ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասամբ մեղմացրել է դատական համակարգի «մեղքը». նոյեմբերի 12-ին վերաքննիչը «մի քիչ անկախացել» եւ ուժի մեջ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով թեթեւացվել էր 2 անգամ ինքնասպանության փորձ արած Գայանե Փահլեւանյանի 5 տարվա պատժաչափը: Քաղցկեղով հիվանդ երեխայի մայրն ինքնասպանության փորձ էր արել զինդատախազության իրավապահների եւ դատարանների անարդար վերաբերմունքի պատճառով, ինչի մասին հայտնել էր իրավապահներին, որոշ ԶԼՄ-ների եւ իրավապաշտպանների:
Հիշեցնենք, որ Վանաձորի զորամասերից մեկի արդեն նախկին գանձապետ Գայանեն նամակում նշել էր, որ ֆինանսական յուրացումներն ու վատնումները կատարել է զորամասի երկու հրամանատարների հետ, որոնք հետո համաներմամբ ազատվել էին քրեական պատասխանատվությունից` առանց պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու: Իսկ Գայանեն համապարտության կարգով վերականգնել էր պետությանը պատճառված 12,5 միլիոն վնասի իր բաժինը` 3,5 միլիոնը, սակայն դատապարտվել 5 տարվա ազատազրկման. նույնիսկ համաներման ակտով Գայանեի պատիժը չէին մեղմացրել: Իսկ ՊՆ քննչական մարմնում եւ Լոռու կայազորի զինդատախազությունում Գայանեին նվաստացրել էին, հոգեբանորեն ճնշել, նրան արդարացնող որոշ ապացույցներ անտեսել ու այդպես էլ գործն ուղարկել դատարան:
Գ. Փահլեւանյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ դատական երեք ատյանների կողմից համաներման ակտը չկիրառելը «երեւի զուտ անուշադրության հետեւանք է» եղել, ինչի հետ կապված՝ ինքը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` դատավճռում առկա անհստակությունը վերացնելու համար: Դատարանն էլ գտել է, որ պաշտպանն իրավացի է, եւ համաներման ակտով կրճատել է պատժաչափը. ՀՀ քր. օր.-ի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) մասով ազատել է պատժից, իսկ 179-րդ հոդվածի (յուրացում) մասով` 1/4-ով կրճատել է 4 տարի 6 ամիս ազատազրկման պատժաչափը: Սակայն դա դուր չէր եկել Լոռու կայազորի զինդատախազությանը, եւ մեղադրողը վերաքննիչ բողոք էր բերել, որն էլ ՀՀ վերաքննիչ դատարանն արդարաբար մերժել է:
Ի դեպ, մեղադրողը` Լոռու կայազորի զինդատախազության ներկայացուցիչ Մ. Հախվերդյանը, կտրականապես հրաժարվեց խոսել մեզ հետ: Իսկ մենք ուզում էինք պարզել` զորամասի հրամանատարների մասով վերաքննիչ բողոք բերվել է, թե ոչ, նրանցից պետությանը պատճառված վնասը վերականգնվելու է, թե ոչ… Եւ ամենակարեւորը` ինքնասպանության հասցնելու փաստով քրգործի հարուցումը մերժելու հարցում Լոռու մարզի կայազորի զինդատախազ Թ. Միրզաբեկյանի աներորդու` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի «մատը խա՞ռն էր», թե՞ ոչ:
ԳԱՆՁԱՊԵՏԻ ՊԱՏԻԺԸ ՄԵՂՄԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ