Հայաստանում 2009 թվականից սկսվել են տեսչական բարեփոխումները: Տեսչական բարեփոխումների էությունը կայանում է նրանում, որ ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը նախօրոք` մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի մեկը՝ բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանյչուր տարվա հունիսի մեկը: Բարեփոխումների առաջին գործնական քայլը նախորդ տարվա ընթացքում մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպություններում ստուգումների սահմանափակումն էր:
Մասնագետները վկայում են, որ մինչ այժմ այս բարեփոխումների շնորհիվ ունենք տեսչական բարեփոխումների արդյունավետության բարձրացում, ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի մշակում և ներդրում: Որպես գլխավոր ձեռքբերում բարեփոխումների հեղինակները մատնանշում են նաև ստուգումների հեշտացումը: Այժմ կազմակերպությունն էլ նախապես տեղյակ է լինում, թե երբ են իր մոտ ստուգումներ կատարվելու, իսկ օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև ստուգաթերթերը, որոնց հիման վրա էլ կատարվում են ստուգումները: Սակայն այստեղ կան բացառություններ, օրինակ հարկային մարմինները, ԱՎԾ-ն և ՏՄՊՊՀ-ն:
Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Հայկ Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, թե դրական է գնահատում մինչ այժմ արված աշխատանքը և վստահեցրեց, թե այժմ բիզնեսի ներկայացուցիչները կարող են աշխատել առանց ավելորդ ստուգումների: «Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում Տեսչական համակարգը խնդիրներ ունի, այն էլ բավական լուրջ, որոնց լուծումները հրատապություն են պահանջում: Առաջացած խմդիրները կարելի է բաժանել երեք մասի` 1. խնդիրներ քաղաքացիների համար` անվտանգության ոչ բավարար ու ցածր մակարդակ, 2. խնդիրներ բիզնեսի համար, գիտենք, որ ցանկացած ստուգում այս կամ այն չափով որոշակի ճնշում է ենթադրում եւ 3. խնդիր պետության համար, որտեղ պահանջվում էին տեսչական համակարգի վերջնական ու ճշգրիտ ստուգումներ», – նշեց նա:
Տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավարը, որպես կարեւոր ձեռքբերում համարում է ստուգաթերթիկով աշխատելու նոր գործելաոճը.
«Ցանկացած տեսչական ստուգում այսուհետ կիրականացվի բացառապես ստուգաթերթերով: Այն պարտադիր պահանջ է և իրենից ներկայացնում է հարցաշար: Ստուգաթերթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերահսկող մարմնի ներկայացուցիչները չեն կարող իրականացնել ստուգում այն բանի նկատմամբ, որը նշված չէ ստուգաթերթում: Ստուգաթերթիկի կարևորություններից մեկն է թափանցիկ աշխատանքն ու դրա արդյունավետությունը», – վստահեցնում է Այվազյանը:
Նշենք, ոչ տեսչական բարեփոխումների համատեքստում ստեղծվել է փորձնական օպտիմալացված՝ առողջապահական պետական տեսչությունը, իսկ օպտիմալացման աշխատանքներն էլ շարունակվում են: Հավելենք, որ բարեփոխումներն ավարտվելու են 2018-ին և այդ ժամանակ բոլոր տեսչությունները պետք է դարձած լինեն տեսչական մարմիններ: