ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե որեւէ արտառոց բան չկա այն բանում, որ վերջին ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միասին են միջոցառումներին ներկայանում:

-Պարո՛ն Իսագուլյան, օրերս ՕԵԿ-ը հայտարարություն էր տարածել` քաղաքական ուժերին հորդորելով միասնական քաղաքական օրակարգ ձեւավորել: Կոչը վերաբերում էր նաեւ արտախորհրդարանական ուժերին: Ի՞նչ որոշում ունեք՝ արդյո՞ք միանալու եք ՕԵԿ-ի հորդորներին:
-Ոչ, չենք միանալու: Ես որոշակի սկզբունքներ ունեմ: Եթե ես որեւէ քաղաքական ուժի հետ երբեւէ ճանապարհ եմ անցել, անկախ մեր հետագա հարաբերություններից՝ աշխատում եմ միշտ հավատարիմ մնալ, այդ քաղաքական ուժի նկատմամբ միշտ ունենալ լավ տրամադրություն ու նույնիսկ սխալների դեպքում աշխատում եմ այդ քաղաքական ուժի մասին որեւէ բացասական բան չասել, օրինակ՝ ՀՅԴ-ի: Իսկ եթե որեւէ ուժի նկատմամբ երբեւէ որեւէ անվստահություն եմ հայտնել, դա չի եղել անձնական բնույթի խնդիր: Ես դիրքորոշում եմ ունեցել ՕԵԿ-ի նկատմամբ՝ կուսակցության վարած քաղաքական գծի պատճառով, ու ժամանակը որեւէ կերպ չի կարողացել ինձ համոզել, որ այդ քաղաքական ուժի որդեգրած ուղին փոխվել է, իսկ այն ի սկզբանե ինձ համար ընդունելի չի եղել: Դրա համար ես չգիտեմ, թե իրենք հիմա ինչ պետք է անեն, որ ես կարողանամ այդ ուժի նկատմամբ որոշակի հավատ ու վստահություն ունենալ: Ես պարոն Բաղդասարյանին եւ իր թիմին ցանկանում եմ հաջողություններ: Բայց մենք չենք միանալու:
-Ժամանակին, երբ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ ԲՀԿ-ն հանդես եկավ նմանատիպ կոչով, շատ քաղաքական ուժեր, այդ թվում եւ Դուք, միացաք նրան՝ իշխանություններից ազատվելու համար: Սակայն ԲՀԿ առաջնորդը ճանապարհի կեսից հետ կանգնեց, ինչո՞ւ այդ ժամանակ ԲՀԿ-ի կողքին կանգնեցիք, իսկ հիմա հրաժարվում եք ՕԵԿ-ի հետ ճանապարհ գնալ:
-Պարոն Ծառուկյանին մարդկային առումով ես ճանաչում եմ բավականին երկար ժամանակ, բայց երբեք անձնական հարաբերություններ չեն եղել: Ու ես այն ժամանակ էլ հայտարարել եմ, որ այդ շարժմանը միացել եմ ոչ թե որեւէ կուսակցության, այլ կոնկրետ պարոն Ծառուկյանի նկատմամբ վերաբերմունքից ելնելով:
-Դուք բազմիցս հայտարարել եք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկայնը իշխանությունների կողմից ենթարկվել է ճնշումների, ինչի արդյունքում էլ ստիպված է եղել հեռանալ ակտիվ քաղաքականությունից: Սերժ Սարգսյանի հետ Ծառուկյանի վերջին հանդիպումներից, նրանց համատեղ լուսանկարներից հետո էլ նման տպավորություն ունե՞ք: Արդյոք ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն չեն նույնացվում իրենց վարքագծով:
-Չգիտեմ՝ ինչու այդ ճնշում գործադրելու հանգամանքը, որի մասին արտահատվել է Արամ Հարությունյանը, վերագրվում է ինձ: Ես ասել եմ հետեւյալը՝ փետրվարի 12-ից հետո իշխանություններն իրենց դուրս դրեցին օրենքի դաշտից, այսինքն՝ փետրվարի 12-ի նախագահի ելույթում կային վերագրումներ, թե ովքեր պետք է քաղաքականությամբ զբաղվեն, ովքեր ոչ, բայց դա որեւէ օրենքում, Սահմանադրության մեջ առկա չէ: Այսինքն՝ նախագահը իրավասու չէ ինքը որոշել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի մարդը` քաղաքական գործիչ լինելու համար, եւ այդ ամենից բացի` նաեւ անվանարկել: Երբ շարքային քաղաքացին է անվանարկում նախագահին, զայրանում են, բայց շարքային քաղաքացին դրա իրավունքն ունի. ինքը կարող է զայրացած լինել ինչ-որ գործունեությունից, սոցիալական վիճակից եւ այլն: Բայց նույն իրավունքը չունեն բարձրաստիճան պաշտոնյաները, առավել եւս հանրապետության նախագահը: Սակայն դա տեղի ունեցավ, իշխանությունները դրանով իրենց դրեցին օրենքից դուրս: Պարոն Ծառուկյանն ընդունեց այդ մարտահրավերը, սակայն մնաց մենակ, ինչի համար էլ նա հրաժարվեց քաղաքականությունից: Իսկ հիմա զուտ մարդկային հարաբերություններ են, որոնց մասին թե՛ ՀՀ նախագահը, թե՛ պարոն Ծառուկյանը հայտարարել են, որ իրենք ներքին կյանքում թշնամիներ չունեն: Մարդիկ կարող են քաղաքական առումով իրար ամեն ինչ ասել, բայց դա քաղաքականություն է:
-Իշխանափոխության կոչերը, ռեժիմից օր առաջ ազատվելու գաղափարը Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ավարտվե՞ց, այլեւս նման օրակարգ չկա՞, պետք է սկսել Սերժ Սարգսյանի հետ մարդկային հարաբերություններ ունենա՞լ:
-Պարոն Ծառուկյանի հեռանալը շատ խորհրդանշական է, եւ հատկապես իր վերջին հայտարարությունը, երբ ասաց` գնացե՛ք, կարկառուն քաղաքական գործիչներին դիմե՛ք, շատ ճիշտ է: Շատ պարզ քայլ է, ինքը խանգարում էր թե՛ իշխանություններին, որոնք ասում էին այդ մասին, թե՛ ընդդիմության շատ ներկայացուցիչների, որոնք հայտարարում էին, թե նա դասական քաղաքական գործիչ չէ, պարոն Ծառուկյանը դուրս եկավ ու դաշտը շատ մաքուր թողեց: Մի քանի ամիս արդեն անցել է, կարող եք ասել՝ որեւէ դրական տեղաշարժ եղե՞լ է, թե՞ չէ: Պարոն Ծառուկյանը կարողանում էր ապահովել շարժման ինքնաբավությունը, մարդու նկատմամբ հավատ կար, բայց հիմա նույն համբավը, ընկալումը հասարակության կողմից չունի: Ես կարծում եմ, որ շուտով մենք այդ մեկի կարիքը կունենանք, ու չի բացառվում, որ դա լինի հենց պարոն Ծառուկյանը: Երբեք քաղաքական դաշտից դուրս գալ չեն կարող. դա աքսիոմա է, ու եթե քաղաքական գործիչը որեւէ պատմական պահի ինչ-որ բան է հայտարարում, դա չի նշանակում, որ հանգամանքներից ելնելով՝ հետագայում այլ բան չհայտարարի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԸ ԿՏԱ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

«Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենք ձեւավորվել են, որպեսզի մասնակցեն համապետական հերթական ընտրություններին եւ փորձելու են հասնել իշխանափոխության: Բայց մեթոդների մասով դեռ չշտապեց գաղտնիքներ բացահայտել: Միայն ասաց. «Երբեք ժողովրդին հուսախաբ չենք անի… հենց հայտարարեցինք, հաշվեք, որ 90%-ով լինելու է իշխանափոխություն. ուժեղանանք՝ կանենք: Գնալու ենք հերթական ընտրության, բայց իշխանափոխության հասնելու համար»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք իրենք եկել են՝ լրացնելու ընդդիմության բաց մնացած տեղը քաղաքական դաշտում, նա ոչ ուղղակի պատասխան տվեց՝ նախ արձանագրելով, որ այս տարիների ընթացում իշխանությունը «չի զգացել, որ իր դիմաց ուժ կա» եւ դրա համար գնացել են տարբեր խարդավանքների. «Մենք չենք եկել ազդարարելու, թե մենք էլ կանք, երկրում ծանր վիճակ է, չկա ձեւավորված նորմալ ընդդիմություն, չենք ուզում տարբեր ասեկոսեների հետեւից գնանք, ժամանակը ցույց կտա, բոլոր ժամանակներում գնահատականը ժողովուրդն է տվել ու այս անգամ էլ կտա»,-հայտարարեց նա:
Հարցին էլ, թե շատ ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունները հոգեվարքի մեջ են, ջղաձիգ շարժումներ են անում, Դուք ի՞նչ կարծիք ունեք՝ այդպե՞ս է, Ս. Միքայելյանը բումերանգի ոճով պատասխան տվեց. «Ոչ ոք էլ հոգեվարքի մեջ չէ, իշխանություններն իրենց գործ են անում՝ երկիրն են քանդում, էդ ջղաձիգն էլ երեւաց՝ ով են, ջղաձգվան, գնացին, հեսա ջղաձգված կգան նորից սեպտեմբերին»:
Նրա խոսքերով. «Մեր ուժի նախապայմաններից մեկն այն է, որ տեղամասերում մարդ ունենանք, ոչ թե ձեւական մարդիկ բերենք՝ լցոնելով, վախեցնելով լինի: Ուզում ենք այն մարդիկ լինեն, որ գաղափարապես մեր հետ լինեն: Ուժի դեմ ուժ է պետք, եթե նորմալ ուժ չլինենք, չենք կարող պայքարել: Գլխավոր հարցերից մեկը 1787 տեղամասում 3-5 մարդ ունենալն է, որը կկանգնի ու կպայքարի՝ ի փառս մեր ժողովրդի»:
Բանախոսն անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, որոնք ծավալվում են իրենց նորաստեղծ կուսակցության շուրջ: Բանն այն է, որ հետեւողականորեն լուրեր են տարածվում այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանական պրոյեկտ է: «Սենց շարունակվի, չգիտեմ՝ ինչ կլինի հետագայում: Ամեն տեղ մի խայծ գցել են, ընկել ենք, հետեւից գնացել ենք։ Մենք մեր գործն ենք անում: Մենք չեն եկել փնովենք, թե սրանք մարդասպան են, գել ու գազան են։ Տեսանք, որ բոլոր իրենց խաղն են խաղում: Նիկոլին, ինձ ասում են՝ Սերժի հաճախորդներ են, ինչ են, ժամանակը ցույց կտա, որ հաճախորդներ ենք, թե ոչ»,- ասաց նա եւ հավելեց՝ նախընտրում են «հայ-բուդուր» հայտարարությունների փոխարեն գործ անեն:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցին՝ Սասուն Միքայելյանը նշեց, թե շոու է, որպեսզի շեղեն ժողովրդին:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

«ՀԱՄԵՍՏ» ՇԱԲՈՅԱՆԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 13 մլն դրամ: Սակայն Արտակ Շաբոյանի տարեկան աշխատավարձը ուղիղ դրա կեսն է կազմում` 7 մլն 583 հազար դրամ: Այս թվերից դատելով՝ կարելի է կարծել, որ ՏՄՊՊՀ նախագահը համեստ ունեցվածքի տեր է: Սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է: Բանն այն է, որ Արտակ Շաբոյանի կինը՝ Քրիստինե Եղիազարյանը, ավելի մեծ կարողության տեր է, քան իր ամուսինը: ՏՄՊՊՀ նախագահի կնոջ դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 16 մլն դրամ եւ 53 հազար դոլար: Բացի այդ՝ Արտակ Շաբոյանի կինն անցած տարվա ընթացքում տրված փոխառություններից ստացել է 648 հազար դրամ եւ 71 հազար 20 դոլարի եկամուտ:

 

ԱՌԱՆՑ ԳԱՐԵՋՐԻ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին գարեջրի արտադրության ծավալները նվազել են 16.4 տոկոսով: Ուշագրավ է այն փաստը, որ անցած տարի նույն ժամանակահատվածում գարեջրի արտադրության ծավալները կտրուկ՝ 78 տոկոսի աճել էր: Փոխարենը կոնյակի արտադրությունը, որը համարվում է Հայաստանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկը, քանի որ արտահանվող հիմնական ապրանքատեսակներից մեկն է, տարեցտարի անկում է ապրում: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կոնյակի արտադրությունը նվազել է 29.2 տոկոսով: Նվազել են նաեւ շամպայնի արտադրության ծավալները՝ 7.4 տոկոսով: Ենթադրվում է, որ կոնյակի եւ գարեջրի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է Ռուսաստանում ստեղծված իրավիճակով, եւ դեպի այդ երկիր արտահանման ծավալների կրճատման հետեւանք է:

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՁԵՎԱԿԱՆ ԶԱՆԳԸ
Երեկ Կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձել է պարզել, թե ինչպես է ստացվում, որ իր բազմաթիվ ազգականներն աշխատում են հենց իր ղեկավարած նախարարությունում: Այլ կերպ ասած՝ ցանկանում էինք պարզել, թե Արտեմ Ասատրյանն ինչու է նախարարությունն ընտանեկան կապալի վերածել, գուցե դա նոր մոտեցում է եւ նպաստում է գերատեսչության արդյունավետության բարձրացմանը, կամ նա այդ կերպ յուրովի պայքար է մղում, որպեսզի Հայաստանում գործազրկության մակարդակը նվազի: Սակայն նախարարը՝ լսելով, թե հարցն ինչի մասին է, պատասխանեց՝ ցտեսություն, եւ հեռախոսը դնելով ականջին՝ շտապեց Կառավարության երրորդ մասնաշենք: Ի դեպ, նախարարը երկար ժամանակ հեռախոսը դրել էր ականջին եւ չէր խոսում: Այսինքն` այդ կերպ փորձում էր պաշտպանվել լրագրողներից:




Լրահոս