ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ԱԺ լիագումար նիստում՝  կիսադատարկ դահլիճում՝ ընթանում էին 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, երկրի բարձրագույն ղեկավարությունը մեկնեց արձակուրդ: Ու եթե Սերժ Սարգսյանի այս տարաժամ արձակուրդը կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ, ի վերջո նրա նախորդ կարճատեւ արձակուրդը օգոստոսին, ինչպես հիշում ենք, «հարամել էր»  Պուտինը` Սարգսյանին շտապ Մոսկվա հրավիրելով եւ նրանից Եվրասիական միությանն անդամակցելու խոստումներ  պահանջելով, ապա Հովիկ Աբրահամյանի այս  անսպասելի արձակուրդը  տարակուսանքի տեղիք է տալիս: Եթե Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայությունը պետության համար կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի քննարկման օրերին այդքան էլ  տեսանելի եւ էական չէ, ապա նույնը չի կարելի ասել Ազգային Ժողովի նախագահի մասին: Ստացվում է, որ Աբրահամյանը որոշում է լքել աշխատավայրն ու մեկնել արձակուրդ իր ղեկավարած կառույցի համար ամենակարեւոր  փուլերից մեկում` բյուջեի հաստատումից առաջ: Մի կողմ դնելով այդ արձակուրդի իրական շարժառիթները (իսկ մենք ավելի քան վստահ ենք, որ դրանք շատ ավելի խորն են, քան պարզապես Մոնտե Կառլոյի որոշ հաստատություններ այցելելու  Աբրահամյանի ցանկությունը), ապա ստացվում է, որ այս օրերին երկրի նախագահի եւ Ազգային Ժողովի նախագահի համար կան շատ ավելի կարեւոր հարցեր, քան պետական  բյուջեի հաստատումն է: Կարծում ենք՝ որեւէ մեկը չի կասկածում, որ այդ երկու գործիչների համաժամանակյա արձակուրդը զուգադիպություն չէ, ինչպես որ դժվար թե զուգադիպություն լինի նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկնումը Մոսկվա, ապա անհայտ ուղղությամբ: Նախընտրական այս փուլում, ինչ խոսք, նրանք հաստատ կունենան համատեղ քննարկելու թեմաներ: Սակայն այստեղ մտահոգիչը ոչ այնքան նրանց հավանական հանդիպումն է ու քննարկվող հարցերը, որքան  երկրի ղեկավարության վերաբերմունքը ԱԺ-ի եւ կառավարության հանդեպ:Մտահոգիչն այն հանգստությունն է, որով Հ. Աբրահամյանն ամեն ինչ վստահել է Էդուարդ Շարմազանովին ու Հերմինե Բիշարյանին եւ մեկնել արտերկիր` վստահ լինելով, որ ԱԺ-ում իրենց տհաճ անակնկալներ չեն սպասում: Քանզի որքան էլ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը միահամուռ կերպով հայտարարեն, որ իրենք դեմ են քվեարկելու 2013-ի խղճուկ բյուջեին, միեւնույն է, Ս. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը ԱԺ դակիչ կնիքը իրենց գրպանում են դրել մայիսի 6-ի ընտրությունների կեղծմամբ: Եվ հիմա կարող են իրենց թույլ տալ հանգիստ արտերկրներում ֆռֆռալ, միեւնույն է` ամեն ինչ իր հունով կգնա: Եվ անկախ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի կամ ՀՅԴ-ի հանդեպ ունեցած քաղաքական համակրանքից կամ հակակրանքից,  արժե ողջունել նրանց համախմբվելու քայլերն  ու նաեւ ՀԱԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը. եթե չեն էլ կարող քվորում ապահովել` հավաքելով 66 ձայն, ապա գոնե Աբրահամյանի ու Սարգսյանի արձակուրդը փոքր-ինչ կփչացնեն:




Լրահոս