանց. շահել է նրանց վստահությունը, տարբեր պատճառաբանություններով եւ սուտ խոստումներով վերցրել նրանց գումարները եւ «թռել»: Ըստ մեղադրականի՝ Տ. Հակոբյանն իր ծանոթ, նկարների հավաքածու ունեցող Գեորգիին հավաստիացրել է, թե 23 հազ. ԱՄՆ դոլարով կարող է ձեռք բերել հայ եւ ռուս դասական նկարիչների՝ Մ. Սարյանի, Գ. Բաշինջաղյանի, Վ. Խլեբնիկովի նկարներից եւ վստահություն ձեռք բերելու համար ցույց տվել այդ կտավների ֆոտոնկարները: Դրանից հետո` 2007թ. փետրվարին, Տիգրանը Գեորգիից ստացել է 23 հազ. ԱՄՆ դոլար, սակայն չի բերել խոստացած նկարները, դրանց փոխարեն բերել է եվրոպական նկարիչների էժանագին նկարներ, որոնք Գեորգին հրաժարվել է ընդունել եւ պահանջել իր տված գումարը կամ խոստացված նկարները: Սակայն Տիգրանը ո՛չ խոստացած նկարներն է բերել, ո՛չ էլ փողը:
Դրանից մեկ ամիս անց՝ 2007-ի մարտին, Տիգրանը հանդիպել է ոսկերչությամբ զբաղվող իր մյուս ծանոթին՝ Լեւոնին, եւ նրանից խնդրելով 10 հազ. ԱՄՆ դոլար՝ հավաստիացրել է, թե այդ գումարով ձեռք է բերելու ճանաչված նկարիչների թանկարժեք նկարներ, ապա թանկ գնով վերավաճառելու է, որպեսզի ե՛ւ իր ֆինանսական վիճակը բարելավի, ե՛ւ Լեւոնի գումարը վերադարձնի: Լեւոնն էլ, վստահելով Տիգրանին, տվել է այդ գումարը: Մեկ տարի անց Լեւոնը Տիգրանի խնդրանքով նրան է տվել նաեւ 6000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության ոսկյա զարդեր՝ հավատալով, որ նա իսկապես դրանք տանելու է Թուրքիա՝ տեղի իր ծանոթ ոսկերիչներին որպես նմուշ ցույց տալու եւ այդպիսի զարդերի պատրաստման եւ իրացման պայմանագրեր կնքելու, որպեսզի փող աշխատի, իրենից վերցրած 10 հազ. դոլար պարտքն էլ վերադարձնի: Բայց Տիգրանը ո՛չ փողն է վերադարձրել, ո՛չ ոսկեղենը:
Տիգրանից հաջորդ տուժածը նրա հարեւան Սեդան է: Տիգրանը 2007-ին մի քանի անգամ գնացել է նրանց տուն եւ պարտքով գումար վերցրել՝ խոստանալով վերադարձնել: Մի քանի անգամ վերադարձրել է, սակայն 2000 եվրո չի կարողացել վերադարձնել: Դրանից հետո համոզել է Սեդային, թե Թուրքիայում մեծ գործեր է ձեռնարկել եւ նրանից եւս 6000 եվրո է վերցրել՝ խոստանալով նախկինում վերցրած 2000 եվրոյի հետ վերադարձնել, բայց խոստումը մնացել է անկատար…
Իսկ ահա հերթական զոհի` Անահիտի դեպքում Տիգրանը, իմանալով, որ նա ցանկանում է սեփականաշնորհել Երեւանում իրեն հատկացված բնակելի տարածքը, որի հետ կապված դժվարություններ կան, կնոջը հավաստիացրել է, թե ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության (ԿՀԴՊԳՎ) աշխատակից Մուրադ Բաղդասարյանի միջոցով կարող է օգնել այդ հարցում: Այդ  խնդրի լուծման համար պահանջել եւ ստացել է 2500 ԱՄՆ դոլար եւ 20 հազ. դրամ` մուծումներ կատարելու համար, բայց գործը չի ստացվել, փողն էլ տիրոջը չի վերադարձվել: Իսկ երբ բռնել են Տիգրան Հակոբյանին, նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերել են նաեւ ապօրինի ձեռք բերված զգալի չափի «դիազեպամ» տեսակի հոգեմետ նյութ:
Սույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ 6-րդ վարչության Մուրադին` պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Նա, աշխատելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում որպես ՀԿԳ ավագ օպերլիազոր, անձնական շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:  Հաստատապես գիտենալով, որ իր ընկեր Տիգրանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով Գեորգիից, Լեւոնից եւ Անահիտից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ այդ հանցագործությունը կատարելու մեղադրանքով 2010թ. փետրվարի 8-ից գտնվում է հետախուզման մեջ եւ պետք է կալանավորվի, որոշակի դերակատարում ունենալով Տիգրանի ու տուժողների փոխհարաբերություններում եւ մտավախություն ունենալով, որ վերջինիս բռնվելու դեպքում հնարավոր է` կասկածներ առաջանան վերը նշված հանցագործությանն իր մասնակցության կապակցությամբ, նշյալ հանգամանքներն ի հայտ չգալու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նա շուրջ 2 տարի իմացել է հետախուզվող Տիգրանի թաքնվելու վայրը, իր խորհուրդներով աջակցել նրան իրավապահներից թաքնվելու գործում, եւ վերջինս, գտնվելով ազատության մեջ, կատարել է նոր հանցագործություն՝ ապօրինի ձեռք է բերել եւ պահել «դիազեպամ» հոգեմետ նյութ:
Կրկնակի խարդախության եւ հոգեմետ նյութ պահելու մեղադրանքում Տ. Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ ամբաստանյալ Մ. Բաղդասարյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Դատարանը մեղավոր է ճանաչել ամբաստանյալներին, Տիգրանին դատապարտել 6 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ՝ հանցագործությամբ պատճառված վնասը` 17 մլն 926 հազ. 568 դրամը վերականգնելու համար: Դատարանը համապատասխան չափերով բավարարել է նաեւ տուժողների քաղհայցերը: Իսկ Մ. Բաղդասարյանին դատարանը դատապարտել է 9 ամսվա ազատազրկման: Տ. Հակոբյանի պաշտպանը բողոքել է ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով ամբողջությամբ բեկանել դատական ակտը, խարդախության դրվագներով արդարացնել, իսկ հոգեմետ նյութ պահելու մասով` ազատ արձակել դահլիճից կամ գործն ուղարկել նոր քննության կամ պայմանականորեն չկիրառել պատիժը:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս