ԱՆՎԱՆՈՒՄԸ ՍԽԱԼ ԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՏՈՒՅԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկապարտեզներում երեխաներին տրվող սննդի որակը վերահսկելու նպատակով քաղաքապետարանի աշխատանքային խմբերի կողմից անցած շաբաթ  շրջայց է կատարվել Երեւանի մի շարք մանկապարտեզներ: Արդյունքում՝ 3 տնօրեն ազատվել են աշխատանքից, 4-ը՝ ենթարկվել կարգապահական տույժի:
Հիշեցնենք, որ վերջերս Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել էր, որ մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է: Եւ վերահսկողության վարչության հետ  համատեղ ավելի քան 20 մանկապարտեզներ կատարած անակնկալ ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումների պատճառով աշխատանքից ազատվել են երկու մանկապարտեզի տնօրեն:
Այդ խորհրդակցության ժամանակ էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր. «Մենք բարոյական որեւէ իրավունք չունենք, որ մանկապարտեզներում ժամկետանց սնունդ մատակարարվի: Իմ հանձնարարությամբ ստուգայցերը շարունակվելու են բոլոր մանկապարտեզներում՝ բացառելու համար որեւէ խախտում: Եւ յուրաքանչյուր խախտման դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական տույժերի՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից հեռացման»: Ստուգայցերը շարունակվեցին, եւ ազատված տնօրենների թվին ավելացավ եւս մեկը, իսկ կարգապահական տույժի ենթարկվեցին 4-ը:
«Մենք աշխատանքից ազատեցինք  Երեւանի մանկապարտեզների երեք տնօրենի եւ կարգապահական տույժի ենթարկեցինք 4-ի: Բայց ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել: Այս ուսումնասիրությունները կատարվում են քաղաքապետի կողմից խիստ դրված կարգադրության շրջանակներում: Միայն սննդի վերահսկողությունն է եղել մեր ուսումնասիրության նպատակը: Թե սննդակարգով երեխան շաբաթվա ընթացքում ինչ պետք է ուտի, իսկ տնօրենները պետք է ընդամենը պահպանեին այն, բայց, ցավոք, չէր պահպանվել: Թերություններ ու խախտումներ արձանագրվել են՝ սննդի մատակարարման, ժամկետանցության, պիտակավորման հետ կապված: Տարբեր մանկապարտեզներում տարբեր վիճակներ են եղել, բայց, ընդհանուր առմամբ, որտեղ եղել են արտառոց բաներ, աշխատանքից ազատվել են տնօրենները, իսկ այնտեղ, որտեղ եղել են թերություններ, տնօրենները ենթարկվել են կարգապահական տույժի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց  Գայանե Սողոմոնյանը:
Կարգապահական տույժի ենթարկված տնօրեններին դեռ գրավոր նկատողությունները չեն հասել: Այս մասին մեզ տեղեկացրին հենց տնօրենները: Սրա հետ կապված՝ Գ. Սողոմոնյանը բացատրեց, որ նկատողությունը սովորաբար տրվում է քաղաքապետի առաջարկությամբ եւ վարչական շրջանի ղեկավարի կողմից. «Նրանք արդեն տվել են նկատողությունները, իսկ քաղվածքները կուղարկվեն քաղաքապետարան»:
Հանրապետության 71 շենքում գտնվող հ. 16 մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Պողոսյանի, Ղափանցյան փողոցի 12/3 շենքում գտնվող հ. 24 մանկապարտեզի տնօրեն Գոհար Գալստյանի, Անդրանիկի 133/3 հասցեում գտնվող հ. 94 մանկապարտեզի տնօրեն Օվսաննա Մկրտչյանի, Լեփսիուսի 2 հասցեում գտնվող հ. 153 մանկապարտեզի տնօրեն Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է «նկատղություն» կարգապահական տույժ` երեխաներին տրվող սննդի կազմակերպման գործընթացում թերությունների հայտնաբերման պատճառով:
Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել են Մաշտոցի պողոտայի 21ա հասցեում գտնվող հ. 2 մանկապարտեզի տնօրեն Իդա Իվանովան, Դավիթաշեն 3-րդ թաղամասում գտնվող հ. 60 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Թամազյանը եւ Ավանեսովի փողոցի 12 շենքում գտնվող հ. 64 մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Ադամյանը:
Հ. 24 մանկապարտեզի տնօրեն Գոհար Գալստյանը, որը 19 տարի է՝ պաշտոնավարում է,  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց նշել այն թերությունները, որոնց պատճառով ենթարկվել է կարգապահական տույժի: «Կլինի՞ Ձեր հարցերին չպատասխանեմ: Ես ոչ մի մեկնաբանություն էլ չեմ ցանկանում տալ: Միայն կասեմ, որ ամեն ինչ նորմալ է եղել: Ես չեմ ուզում խոսել»,-ասաց երկարամյա տնօրենն ու անմիջապես կախեց լսափողը:
Իսկ ահա հ. 64 մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Պողոսյանի համար ողջունելի է, որ նմանատիպ ստուգումներ եւ ուսումնասիրություններ են կատարվում: «Ի վերջո, թերությունները պե՞տք է շտկվեն, թե՞ ոչ: Ես համաձայն եմ իմ նկատողության հետ, որովհետեւ իրոք թերություն կար: Համոզվեցի դրանում ու համաձայնեցի նկատողության հետ: Չնայած այնքան էլ ճակատագրական թերություն չէր: Հիմա ես չեմ ուզում այդ մասին բարձրաձայնել»,-անկեղծացավ  ութ տարի պաշտոնավարած տնօրենը:
Նրա խոսքով՝ ութ տարվա մեջ սա առաջին դեպքն է. «Այս ութ տարվա մեջ միշտ էլ սննդի հետ կապված ստուգումներ եւ ուսումնասիրություններ կատարվել են, բայց երբեւէ նման թերություն չի եղել: Սա ուղղակի փոքրիկ թերություն էր: Այն կապված չի եղել ո՛չ սննդի ժամկետի, ո՛չ որակի եւ ո՛չ էլ քաշի հետ: Ուղղակի կապված է եղել ուտելիքի անվան հետ: Դե իրենք բացատրեցին, որ այդպես չպետք է լիներ, ես էլ չառարկեցի, քանի որ նրանք բացատրեցին, թե որն է ճիշտը»: Հավելենք, որ ստուգայցերը դեռ չեն ավարտվել, մնացել է եւս 30 մանկապարտեզ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս