Թուրքիայի ղեկավարությունը կիսում է հանցագործության բեռը Թալեաթի, Էնվերի և Քեմալի հետ մեկտեղ. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հաշված օրեր անց իր աշխատանքները կավարտի ԱԺ հերթական նստաշրջանը, որը հագեցած էր իրադարձություններով: Բնական է, որ Հայոց ցեղասպանության  100–րդ տարելիցին մենք՝ հայոց խորհրդարանի ներկայացուցիչներս, չէինք կարող անմասն մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Մասնավորապես, մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց պատմական հայտարարություն՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը. դրանով իսկ վերահաստատվեց, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ բոլոր ցեղասպանությունների արդար դատապարտման ջահակիրներ ենք:

Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ մենք արդեն հետամուտ ենք եղել ձեւավորել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղապանության» միջազգային հարթակ, որի նպատակն է համախմբելով տարբեր երկրների խորհրդարանականների ներուժը՝ պայքարել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ: Ավելին՝ Հայաստանի ԱԺ պատգամավորների ջանքերով եվրոպական մի շարք երկրներում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշներ:

Հարկ է նշել, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը, ժխտելով թե՛ Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ թե քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանությունը, կիսում է հանցագործության բեռը Թալեաթի, Էնվերի եւ Քեմալի հետ մեկտեղ: Ավելին՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարն իր պետությանը սպառնացող վտանգների շարքում առանձնացնում է  նաեւ հայությանը: Սա հայաֆոբիայի եւ նացիզմի դասական օրինակ է: Մեր ուղերձն է աշխարհի խորհրդարանականներին՝ պետք է բացառել նոր թալեաթների, նոր էնվերների, նոր քեմալների եւ ի վերջո նոր հիտլերների ծնունդը:

Այսօր Թուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները,  Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ մխրճվելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք.

Առաջին, Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում,

Երկրորդ, հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա,

Երրորդ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա,

Չորրորդ, Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի»,- նշեց նա:




Լրահոս