Աշոտյանին «սեքս, կեքս» սկանդալը չի հետաքրքրում. նա չի թողնի` Պոլիտեխնիկի որևէ ուսանողի գլխից մազ պակասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլև արժանապատիվ հեռանալ: Այս մասին հունիսի 9-­ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հունիսի 6­-ին ասուլիսին և հրապարակած տեսանյութին:

«Պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները և խնդիրները: Ես այդ տեսանյութ կոչվածը տեսել եմ ամիսներ առաջ: Ճիշտն ասած` այդ գործն ինձ քիչ է հետաքրքրում, որովհետև պետք է հետաքրքրի պատկան մարմիններին: Այդ տեսանյութը հարցեր առաջացրեց. եթե դա ինչ­որ բանի ապացույց է, ապա ինչո՞ւ մոտ մեկ տարի տևող գործի ընթացքում այդ տեսանյութը չի բերել կոնկրետ արդյունքի: Եթե դա ապացույց է, ապա ի՞նչ իրավունքով է որևէ կողմ հրապարակել չփակված քրեական գործի նյութերը: Ամենակարևոր խնդիրը՝ որտեղից այդ կադրերը»,­«Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Թոքմաջյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ տեսանյութի համար հիմք են ծառայել վճարովի կայանատեղիների տեսախցիկների նյութերը: «Ինձ՝ որպես երևանցի, հետաքրքրում է՝ իմ անձնական կյանքն ի՞նչ իրավական հիմքով է այդ կազմակերպությունը տրամադրել ինչ­որ մեկին: Եթե մարդը հրավիրում է ասուլիս, որպեսզի հաշվետու լինի իր մեկ տարվա կատարած աշխատանքների համար, և այդ ասուլիսի 90 տոկոսը նվիրում է անձնական արկածներին, բուհի համար վատ է, ապացուցում է, որ բուհում մի բան այն չէ»,­նշեց Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ իրեն «սեքս, կեքս» սկանդալը չի հետաքրքում: Նրա համոզմամբ՝ ամենակարևորը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններն են: «Թույլ չեմ տա, որ Պոլիտեխնիկի որևէ ուսանողի գլխից մազ պակասի: Ես տեղեկություններ ունեմ ճնշումների մասին: Կոմեդիայի ավարտին մնացել է ընդամենը 11 օր», ­նշեց նախարարը:

Նախորդ տարի Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր նրա և աշխատակիցներից մեկի միջև ինտիմ խոսակցությունը, որը, ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, տեղադրվել էր այլ անձանց կողմից: Միջադեպը կրքերի բորբոքման առիթ էր դարձել: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հունիսի 6­ին հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ իր ֆեյսբուքյան էջը նախորդ տարի երեք անգամ կողմնակի միջամտության է ենթարկվել: Նա հրապարակել էր մի տեսանյութ, որը մեծ արձագանք էր առաջացրել:




Լրահոս