ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ԲՈՂՈՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յունիբանկ»-ի եւ «Հին Էրիվան հոլդինգ»-ի վեճը կրկին կլսվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նոյեմբերի 15-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Յունիբանկ»-ի վերաքննիչ բողոքը եւ որոշել բեկանել առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 24-ին կայացրած վճիռը՝ եւ գործն ուղարկելով նոր քննության:   
Հիշեցնենք գործի նախապատմությունը. «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայց  է ներկայացրել դատարան ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ի, երրորդ անձ` «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի եւ խնդրել դատարանից պարտավորեցնել«Աբգար Հինգերորդ»-ին՝  «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ին վերադարձնել Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող եւ «Յունիբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված գույքը, ինչպես նաեւ Մանվել Տեր-Առաքելյանին արգելել գրավի առարկան հանձնել որեւէ այլ անձի՝ տիրապետման կամ օգտագործման համար, բացառությամբ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի: Այդ հայցը առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Ա. Սուքոյանի, մերժել է:
Հայցվոր «Յունիբանկ»-ի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանը դատարան ներկայացրած հայցադիմումում հայտնել է, որ բանկի եւ «Հին Էրիվան հոլդինգ»-ի (ռեստորանային համալիր, որի տնօրենը Մանվել Տեր-Առաքելյանն է) միջեւ կնքվել է չվերականգնվող վարկային գծի պայմանագիր, համաձայն որի` բանկը վերջինիս տրամադրել է 900.000.000 դրամ գումարի վարկ: Բանկի եւ ընկերության միջեւ 2008թ. մարտի 13-ին կնքվել է չվերականգնվող վարկային գծի երկրորդ՝ թիվ 010-Ի պայմանագիրը, որով բանկն ընկերությանը տրամադրել է 300.000.000  դրամ գումարի վարկ:
Նշված պայմանագրերով նախատեսված հոլդինգի պարտավորությունների կատարման ապահովման համար բանկի եւ Մանվել Տեր-Առաքելյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի հիփքոթեքի պայմանագիր, որի համաձայն` Մ. Տեր-Առաքելյանը հօգուտ բանկի գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող կառույցը: Հայցվորը նշել է, որ գրավատուն՝ ռեստորանի սեփականատերը, պարտավոր է ձեռնպահ մնալ գրավի առարկան գրավադրելուց հետո երրորդ անձի տիրապետմանը հանձնելուց եւ օգտագործելուց՝ առանց տվյալ հարցը գրավառուի հետ համաձայնեցնելու: Բանկի ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ պայմանագրի կնքման պահին գրավի առարկան գտնվել է «Հին Էրիվան հոլդինգ»-ի տիրապետման եւ օգտագործման ներքո, իսկ այժմ այն հանձնվել է «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ին, որը նշված տարածքում իրականացնում է տնտեսական գործունեություն:
Հայցվոր կողմը որպես ապացույց դատարան է ներկայացրել մի քանի ՀԴՄ կտրոններ, որոնք հավաստում են, որ «Հին Էրիվան հոլդինգ»-ի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում «Աբգար Հինգերորդ»-ը: Այսինքն՝ ըստ հայցվորի՝ պատասխանող Մ. Տեր-Առաքելյանը խախտել է պայմանագրային պարտականությունը եւ գրավի առարկան առանց բանկի համաձայնության հանձնել երրորդ անձի տիրապետմանը եւ օգտագործմանը:
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանն ավելացրել է նաեւ, որ ռեստորանային համալիրի լիկվիդային արժեքը գնահատվել է 2.100.000.000 ՀՀ դրամ, իսկ գրավի առարկայի վնասման կամ ոչնչացման արդյունքում ընկերության պարտավորություններն ապահովված չեն լինի, ինչը չի բխում բանկի շահերից:
Պատասխանող Մանվել Տեր-Առաքելյանն էլ դատարանին հայտնել է, որ որեւէ գործողությունների կատարումը արգելելը՝ որպես իրավունքի պաշտպանության միջոց, կարող է կիրառվել, եթե առկա է իրատեսական վտանգ: Ռեստորանի տնօրենը նշել է, որ գրավադրված գույքը չի հանձնել «Աբգար Հինգերորդ»-ին, այլեւ հանձնվել է «Հին Էրիվան հոլդինգ»-ին, ինչը իրավաչափ գործողություն է եւ հայցվորի կողմից չի վիճարկվում: Այսինքն՝ հայցվորի իրավունքները չեն խախտվել:
Պատասխանողը խնդրել է հայցապահանջը մերժել: «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ն եւս հայտնել է, որ գրավադրված գույքը գտնվում է «Հին Էրիվան»-ի տիրապետման ներքո, ուստի ներկայացված պահանջն առարկայազուրկ է, քանի որ դատարանը պաշտպանության օբյեկտ չունի: Վերոգրյալի հիման վրա «Աբգար Հինգերորդ»-ը եւս խնդրել է հայցապահանջը մերժել:
Առաջին ատյանի դատարանն էլ գտել է, որ ՀԴՄ կտրոնները բավարար հիմք չեն՝ գալու այն եզրահանգմանը, որ պատասխանող ընկերությունը խնդրո առարկա տարածքում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն՝ օգտագործում է որպես ռեստորանային համալիր, քանի որ այդ ՀԴՄ կտրոններում առկա չէ որեւէ նշում, որը կհավաստեր պատճառահետեւանքային կապը «Աբգար Հինգերորդ» ընկերության եւ ռեստորանային համալիրի միջեւ: Ավելին, ՀԴՄ կտրոններից մեկի վրա նշված է «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի անունը:
Հիշեցնենք, որ հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն ավելի վաղ ԶԼՄ-ների հետ զրույցներում կանխատեսել էր, որ «Յունիբանկ»-ն իր բիզնեսը, շենքը խլելու նպատակ ունի, քանի որ հրաժարվում է որեւէ հաշտության գնալ եւ անգամ պարտքի գումարը մարելու՝ հոլդինգի սեփականատիրոջ ցանկությունը մերժում է:
Շուտով կիմանանք, թե որքանով են իրատեսական Մանվել Տեր-Առաքելյանի կանխատեսումները:  

 ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս