ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շուրջ ստեղծված պատմությունը մեկ ամիս անց ստացավ իր հանգուցալուծումը: Ենոքյանն արդարացվել Է, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Իսկ տեղի ունեցածը շատերի համար ՀՀ դատախազության կողմից պատրաստված շոու հիշեցրեց:
Հիմա ամեն ինչի մասին սկզբից
Մայիսի 5-ին հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից օբյեկտիվ քննություն իրականացնելու համար ՀՔԾ ուղարկված քրեական գործով սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը:
Հայտարարվեց, որ 73-ամյա գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գ. Ենոքյանն իր եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի եւ նրա կնոջ հոր` Խաժակ Բադալյանի միջոցով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանից մոտ 8 մլն ԱՄՆ դոլար գումար էր վերցրել` տարադրամի փոխանակման կետը աշխատացնելու համար: Սակայն, երբ եկել էր գումարը վերադարձնելու ժամանակը, ամեն ինչ իրար էր խառնվել: Երբ Կարո Կարապետյանը պահանջել էր իր գումարները եւ չէր ստացել, գործին խառնվել էին իրավապահները, որից հետո էլ Արայիկ Ենոքյանին խարդախության հոդվածով կալանավորել էին: Տպավորությունն այնպիսին էր, որ Ա. Ենոքյանի կալանավորումից հետո այս պատմությունը պետք է ավարտվեր, սակայն ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը չէր դադարել իր գումարը պահանջելուց: Ու երբ նա դիմել էր Խ. Բադալյանին՝ պահանջելով իր գումարը, Խաժակը պատմել էր, որ իրականում Գ. Ենոքյանը չի վերադարձնում գումարը: Ավելին՝ Խ. Բադալյանը Կ. Կարապետյանին պատմել էր, որ Գ. Ենոքյանն իրենց կանչել եւ ասել էր. «Խաժա՛կ, դուք հեռացե՛ք երկրից, ես Կարոյին խփել կտամ, իսկ այդ գումարի պատմությունը կավարտվի»: Նշենք, որ իրավապահների ձեռքում կա անգամ այս խոսքերի ձայնագրությունը: Ու հենց այս փաստերի հիման վրա Գ. Ենոքյանը ձերբակալվեց:
Ստեղծված իրավիճակը իրարանցում առաջացրեց ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների շրջանում: Հաշվի առնելով Գ. Ենոքյանի առողջական վիճակը՝ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում ստորագրահավաք կազմակերպեց՝ Ենոքյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու միջնորդությամբ: Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Գ. Ենոքյանը ստորագրությամբ ազատ արձակվեց:
Չուշացավ նաեւ Գ. Ենոքյանի հայտարարությունը, որ իր ձերբակալումը եւ առաջադրված մեղադրանքն ապօրինի են, եւ իր դեմ սուտ մատնություն կատարելու համար ինքը հանցագործության մասին հրապարակային հաղորդում է ներկայացնում Ազզային անվտանգության ծառայությանը:
Եվ, ահա, այս իրավիճակից 1 ամիս անց Գ. Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանրապես դադարեցվեց հանցակազմի բացակայության հիմքով: Ասել է թե՝ նա արդարացվեց:
Ճիշտը հաղթեց
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ եթե Գ. Ենոքյանն անմեղ է, այդ դեպքում ո՞վ պետք է պատասխան տա պատգամավոր Կարո Կարապետյանից վերցված գումարների համար, ի վերջո, ո՞վ պետք է վերադարձնի պատգամավորի գումարները: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Գոհարիկ Ենոքյանի հետ:
-Տիկի՛ն Ենոքյան, ինչպե՞ս եք տեսնում այս պատմության ելքը: Դուք արդարացվեցիք, իսկ ո՞վ պետք է պատասխան տա:
-Ովքեր իմ վրա շանտաժ են արել:
-Ո՞ւմ նկատի ունեք:
-Կգա ժամանակը, այդ բոլոր գործողությունները կկատարվեն: Նա, ով իմ վրա սուտ շանտաժ արեց, նա պիտի պատասխան տա, թե ինչի համար դա արեց:
-Վստա՞հ եք, որ շանտաժ անողը պատասխանատվության կենթարկվի:
-Չգիտեմ՝ ինչ կլինի, ես իմ անելիքը կանեմ եւ թույլ չեմ տա իմ անվան հետ այսպես վարվեն: Պիտի հասկանային, որ ես այս երկրի համար այնքան բան ունեմ արած: Արդար մարդու վրա այս կատեգորիայի շանտաժ անելը հակա Աստծո բան է:
-Փաստորեն դատախազը եւս այս պատմության մեջ իր մեղքի բաժինն ունի, որ Ձեզ ձերբակալման որոշում էր կայացրել:
-Չափից դուրս մեղավոր է, քանի որ ապօրինի բան արեց:
-Հիմա Դուք արդարացվեցիք, իսկ Կարո Կարապետյանն այդ գումարն ումի՞ց պետք է ստանա:
-Ում տվել է, նրանից էլ պիտի ստանա, նա արդեն ստացել է, պրոստը… չգիտեմ, առաջին օրվանից տեղյակ չեմ այդ թեմայից եւ չեմ էլ ուզում այդ թեմայից խոսել: Ցանկացած ազգի մեջ կլինի մեկը, որ հանցագործություն կանի, բայց բոլորովին մեկ այլ մարդ չպետք է պատասխան տա դրա համար: Այս դեպքում ես չպետք է իմ ցեղի մեջից մեկի կատարած սխալի համար պատասխան տայի: Այս աստիճանի ստոր շանտաժ անելը վարկաբեկեց իրանց, իսկ իմ ռեյտինգը բարձրացրեց, ազգը հասկացավ, որ չի կարելի մարդուն վարկաբեկել:
-Իրականում բոլորի մոտ կարծիք ստեղծվեց, որ Նաիրա Զոհրաբյանը հասավ նրան, որ Ձեզ ազատ արձակեն եւ մի բան էլ արդարացնեն:
-Նաիրա Զոհարաբյանը շատ մեծ գործ է արել եւ ոչ միայն Նաիրա Զոհրաբյանը, այնտեղ ահագին պատգամավորներ կային, պլյուս «Արդյունաբերողների միությունը»: Շատ-շատ մարդիկ են աջակցել, նրանք հավատացել են իմ անմեղությանը: Եթե մի բան գտնեին, կդատեին, բայց դա օդ էր, սուտ, շանտաժ:
-Այս պատմության մեջ անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, որ կարճված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով ուղարկել էր ՀՔԾ, եթե պիտի ազատ արձակեին, արդարացնեին, ապա ում էր պետք այս շոուն:
-Եկեք անուններ չտանք, ինչ-որ պետք է, ես կամաց -կամաց կանեմ: Կարեւորն այն է, որ ճշմարտությունը հաղթեց, ճիշտ է՝ մեր երկիրն այն երկիրը չէ, որ անմեղ մարդիկ նստած չեն, բայց իմ պարագայում ճշմարտությունը հաղթեց:
Աստված կպատժի, Կարոն կստանա:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի հետ` պարզելու, արդյո՞ք ինքն իր տված մոտ 8 մլն ԱՄՆ դոլար գումարը հետ է ստացել, ինչպես հայտարարեց Գ. Ենոքյանը: «Չէ, ես գումար չեմ ստացել, բայց ստանալու եմ, քանի որ դա այն գումարը չէ, որ ինձանից վերցնեն ու չտան: Անպայման ստանալու եմ, բա թողեմ՝ ուտե՞ն: Իմ հալալ քրտինքն ա, չեն կարա ուտեն: Աստված ա պատժելու»:
Ի դեպ, հիշեցնենք, որ երբ Գ. Ենոքյանն ազատ արձակվեց, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ էր եկել: Մի տեսակ ամեն ինչ դանդաղել է, եւ քննչական գործողություն, որպես այդպիսին, չի կատարվում: Քննիչները նույնիսկ տպավորություն ունեին, որ սպասողական իրավիճակ է ձեւավորվել, եւ ինչ-որ մեկի խոսքից հետո նոր պետք է որոշվի գործի ընթացքը: Եւ դատելով ընթացքից, ըստ էության, եղավ այդ զանգը, եւ ՀՀ գլխավոր դատախազի օբյեկտիվ քննություն իրականացնելու համար՝ ՀՔԾ ուղարկված գործը դարձավ չստացված շոու:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՒՄ ԽՂՃԻՆ ՄՆԱՑ 5-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀԸ
Երեկ Աջափնյակ վարչական շրջանում 5-ամյա երեխայի գլուխը մնացել էր Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում, ինչի հետեւանքով երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Ավելի ուշ պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե բազմաբնակարան շենքում, այլ 4-հարկանի առանձնատանը: Ասել է, թե մի մեծահարուստ առանձնատուն է կառուցել եւ որոշել է իր սեփական տանը վերելակ տեղադրել: Իսկ այս դեպքում ով է պատասխանատվություն կրում առանձնատներում տեղադրվող վերելակների անվտանգության համար:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ՏԿԱԻ նախարարության տեխնիկական անվտանգության վերահսկողություն իրականացնող ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն ասել էր, որ առանձնատներում վերելակների գործունեությունը օրենքով չի կարգավորվում: «Որպես կանոն, վերելակների անվտանգության համար իրականացվում են ամենամյա փորձաքննություններ այն հաստատություններում, որոնք հանդիսանում են տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթակա, ինչը մասնավոր բնակարանները չի ներառում»:
Ըստ Լուսինե Հովհաննիսյանի` թեպետ օրենքը այս մասով կանոնակարգում չունի, այդուհանդերձ վերելակ տեղադրող կազմակերպությունները պետք է փորձաքննություններ անցկացնեն: Նրա խոսքով՝ վերելակների տեղադրման լիցենզիա տալիս է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Իսկ ահա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից փոխանցեցին, որ վերելակների շահագործման մասով իրենք որեւէ իրավասություն չունեն:
«Ժողովուրդ»-ը փորձեց վերելակ տեղադրող ընկերություններից պարզել, թե իրենք ինչպիսի պատասխանատվություն են կրում նման դեպքերում: «Եվրոլիֆտ» ընկերության տնօրեն Հունան Ավետիսյանն ասաց, որ իրենք վերելակը միայն տեղադրում են. «Մենք վաճառում ենք վերելակը եւ տանում, տեղադրում ենք, իսկ ահա շահագործման թույլտվությունը տալիս է տեխնիկական անվտանգության վերահսկողություն իրականացնող տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: Դրանից հետո, թե ինչ վիճակում է վերելակը, ինքը՝ տան տերը պիտի անընդհատ ստուգման ենթարկի եւ որոշի, թե ում դիմի ստուգման համար»:
Ավելին՝ ըստ մեր զրուցակցի՝ շատ դեպքերում, երբ առանձնատներում վերելակներ են տեղադրվում, քաղաքացիներն այն չեն գրանցում, քանի որ դրա համար պետք է վճարեն 100.000 դրամ: Նկատենք, որ ինչպես մեքենաներում են տարբեր ընկերություններ գազի բալոն տեղադրում, իսկ հետո դրա ստուգման պրոցեսը չեն վերահսկում, նույնը նաեւ առանձնատներում վերելակների տեդադրման դեպքում է: Ասել է թե՝ այս դաշտը եւս անտերության է մատնված: Իսկ թե ում խղճին մնաց 5-ամյա երեխայի մահը՝ վերելակ տեղադրողի, շահագործման թույլտվություն տվողի, թե այն օգտագործողների, ցույց կտա ժամանակը: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ո՞Ր ՊԱՇՏՈՆՅԱՆ Է ՆԱ
ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` գործով մի պաշտոնյա է անցնում:
Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ դատախազություն՝ քննչական ենթակայության ուղարկելու համար:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել պաշտոնատար անձանցից մեկի անունը, որն անցնում է հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին է, որը Մհերյանի սպանության ժամանակ զբաղեցնում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, մշտապես հայտարարում էր, թե ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ամեն ինչ արել է՝ իր որդու գործը կոծկելու համար:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Ալիկ Սարգսյանը բացառեց իր անունը նոր հարուցված քրեական գործի հետ կապելու տարբերակը: «Որեւիցե մեկը չի կարող այլ փաստարկ ունենալ: Ամեն ինչ արել եմ՝ այս գործը բացահայտելու համար, ինձ համար ծիծաղելի է, որ որեւիցե մեկը կարող է ինձ կասկածել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Անդրադառնալով այն փաստին, որ Կարեն Բաբակեխյանը անցնում է այս գործով, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Բացառում եմ, դա կհերքվի, հնարավոր չէ՝ Բաբակեխյանը առնչություն ունենար, որպեսզի այդ գործը կոծկվեր, կամ այլ բան: Նույն Մհերյանի հայրը ինձ մոտ ընդունելության ժամանակ Բաբակեխյանի գովքն է արել, որ նա լավ է աշխատել, չգիտեմ՝ ինչ եղավ»: